Հերոսի ընտանիքը սովամահ է լինում

01/02/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խոշոր աչքերը ճպճպացնելով՝ Լիաննան անձայն մոտենում է ինձ ու զգուշացնում. «Արի էս կողմ նստի, վերեւից հողը կթափվի գլխիդ: Մեր տան պատերը փլվում են»: Ինքնավստահ նայում է մորը, ով գլխով հաստատում է, որ երեխայի անհանգստությունը տեղին է: Հողաշեն, աննկարագրելի վատ պայմաններով նրանց խրճիթն աստիճանաբար փլվում է, իսկ բարակ թիթեղների արանքից սողացող քամին ստիպում է, որ տան անդամներն ունեցած փալասներով տաքանան: Լիաննան Ծննդյան տոները 40 աստիճան ջերմությամբ անցկացրել է անկողնում: Խրճիթի ցուրտ ջերմաստիճանը հաճախ է երեխային անկողին գցում: Ասում է` «Ականջս մինչեւ հիմա ցավում ա: Նոր տարուն Ձմեռ պապիկին էի սպասում, բայց հիվանդացա, ու տարան հիվանդանոց: Երեւի եկել, տեսել ա տանը չեմ: Շատ էի տանջվում, գիտե՞ս, լացում էի ականջիս ցավից: Էդ օրվանից որոշեցի, որ մանկական բժշկուհի դառնամ: Ես հատուկ աղքատների բժիշկը կլինեմ, որ ով փող չունենա` իմ մոտ գա: Մամաս շատ ջղայնացավ, երբ փող ուզեցին ինձ բուժելու համար: Հիվանդ-հիվանդ գրկեց նորից տուն բերեց: Ու տենց ցավից լացում էի»: 5-ամյա երեխան ամբողջ մի կյանք ապրածի պես է խոսում: Ապա կտրուկ փակում է խոսակցությունն ու մանկական քայլքով անփույթ հեռանում է կողքի սենյակ։ «Էս գցի ուսերիդ»,- ասում է` ինձ մեկնելով մոր բաճկոնը: Լիաննան չափազանց խելացի եւ հոգատար մարդ է: Կյանքի դժվարությունները ստիպում են, որ այս երեխան մանկությունը թողած՝ հոգ տանի իրեն խնամող 2 հիվանդ կանանց` մորը եւ տատիկին: Մեկ-մեկ, երբ ժամանակ ունենում է` իր միջի երեխային թույլ է տալիս չարաճճիություններ անել, մանկական բանաստեղծություններ արտասանել, բայց իր ամենասիրելին բարության մասին բանաստեղծությունն է: Կանգնում է հավաբնի չափ տան կենտրոնում, հպարտ կեցվածք ընդունած, առոգանությամբ արտասանում է` «Բարությունն այս աշխարհում մարդուն անկեղծ, ազնիվ է պահում…»: Մայրը` 22-ամյա գունատ, հյուծված Էդիտան, մարմինը ճկելով՝ հարմարեցրել է փայտե վառարանից եկող ջերմության ուղղությանը: Էդիտան դժվարությամբ է տեղաշարժվում, երիկամների սուր ցավերը հաճախ նրան «տապալում» են: Սուր ցավերով Աշտարակի հիվանդանոց տեղափոխվելուց մեկ օր անց կրկին վերադարձել է տուն` պահանջված 100.000 դրամը վճարել չկարողանալու պատճառով: Չնայած դրան` տան տղամարդու աշխատանքներն ինքն է կատարում: Փողոցներով շրջելով՝ ծառերի չորացած ճյուղեր է սղոցում, կացնով փայտ է կոտրատում, վառարանն է վառում եւ նույնիսկ տանիքի թիթեղները կարողանում է այնպես իրար վրա դարսել, որ ձյունն ու անձրեւաջրերը հնարավորինս քիչ հոսեն դեպի տուն: Էդիտան ի տարբերություն մոր` նաեւ ընտանիքի ամենաարագ կողմնորոշվողն է, որովհետեւ հողաշեն տան խոռոչներից հյուր եկող գյուրզա օձերին բռնելու համար, խուճապի մատնվելով հանդերձ, անմիջապես ահազանգում է արտակարգ իրավիճակների ծառայություն: Առերեւույթ համարձակ ու անվախ է, բայց, երբ «սիրտը բացում» է… «Շատ եմ վախենում, հաստատ մի օր մի վատ բան կպատահի: Ամառները վախից հայաթում ենք քնում, կամ հարեւաններն են խղճում ու տանում իրանց տուն: Չեք պատկերացնում՝ ինչ չափի թունավոր օձեր ենք դիմավորում, իսկ կռիսների մասին էլ չեմ խոսում»: Անհաջող ամուսնության պատճառով միայնակ է խնամում երեխային, ու, չնայած դժվարություններին ու սոսկալի պայմաններին, Էդիտան Լիաննային որպես խելացի եւ չափազանց բարի մարդ է դաստիարակում: «Փոքր էր, չէր հասկանում գլխի գալիքը: Սիրահարվեցին, իրան փախցրեց ու… հետագայում պարզվեց, որ վատ թուլություններ ունեցող մարդ ա: Լքեց ու հեռացավ»,- պատմում է մայրը` Սիրանույշը: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Թումանյան 37 տանն ապրող այս երեք կանանց կենսակերպը սարսափելի, անմարդկային ու աննկարագրելի է: 53-ամյա Սիրանույշի հողաշեն, խոնավ ու թաց պատերից կախված սրբիչների մաքրությունը հուշում է, որ անգամ աղբանոցներից գտած նրանց տան «ծածկը», կոմունալ պայմանների բացակայությունը չեն խանգարում հիգիենիկ պայմաններն ապահովելուն: Տիկին Սիրանույշի տան առաստաղից թափվող հողի ու խոնավությունից «քրքրված» պատերի ֆոնին անկողնու վրա կոկիկ շարած բարձերի ճերմակությունը վկայում է, որ ժամանակները կենցաղային պայմանները փոխել են, բայց ոչ երբեք տիկին Սիրանույշին: Վիրավորանքից ու արհամարհական վերաբերմունքից կորցրել է առողջությունը, ծերացել է…

Հոր մահից հետո Սիրանույշ Զաքարյանը հայտնվել է թշվառության մեջ: Հիշում է այն օրը, երբ Ուջան գյուղում Անդրանիկ Օզանյանի արձանի բացումն էր. «Դեմիրճյանն իր կառավարական շարասյունն ուղարկել էր, որ հայրս Անդրանիկի արձանի բացման ժապավենն իր ձեռքով կտրեր: Է՜հ, էն ժամանակ հայրս հերոս էր, բոլորն իր հերոսության մասին էին խոսում, մատով էին ցույց տալիս: Ասում էին` Անդրանիկի զինվորն ա»: Սիրանույշի հայրը Միհրան Չաուշն է, ում մահից հետո նրա դուստրը աղքատության մեջ սովամահ է լինում: «Հայրս արեւմտահայ էր, Անդրանիկի հայրենակիցը: Երբ թուրքերը հարձակվում են իրենց գյուղերի վրա` հայրս իր աչքով տեսնում է, թե ինչպես են հորն ու մորը գցում թոնիրը, այրում: 18 տարեկան է լինում ու կարողանում է փախնել: Երկար ժամանակ անտառներում գոյատեւելուց հետո գալիս միանում է Անդրանիկի զորքին: Անդրանիկը տեսնում է, որ հայրենասեր, ճարպիկ ու կռվող տղա է, ու ասում է` դու իմ աջ թեւն ես, ինձ հետ պիտի լինես: Զորքում երկար ժամանակ ծառայում է, ու Անդրանիկը նրան իր արժանիքների համար նշանակում է հարյուրապետ` կնքելով Չաուշ: Թանգարանում հիմա Անդրանիկի զենքերի կողքին հորս զենքերն ու հուշերն են: Մահանալուց առաջ Անդրանիկից ժառանգած իր ողջ ունեցածը նվիրեց թանգարանին»,- պատմում է Միհրան Չաուշի դուստրը` տիկին Սիրանույշը, ով հորից ժառանգած՝ Անդրանիկի ու Միհրան Չաուշի լուսանկարը համարում է իր տան ամենաարժեքավոր իրը: Ի դեպ, Միհրան Չաուշին Անդրանիկի հետ ծառայելու համար դատապարտել են 10 տարվա ազատազրկման, այնուհետեւ եւս 10 տարի էլ աքսորել են Սիբիր: Ծանր ճակատագրով այս մարդուն Հայաստան վերադառնալուց հետո ոչ միայն արդարացրել են, այլեւ հերոսացրել եւ պատվել են: Տիկին Սիրանույշը հիշում է, որ մինչեւ անգամ 90 տարեկանում նա աշխատում էր. «Արդեն շատ ծեր էր, բայց պարապ չէր կարողանում, մեր զինկոմիսարիատում պահակ էր աշխատում»: Մ. Չաուշի մահից հետո ամբողջովին տեսողությունը կորցրել է նաեւ նրա կինը` Արփին, եւ կարճ ժամանակում մահացել է: Տիկին Սիրանույշը որպես հերոսի միակ ժառանգ՝ այսօր մոռացվել է թե՛ պետության եւ թե՛ հայրենասիրությունն ու հերոսներին թմբկահարող «ազգասերների» կողմից: Հոր մահից հետո կույր մայր խնամելով՝ ամբողջովին հայտնվել է կյանքի հատակում: Ասում է` «Չէի կարող աշխատել, մայրս լրիվ կուրացել էր: Ամուսնությունս շատ դժբախտ ավարտ ունեցավ, որովհետեւ ընտրյալս Սպիտակից էր, երկրաշարժ, սով, մահեր… չեմ ուզում հիշել: Աղջկաս հետ հայտնվեցի ծանր վիճակում: Մի կողմից՝ կույր մայր, մյուս կողմից՝ փոքր երեխա, չգիտեի գլուխս որ պատին տամ»: Բարուրի երեխան ձեռքին՝ տիկին Սիրանույշն ուրիշների հողատարածքները քաղհան անելով՝ մի կտոր հաց է վաստակել: Հարեւանները մինչ օրս շատ են օգնում` հիշելով նրա հոր հիշատակն ու հերոսությունները: Նույն թաղամասի բնակիչ Հայկ Ավետիսյանը հաճախ տիկին Սիրանույշենց տուն է բերում մի քանի կիլոգրամ կարտոֆիլ կամ մի կապոց փայտ: Բարկացած ասում է` «Բա սա երկի՞ր ա: Միհրան Չաուշը հերոս ա եղել, ախր նրա ընտանիքին, նրա միակ ժառանգին կարելի ա, չէ՞, էս վիճակից հանել: Կենդանության օրոք Անդրանիկի ծննդյան օրն ամեն տարի գալիս նրան կառավարական տանում էին, բայց հիմա հլը էս մարդկանց վիճակը նայեք: Աշտարակում Միհրանից երկրորդը չի եղել»: Մյուս հարեւանն էլ օգնում է Լիաննայի մանկապարտեզ հաճախելու անհրաժեշտությունները հոգալուն: Այս փոքրիկ թաղամասի բնակիչներն «ատամներով», իրենց հնարավորությունների չափով պաշտպանում են հերոսի ընտանիքին, բայց քաղաքապետը, մարզպետը անուշադրության են մատնում նրանց: Սիրանույշ Զաքարյանն ինձ ներկայացնում է նամակների մի ամբողջ փաթեթ` պետական բոլոր մարմիններին ուղղած դիմումներն ու դրանց պատասխանները: ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը բոլոր դիմումները վերահասցեագրել են Արագածոտնի մարզպետարան եւ Աշտարակի քաղաքապետարան, որտեղից նա ստանում է անբովանդակ եւ աջակցելու հնարավորություն չունենալու մասին պատմող պատասխաններ: Տունը խիստ վթարային է, կյանքի համար վտանգավոր: Աշտարակի քաղաքապետարանի Քաղաքաշինության վարչության ներկայացուցիչը վերջերս այցելել, ծանոթացել է նրանց պայմաններին եւ ապշահար ասել է` «Էս վթարային տա՞նն եք ապրում: Սա տուն չի` հավաբուն ա»: Տիկին Սիրանույշը նաեւ դիմել է տան վթարայնության աստիճանը որոշելու համար մասնագետներ ուղարկելու խնդրանքով, սակայն անօգուտ: Ասում է` «Գալիս զարմանում, գնում են»: 19.000 դրամ ընտանեկան նպաստով նույնիսկ կոմունալ ծախսերը չեն կարողանում հոգալ: «Ամառները դաշտերում քաղհան ենք անում, ելակ, խնձոր ենք հավաքում, մի երկու կոպեկ աշխատում ենք, բայց ձմռանը կոտորվում ենք: Էն օրը գնացել եմ խանութ, ասում եմ` հավաքարարի աշխատանք տուր, ասում ա` տարիքդ էն չի: Ախր երկուսս էլ հիվանդ, անհույս, ահավոր ա»: Տիկին Սիրանույշը եւ Էդիտան առողջական լուրջ խնդիրներ ունեն, սակայն ոտք չեն դնում հիվանդանոց, ասում են` «Դուռը բացում ես, թե չէ` փող են ուզում: Սենց էլ կմեռնենք»: