«Հայաստանում կադրային կոլապս է»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը` անդրադառնալով վերջին շրջանի հրաժարականներին եւ իշխանական համակարգում կատարված տեղաշարժերին: «Եթե կոալիցիան կարողանա կադրային փոփոխություններով երկրում տիրող վիճակը բարելավել, ապա դա կաշխատի հօգուտ իրենց եւ կբարձրացնի կոալիցիայի վարկանիշը»,- ասել է Պողոսյանը` ներկայացնելով իր կազմակերպության կատարած վերջին սոցհարցման տվյալները: Ավանդաբար իշխանական տեսակետներ արտահայտող Գ. Պողոսյանը մի քանի «արդյունքներ» է հրապարակել, որոնց վրա ամենայն հավանականությամբ առաջիկայում կկառուցվի իշխանական քարոզչությունը։ Դրանցից մեկի համաձայն, Հայաստանից մարդկանց արտագաղթի հիմնական պատճառը Ղարաբաղյան պատերազմի վերսկսման վտանգն է: Բացառված չէ, որ այս թեզը իշխանությունները փորձեն հակադրել օրեցօր ակտիվացող սոցիալական դժգոհությանը` մարդկանց բողոքի գործողությունները որակելով որպես «թշնամու ջրաղացին ջուր լցնելու» փորձ: