Ահաբեկչության վտանգ

01/02/2011

ԱՄՆ Պետքարտուղարությունը զգուշացրել է ամերիկացիներին Ադրբեջանում «արեւմտյան թիրախների» նկատմամբ ահաբեկչական վտանգի մասին` կոչ անելով նրանց զգոն լինել այդ երկրում գտնվելու ժամանակ: «Ադրբեջանում կա ահաբեկչական հարձակման իրական վտանգ, այդ թվում` «ամերիկյան շահերի դեմ»»,- նշված է շաբաթ օրը Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ, որում, սակայն, նշված չէ, թե խոսքն ինչ բնույթի թիրախների մասին է, եւ ովքեր են կանգնած դրա հետեւում: Նույնաբովանդակ հայտարարություն է արել նաեւ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն: Հայտնի է, որ Ադրբեջանում արեւմտյան, այդ թվում` ամերիկյան կազմակերպությունները գործում են հիմնականում նավթագազային ոլորտում, եւ ահաբեկչության վտանգի մասին տեղեկությունները կարող են կապված լինել նրանց պատկանող կառույցների հետ: Նշենք, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը ըստ էության հաստատել է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքի առկայությունը: