Իշխանության միասնականությունը խախտվել է

01/02/2011 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Ձեր կուսակցությունում կատարված վերջին փոփոխությունները պայմանավորված էին միայն նախընտրական ակտիվությա՞մբ, թե՞ կային նաեւ այլ դրդապատճառներ:

– Երբ մեր երկիրը համայնավարական ԽՍՀՄ-ի մաս կազմելուց՝ դառնում էր անկախ պետություն, բնականաբար անցնելով շուկայական հարաբերությունների, առաջին շրջանում մեզ մոտ, ինչպես նաեւ աշխարհի գրեթե բոլոր երկրներում, կապիտալի նախասկզբնական կուտակման փուլում` վայրի կապիտալիզմ էր կառուցվում: Ցավոք մինչ օրս դուրս չենք եկել վայրի կապիտալիզմի ճիրաններից. եթե անգամ այդ վայրենի հարաբերությունները կանոնակարգվել են: Գաղտնիք չէ, որ լիբերալիզմն ընկալվում էր որպես կոսմոպոլիտ գաղափարախոսություն, որ կարեւորը մարդն է, նրա իրավունքներն ու ազատությունները, նրա շահերը, որ բիզնեսը չի ճանաչում ազգություն, դավանանք ու սահմաններ: Ոչ ոք չի առարկում, որ կարեւորը մարդն է, բայց եւ ինչպիսի գաղափարախոսություն էլ կյանքի կոչես, անգամ ամենաազատականը, միեւնույն է, այն չի կարող գերակա լինել ազգիդ ու պետությանդ շահերից: Մենք ցեղասպանություն տեսած երկիր ենք, արտագաղթը մեզանում ահագնացող չափերի է հասել, գտնվում ենք բարդ տարածաշրջանում, ուստի մեզ համար Հայաստան պետության ու հայ ժողովրդի շահերը անվերապահորեն գերակա են: Ահա սա չէին հասկանում մեր այն ժամանակվա լիբերալները, երբ ասում էին` ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Ի՞նչ է, պարտադիր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժա՞մ էր պետք, որպեսզի մեզ մոտ էլ հասկանային այն, ինչն արդեն աշխարհն է ընդունում` այն, ինչ շուրջ մեկ հարյուրամյակ ասում է Ռամկավար ազատական կուսակցությունը, որ ազգայինն ու ազատականը համադրվում են, ոչ թե հակադրվում: Այժմ մենք լուրջ անելիքներ ունենք, եթե չասեմ, որպես ավանդական կուսակցություն, նաեւ առաքելություն` հանրությանը ներկայացնել մեր ծրագրերն ու գաղափարները, ստանալ նրա աջակցությունը, գալ իշխանության ու կյանքի կոչել դրանք:

– Իսկ ընտրություններին մասնակցելո՞ւ եք, թե՞ ոչ:

– Մենք 2011-ին խնդիր ունենք հզորացնել կուսակցությունը, իսկ 2012-ի սկզբին արտահերթ համագումար կանենք, կգնահատենք մեր ուժերը եւ կորոշենք՝ միայնա՞կ ենք գնում խորհրդարանական ընտրությունների, թե՞ նախընտրական այլ ձեւաչափ կընտրենք: Դա կախված կլինի նրանից, թե ինչպիսի հնարավորություններով կմտնենք 2012թ.:

– Մի քանի տարի առաջ ՀՌԱԿ-ը նախաձեռնել էր կուսակցությունների միավորման գործընթաց, այն, ինչ այսօր փորձում է անել ԲՀԿ-ն: Սակայն ԲՀԿ-ի շուրջ կատարվող գործընթացներն ավելի մեծ արձագանք են ստանում:

– Այո՛, մի քանի տարի առաջ ՀՌԱԿ-ին միացան 3 կուսակցություններ: Բայց չմոռանանք, որ մեզնից առաջ էլ են նման դեպքեր եղել, թեպետ հատուկենտ ու ոչ այդքան մեծ ծավալի: 2003-ին Գագիկ Ասլանյանի ղեկավարած ԺԴԿ-ն միացավ ՕԵԿ-ին, 2002-ին «21-րդ դար» կուսակցությունն ինքնալուծարվեց, իսկ Դավիթ Շահնազարյանը կուսակիցներին կոչ արեց հետեւել իր օրինակին ու մտնել ՀՀՇ: Ցավոք, պրն Շահնազարյանի այդ քայլն ըստ արժանվույն չգնահատվեց, այլապես մինչ օրս դա շարունակություն կունենար Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող աջ դաշտի կուսակցությունների մոտ: Ի դեպ, Դավիթ Շահնազարյանը պակաս ամբիցիոզ լիդեր չէր, ու նա այդ քայլն արեց ՀՀՇ-ի ամենածանր ժամանակներում` երբ անգամ հհշ-ական ասելը՝ դարձել էր հավասարազոր հայհոյանքի: Պետք է անկեղծորեն փաստեմ, որ մեր դեպքում, 4 կուսակցություններով, այդ աննախադեպ համախմբմանը ավելի մեծ հետաքրքրություն հաղորդեց նաեւ Սամվել Բաբայանի նախաձեռնողականությունը: Իսկ ԲՀԿ-ի դեպքում, բնական է, որ հանրային հետաքրքրությունն ավելի մեծ էր լինելու, անկախ նրանից, թե միացող կուսակցություններն ինչպիսի կշիռ ունեն: Չէ՞ որ ԲՀԿ-ն իր ազդեցությամբ մեր քաղաքական դաշտի 2-րդ ուժն է եւ անթաքույց հավակնություններ ունի 1-ինը դառնալու, իսկ մեր հասարակության մեջ, կարծում եմ` շատ-շատերն են ուզում, որ դա տեղի ունենա` լինեն դրանք պարզ անհատներ, թե քաղաքական ուժեր կամ էլ ազդեցիկ դեմքեր:

– Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում ԲՀԿ-ն՝ կշիռ ու վարկանիշ չունեցող նման փոքր կուսակցություններին իր կազմում ընդգրկելով, ինչո՞վ է պայմանավորված ԲՀԿ առաջնորդի նման ջերմ վերաբերմունքը:

– Հյուրընկալ հզոր կողմը հենց այդպես էլ պիտի վարվի: Իսկ ինչի՞ է նման Սերժ Սարգսյանի հյուրընկալությունը, երբ մեր երկրում բավական մեծ հեղինակություն ու հանրային ազդեցություն ունեցող գործիչներից մեկին հաճախորդ անվանեց, մյուսին` դհոլ, երրորդին` իդիոտ, իսկ դրանից հետո հավաքեց նրանց իր կողքին: Երեւի նրա մեջ այդ պահին արթնանում է բիզնեսմենի ազարտը եւ փորձում է դիմացինին հեղինակազրկել, արժեզրկել ու էժանով առնել, բայց տեսեք, թե նրա վրա որքան թանկ են նստում այդ էժան ձեռքբերումները: Հայտնի արտահայտություն կա` ժլատը երկու անգամ է վճարում: Իսկ քաղաքականության մեջ ժլատը կարող է վճարել ընդհուպ սեփական պաշտոնով` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Հիմա զարմանում են, թե ինչու հասարակության մոտ հակառակ էֆեկտն է ունենում, երբ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը գովաբանում են արբանյակ կուսակցությունների լիդերները: Իսկ ի՞նչ կարծիք պետք է ունենա ժողովուրդը գովողի ու գովասանքի օբյեկտի մասին, երբ մեկին դհոլ ես անվանում, իսկ նա դրանից հետո սկսում է քեզ գովաբանել, եւ դու էլ ցույց ես տալիս, թե դա քեզ դուր է գալիս: Այնպես որ, թիվ մեկ քաղաքական ուԺը` ՀՀԿ-ն, պետք է ինքը նախաձեռնող դառնա իրեն սատարող կուսակցությունների խոշորացման գործում ու կենտրոնամետներին միավորի ՀՀԿ-ի հետ, աջերին` իրար հետ, իսկ ձախերին` իրար, իսկ առաջիկա ընտրություններին հանդես գա մեկ կուսակցությամբ ու մեկ նախընտրական դաշինքով: Թիվ մեկը պետք է քաղաքական դաշտին տեմպ հաղորդի, այլ ոչ թե գնա իրադարձությունների հետեւից ու ցուցադրական հանգստությամբ, բայց եւ ակնհայտ հիվանդագին արձագանքի ամեն մի կատարվածին:

– Իսկ Հայաստանին չի՞ սպառնում այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Թունիսում, Եգիպտոսում, Եմենում:

– Մեզ մոտ կարող է նման իրավիճակ առաջանալ միանգամայն այլ դրդապատճառներով: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը ժամանակին ցանկացավ նրբորեն տարանջատվել նախընտրական ու հետընտրական անօրինականություններից՝ ընդհանրապես, եւ Մարտի 1-ից՝ մասնավորապես` դրանք ուրիշների միջոցով հրապարակայնորեն բարդելով Ռոբերտ Քոչարյանի վրա: Դա, իհարկե, էֆեկտ ունեցավ, բայց խիստ կարճաժամկետ: Քանի որ հետագան ցույց տվեց, որ նա բարեփոխիչ չէ, եւ երկրում դեռեւս ոչինչ չի բարելավվել, եթե չասենք` վիճակն ավելի է վատացել, այնպես որ, տարանջատվել նախորդից չստացվեց, փոխարենը՝ ձեռք բերեց անհուսալի գործընկերոջ համբավ: Այսինքն՝ հասարակության վստահությունը նա ի սկզբանե չէր վայելում, իսկ իր աշխատանքով ոչ միայն չարժանացավ այդ վստահությանը, այլեւ անվստահությունն ավելի խորացրեց: Դրանով իսկ՝ իր վիճակն ավելի վատացնելով, քանի որ իշխանությունը պահելու երկու ձեւ կա` կա՛մ ժողովրդի ուժով, կամ էլ իշխանական վարչական մեքենայի: Մինչդեռ ժողովուրդը հասկացավ, որ Նախագահը համարձակություն չունի ժողովրդի վրա կրակելու, իսկ «խփող տղերքի» հրապարակային համբավ ունեցողները նրա կողքին չեն: Դրան զուգահեռ` հասարակությունը գորշ կարդինալային ոճում տեղավորվող «մուզմուզ» խփողներից չի վախենում. նրանք վտանգ են իշխանական ու քաղաքական էլիտայի ներկայացուցիչների համար, ոչ թե` ժողովրդի: Այսինքն՝ ժողովրդի դժգոհության աճին զուգահեռ՝ նվազել է իշխանության ուժային ռեսուրսը եւ խախտվել միասնականությունը: Արդյունքում, այս 20 տարվա մեջ ով ում պարտվել է, «ինադը» Սերժ Սարգսյանից է հանելու, քանի որ շանսը հիմա է առաջացել: Ընտրությունները սարերի հետեւում չեն, իսկ արաբական երկրների` ամենաանհավանական տեղերում հաջողության հասնելու առարկայական օրինակներն էլ՝ աչքներիս առաջ: Այնպես որ, Սերժ Սարգսյանն ուղղակի պարտադրված է այս վճռորոշ տարում գնալ արմատական բարեփոխումների: Իսկ դա անել առանց թիմը բարելավելու ու վերանայելու գործընկերային հարաբերությունները` պարզապես անհնարին է: