Մենք գիտենք, բայց մեզ միշտ հիշեցնում են, որ մեր երկիրը կոռումպացված է։ Երեւի արդեն լսել եք, որ Հայաստանը «Transparency International» կազմակերպության 2005թ. «Կոռուպցիայի ընկալման» ինդեքսում կիսում է 88-րդ հորիզոնականը եւս 8 երկրների հետ, որոնց թվում են Բենինը, Գաբոնը, Տանզանիան, Մալին։ Մխիթարվել կարող ենք միայն այն փաստով, որ մեր հարեւանների համեմատ գտնվում ենք ավելի բարենպաստ վիճակում (Վրաստանը 130-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 137)։
Վերջերս էլ մեզ այդ մասին հիշեցրեց վաշինգտոնաբնակ միջազգային կապերի մասնագետ Ռիչարդ Գիրագոսյանը. «Հայաստանին ամենամեծ վտանգը սպառնում է ոչ թե դրսից, ասենք, օրինակ Թուրքիայից, այլ ներսից, եւ դա կոռուպցիան է»։
Երբ արտասահմանցիները խոսում են մեր երկրում առկա կոռուպցիայի մասին, սկսում ես շատ ավելի մռայլ գույներով տեսնել իրականությունը։ Մտածում ես՝ եթե արտասահմանցին, որը մեր 1%-ի չափով էլ չի շփվում պետական չինովնիկների հետ, չի առնչվում կոռուպցիայի դրսեւորումներին, ու, միեւնույն ժամանակ, այսքան վրդովված է, ապա մենք ինչ ասենք… Բոլորի ասածները, հատկապես արտասահմանցիների, ուշադիր լսում ենք, ընդունում, փորձում հետեւություններ անել, թեեւ առանց նրանց ասելու էլ ամեն ինչ էլ տեսնում ենք, ու ամեն ինչ էլ ավելի լավ գիտենք, բայց… կա երկու «բայց», որոնց մասին խոսելն ավելորդ չի լինի։ Առաջինը, երբ սկսում են չափից դուրս շատ խոսել ու խրատել, այն էլ այնպիսի տոնով, որ քիչ է մնում մտածես, թե սրանց հրեշտակի թեւերը ինչո՞ւ չեն երեւում, անկախ քեզնից, ինքնապաշտպանական ռեֆլեքսներդ սկսում են աշխատել։ Եվ ուզում ես ոչ թե արդարանալ (արդարանալու ձեւ չկա), այլ ապացուցել, որ իրենք էլ սուրբ չեն։ Դա իրոք այդպես է, սա ոչ թե ես եմ ասում, այլ ինձանից շատ ավելի խելացի ու փորձառու տնտեսագետներ։
Այսպես, նույն արտասահմանցի գործարարները եւ պաշտոնյաները շատ հաճախ հենց իրենք են նպաստում կոռուպցիայի տարածմանը։ Անցումային շրջանում պետության թուլությունն ուժեղացնում է իր վրա միջազգային կոռուպցիայի ազդեցությունը, հատկապես այն դեպքերում, երբ պոտենցիալ քաղաքական դաշնակիցներին տրվում են ֆինանսական միջոցներ՝ տարբեր տիպի գրանտների եւ վարկերի տեսքով։ Միջազգային բիզնեսը (որոնց մեջքին առանձին դեպքերում կանգնած է հենց պետությունը) օգտագործում է կոռուպցիան՝ որպես շուկա ներթափանցելու եւ այդտեղ իր դիրքերն ամրապնդելու միջոց։ Կոռումպացված իշխանական համակարգն ավելի թույլ է ու կառավարելի, եւ այդ առումով՝ շատ ավելի ձեռնտու է արտասահմանյան գործընկերներին։ Հենց իրենց՝ ամերիկյան մասնագետների պնդմամբ, խոշոր գործարքների կնքման 80 տոկոսի դեպքում դրանք բաժին են ընկել այն միջազգային կազմակերպություններին, որոնք կաշառք են առաջարկել։ Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ շատ երկրների հարկային օրենսդրությունը գործնականում խրախուսում է կաշառատվության գործընթացը՝ դիտարկելով այն՝ որպես արտադրությանն անհրաժեշտ ծախսումներ։ Ասվածի ապացույց է հանդիսանում հետեւյալ փաստը. Ֆրանսիայում երկար տարիներ ընկերություններին թույլատրվում էր «առեւտրային հեռանկարի ծախսեր» անվան տակ գումարներ դուրս գրել, որոնք իրականում նախատեսված էին արտասահմանյան քաղաքական գործիչներին, չինովնիկներին կամ այլ պատասխանատու անձանց կաշառելու համար։ Այս բանն օրենսդրորեն արգելվեց միայն 1999թ.։ Հիշեցնեմ, որ ֆրանսիական «Պեռնո Ռիկարի» հետ հայկական կոնյակի գործարքը կնքվել էր մինչ այդ որոշման ընդունումը։ Սա՝ հենց այնպես, ի գիտություն։
Հիմնավորումները շատ են, սակայն կսահմանափակվենք այսքանով։ Այնպես որ, մենք էլ ծանոթ ենք կոռուպցիային, դրա վնասներին (ընդ որում, ավելի մոտիկից), կոռուպցիայի վերաբերյալ բազում աշխատություններին ու ուսումնասիրություններին։ Օրինակ, գիտենք, որ ամերիկացի մասնագետների հաշվարկներով, եթե երկրի կոռուպցիայի մակարդակը իջեցվի Մեքսիկայի մակարդակից Սինգապուրի մակարդակին, ապա հարկային մուտքերը կավելանան 20 տոկոսով։ Կիրառելով այդ հաշվարկները Հայաստանի վրա, մասնագետները գտնում են, որ կոռուպցիայից մեր երկրի ամենամյա վնասները կազմում են ավելի քան 60 մլրդ դրամ։ Բայց դրանում մեղքի իրենց բաժինն ունեն (թեկուզ փոքր) որոշ արտասահմանցիներ կամ արտասահմանյան կազմակերպություններ։ Իսկ երկրորդ բայցի մասին, որը պակաս կարեւոր չէ, բոլորը մոռանում են… Դա այն է, որ մենք հայ ենք, իսկ հայերը յուրահատուկ են, ոչ ոքի նման չեն, չէ՞ որ «մեր ջուրն ուրիշ ջրեն է»… Երբեւէ մտածե՞լ եք, եթե մեր երկրում կոռուպցիան արմատախիլ արվի (ընդհանրապես, կոռուպցիայի մասին խոսելիս, չգիտես ինչու, բոլորը սիրում են օգտագործել «արմատախիլ անել» արտահայտությունը՝ մոռանալով, որ դրա արմատները շատ խորն են եւ դուրս քաշել չի լինի), մեր ժողովուրդը որքանո՞վ գոհ կլինի։ Ասենք, որքանո՞վ գոհ կլինեն դիմորդների ծնողները, երբ չկարողանան «ընդհանուր հայտարարի գալ» ընդունող հանձնաժողովի հետ, ուսանողները, երբ չհաջողվի փողով կամ «պատիվ տալով» լուծել քննության հարցերը, կամ գործարարները, եթե չկարողանան լեզու գտնել հարկային կամ մաքսային տեսուչների հետ, եւ վերջապես ամենապարզ օրինակը՝ վարորդները, արդյո՞ք նրանք գոհ կլինեն, եթե ամեն մի խախտման համար նրանց վրա «ակտ» գրեն կամ տանեն տուգանային հրապարակ։ Ցուցակը կարելի է անվերջ շարունակել։ Հարցն այն չէ՝ դա լա՞վ է, թե՞ վատ, օրինակա՞ն է, թե՞ ոչ։ Պարզապես նայեք, թե դժգոհողների թիվը որքան մեծ կլինի։ Միգուցե կասեք՝ դժգոհողներ միշտ էլ կլինեն, առավել եւս հայերի մեջ, սակայն հավատացնում եմ, որ բոլորս էլ դժգոհելու առիթ կունենանք, բոլորիս էլ այս վիճակը որոշ չափով ձեռնտու է, ու ոչ մեկս էլ սովոր չենք փողոցն անցնելու համար մի 50 մետր ներքեւ քայլել, մինչեւ դրա համար նախատեսված վայրը։
Եվ ընդհանրապես, մեզանում որեւէ չինովնիկի հետ լեզու գտնելու ունակությունը շատ կարեւոր հանգամանք է, հակառակ դեպքում՝ կարող են անվանել «անբաշար»։
Սա է իրականությունը։ Արտասահմանյան մասնագետների մշակած ստանդարտ ծրագրերը մեզ մոտ չեն աշխատի. մեզ առանձնահատուկ մոտեցում է պետք։ Իսկ երբ մերոնք են խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, հիշում ես «շպիոն Օնիկի» անեկդոտը. ախր հակառակի նման շատ քիչ ենք, ու ամեն մեկս մյուսի մասին ամեն ինչ գիտի։ Անկախ նրանից՝ ում անունով են գրանցում առանձնատները ու մեքենաները, բոլորին էլ հայտնի է, թե իրականում ով է դրանց «արդար քրտինքով վաստակած» տերը։ Է բռնեք, ո՞վ է ձեզ խանգարում։
Մի խոսքով, ինչքան էլ խոսեն տեղացի ու արտասահմանյան մասնագետները, ինչքան էլ ծրագրեր մշակեն ու գումարներ հատկացնեն այդ ուղղությամբ, միեւնույն է, օգուտ չկա, եկեք ընդունենք, որ առանց կոռուպցիայի մենք դեռ ի վիճակի չենք ապրել, անգամ նոր սահմանադրության առկայությամբ։ Այնպես որ, այդ երեւույթից կազատվենք, երբ դրան իսկապես պատրաստ կլինենք ու կցանկանանք…