Երեկ ՀՀ Կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անցկացնում Երեւանի թիվ 18 հատուկ դպրոցի աշխատակիցներն ու սաները: Նրանք բողոքում էին Կառավարության որոշման դեմ, ըստ որի՝ թիվ 18 դպրոցը միանալու է «Փոքր Մհեր» կրթահամալիրին: Հիշեցնենք, որ թիվ 18 դպրոցը գտնվում է Սովետաշենում: Այնտեղ սովորում են դժվար դաստիարակվող եւ վարքային շեղում ունեցող 85 երեխաներ: Դպրոցի 19 ուսուցիչները մտահոգվում են սաների ճակատագրով, որոնց մեծ մասը, ըստ նրանց, չեն համապատասխանում կրթահամալիրի չափանիշներին: Երեկ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունից փորձեցինք պարզել, թե ինչ ճակատագիր են ունենալու թիվ 18 դպրոցի ուսուցիչներն ու սաները: «Այդ դպրոցում սովորում են հիմնականում սոցիալապես անապահով երեխաներ, որոնք հնարավորություն կունենան սովորելու «Փոքր Մհեր»-ում՝ ստանալով նաեւ ռազմամարզական կրթություն: Այն երեխաները, որոնք կցանկանան շարունակել իրենց կրթությունն այդտեղ, կարող են շարունակել, իսկ այն երեխաները, ովքեր չեն կարող, կտեղափոխվեն հանրակրթական դպրոցներ: Այդտեղ եւս խնդիր չունենք, քանի որ սոցիալապես անապահով երեխաների համար Սոցիալական նախարարության հետ համատեղ ունեինք ծրագիր, երբ ստեղծվեցին խնամքի կենտրոններ: Այն երեխաները, որոնք սոցիալապես խիստ անապահով են եւ, հնարավոր չէ, որ ընտանիքում ապրեն, ապրում են խնամքի կենտրոններում եւ գնում են հանրակրթական դպրոցներ,- ասաց ՀՀ ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` ավելացնելով,- Տարիներ շարունակ այդ դպրոցը կոչվել է հակասոցիալական վարք ունեցող երեխաների դպրոց: Սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդպիսի երեխաների թիվը շատ չնչին է այդ դպրոցում, եւ ավելի նպատակահարմար է, որ այն դառնա ռազմամարզական թեքումով դպրոց: Եվ պետք է նշեմ, որ հանձին այդ դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանի, բավականին լավ աշխատանք է տարվում ռազմամարզական ուղղությամբ: Այնպես որ, այդ առումով մթնոլորտը ստեղծված է»: Ինչ վերաբերում է դպրոցի ուսուցիչների հետագա աշխատանքին, ԿԳՆ-ում նշեցին, որ բոլոր աշխատակիցներն էլ կտեղավորվեն այլ կրթական հաստատություններում: