«168 Ժամի» նախորդ համարներից մեկում տպագրված «Գյուղապետը նաեւ վաճառել է ջրվեժը» հրապարակումը վերաբերում էր Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում կառուցվելիք հիդրոկայանին: Հիշեցնենք, որ գյուղացիները խմբագրություն էին այցելել եւ ահազանգել, որ գյուղապետ Հրայր Յաղուբյանը համայնքային սեփականություն հանդիսացող հեկտարներով հողատարածքները վաճառել է ոմն մեծահարուստ Ռոբերտ Օհանյանի եւ «Գլենդել Հիլզ» ընկերությանը: Նաեւ տեղեկություն կար, որ այնտեղ հիդրոկայան է կառուցվելու, ինչը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատել էր նաեւ գյուղապետը: Նշել էինք, որ «Թռչկան» ջրվեժի հարակից տարածքի սեփականատերը (անուն կամ կազմակերպության անուն չէինք նշել) պատրաստվում է հիդրոկայան կառուցել: Գյուղացիները պնդում էին, որ պատրաստ են նույնիսկ տեղեկություններ տրամադրել այս հարցով շահագրգիռ պետական պաշտոնյաներին, եւ վստահեցնում էին, որ այդ տեղեկությունն իրենց գյուղապետարանից գաղտնի է տրամադրվել: Երեկ «Գլենդել Հիլզ» ՓԲԸ Հանրության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության աշխատակիցը մի տեքստ էր ուղարկել, որով հերքում է պահանջում` համարելով, որ գյուղացիների տրամադրած տեղեկատվությունը կարող էր վնասել «Գլենդել Հիլզի» բարի համբավը: Ավելին, այդ աշխատակիցը չէր զլացել եւ իրեն իրավունք էր վերապահել մեր անունից նույնիսկ իրենցից եւ ընկերության հաճախորդներից եւ աշխատակիցներից ներողություն հայցող տեքստ շարադրել` հոխորտալով` չտպագրելու դեպքում դատի տալ: Թերեւս տեղին է «Գլենդել Հիլզի» աշխատակցին հիշեցնել ընկերության «բարի» համբավի մասին: 2009թ. դեկտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու եւ Շիրակի մարզերում` 1988թ. երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանների կառուցման ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով իր այցի ընթացքում խիստ դժգոհություն էր հայտնել «Գլենդել Հիլզից»` Գյումրիի Մուշ-2 թաղամասում նորակառույց շենքերի բնակարանային պայմաններին, կատարված ներքին հարդարման աշխատանքներին ծանոթանալիս: Նախագահն անմիջապես չնախատեսված խորհրդակցություն էր անցկացրել մարզպետարանում, դժգոհել կատարված ներքին շինարարական աշխատանքների որակից եւ «Գլենդել Հիլզին» հանձնարարել էր թերություններն արագ վերացնել: Հասարակական կազմակերպությունները բազմիցս ահազանգել են Աղետի գոտին կառուցապատող «Գլենդել Հիլզի» աշխատանքների մասին: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի` նշյալ այցի ընթացքում Ս. Սարգսյանն ասել էր, որ շենքերի ներքին հարդարման աշխատանքներում զգալի եւ անթույլատրելի թերություններ կան: Երկրի ղեկավարը նաեւ նշել էր, որ պետք է լուծվեն բոլոր բնակարանների ջեռուցման, գազիֆիկացման, սալիկապատման եւ սալօջախների տեղադրման հարցերը: «Գլենդել Հիլզի» նամակագիր աշխատակցին նաեւ հիշեցնենք 2010թ. հուլիսին Գյումրիի բնակիչների կողմից գրված բաց նամակի մասին` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով ահազանգում էին «Գլենդել Հիլզի» կառուցած շենքերի շինարարական եւ որակական թերացումների մասին: Ի դեպ, գյումրեցիները «Գլենդել Հիլզի» կառուցած թաղամասի անունը կնքել են «Չորրորդ գերեզմանոց», իսկ բնակարանները` եվրոդագաղներ: Այնպես որ, եթե այս ընկերության ներկայացուցիչը ցանկանում է մեր թերթի միջոցով «Գլենդել Հիլզի» բարի համբավը վերականգնել, ապա նշենք, որ այն «վարկաբեկվում է» աղետի գոտու ամեն երկրորդ բնակչի կողմից` ինչպես պետական ատյաններին ուղղված դիմում-նամակներով, այնպես էլ` լրատվամիջոցներին ուղղված բողոք-նամակներով: Մենք այդ դժգոհությունները պարբերաբար լուսաբանում ենք եւ կփորձենք ավելի հաճախ տպագրել` ընկերությանը հնարավորություն տալով պատկերացում կազմել, թե ինչ հեղինակություն է վայելում այն մեր հասարակության մեջ: Ինչեւէ, վերադառնալով նամակ-պատասխանին, նշվում է, որ «Գլենդել Հիլզը» առեւտրային գործունեություն չի իրականացնում Մեծ Պարնիում, եւ գյուղացիների տրամադրած ընկերության կողմից հողատարածքներ գնելու տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում, որպես կանոն, հողատարածքների սեփականատերերը «ծպտված» են լինում եւ տարբեր ազգականների` զոքանչների, նույնիսկ վարորդների անուններով են գործարքներ կատարում, հետեւաբար նրանց ինքնությունը ճշտելը լրատվամիջոցների համար մեծ խնդիր է: Չնայած դրան` կփորձենք համապատասխան մարմիններին հարցում կատարել եւ պարզել գնված հողատարածքների սեփականատերերի անունները: Ի դեպ, հիշեցնենք, որ գյուղապետը մեզ հետ զրույցում եւս համառորեն խուսափում էր անուններ տալ` ասելով` «Հա, աճուրդով վաճառել ենք, բայց չգիտեմ՝ ովքեր են գնել»: