Խողովակաշարի շուրջ

01/02/2011

Իրանի նավթի նախարար Մասուդ Միրքազեմին անցած շաբաթ օրը Թեհրանում Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ հայաստանցի իր պաշտոնակցի հետ համաձայնության են եկել Իրանն ու Հայաստանը կապող` նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի կառուցման հարցում: Նա ասել է, որ նոր խողովակաշարը կսկսվի հյուսիս-արեւմտյան Թավրիզ քաղաքից եւ կհասնի մինչեւ Հայաստանի հետ սահմանը, ինչը Հայաստանին հնարավորություն կտա բավարարել իր նավթային պահանջների մի մասը: Միրքեզամին չի հայտնել պայմանավորվածության մանրամասները` նշելով միայն, որ նավթամթերքների արտահանման ծավալներն ու գները կորոշվեն առաջիկայում: Հայաստանի էներգետիկայի նախարարությունից այս պայմանավորվածության մասին դեռեւս ոչինչ չեն հաղորդել, քանի որ սպասում են Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակության վերադարձին: