Երեւանում բացված «Խոսելիս միմյանց հետ՝ անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում ու Թուրքիայում» ցուցահանդեսը շատ հետաքրքիր ֆորմատ ունի։ Այն փորձել է ցուցանմուշ դարձնել հուշը՝ բեկված ճարտարապետական ֆորմաների մեջ տեղադրելով տեքստերի պատառիկներն ու լուսանկարները։ Գերմանական «Դվվ ինտերնեշնլ» կրթական միավորման ֆինանսական աջակցությամբ իրագործված այս նախագիծը (ցուցահանդեսը եւ գիրքը) երկար է նախապատրաստվել, հայ եւ թուրք կուրատորները, հետազոտողները, ուսանողները հարցումներ են անցկացրել Հայաստանի եւ Թուրքիայի տարածքում՝ հավաքագրելով հայոց Եղեռնի մասին պահպանված հիշողությունները, որը շարունակում է ցավ պատճառել, մտահոգել ու հարցեր առաջացնել։
«Զրուցելով միմյանց հետ» ցուցահանդեսը ծանրաբեռնված չէ փաստաթղթերով ու ծավալուն մեկնաբանություններով։ Ընդհակառակը, ավելի շատ հուշերի կոլաժ, տարբեր էմոցիոնալ ու տեղեկատվական պատառիկներով հագեցած մի դաշտ է բացում։ Նախագծի հեղինակներից մեկը՝ «Ազգաշեն» կազմակերպության նախագահ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշում է, որ այս ցուցահանդեսի ֆորմատը երկար որոնման արդյունք է։ «Թեեւ մենք օգտագործել ենք նաեւ տեսողական ու ձայնային նյութերը, սակայն, միեւնույն է, հիմնական շեշտադրումը հենց տեքստ է դարձել։ Սա եւ արվեստի ներկայացման, եւ պատմության մատուցման ձեւ է։ Եվ մենք մեծ հույս ունենք, որ հենց այս ձեւը պետք է դիտորդի մոտ տագնապներ, հարցեր առաջացնի։ Հարցերի փնտրտուքը մարդիկ իրենք պետք է անեն»։
Ռեսպոնդենտների շարքերում են տարբեր ազգությունների ներկայացուցիչները, որոնք հիշում են անցյալն ու հենց այդ «կենդանի» հուշերի շնորհիվ էլ՝ վերաիմաստավորում իրենց ներկան։ Քաղաքականություն չկա, միայն կենդանի մարդիկ են ու իրենց հուշերը։ Թուրք հետազոտող Ռաջիփ Ջըկը նկատում է. «Նման պատմություններ ունեն եւ հայերը, եւ թուրքերը, որոնք իրենց պապերից, տատերից ու հարեւաններից են լսել։ Եվ մենք կարեւորել ենք հենց այդ հուշերը»։
«Մեր ցուցահանդեսով ու գրքի տպագրումով նաեւ փորձում ենք ասել, որ պատմությունը կրող մարդու հիշողությունը երբեմն շատ ավելի կարեւոր է, քան հազար ու մի փաստաթղթով հիմնավորված տեսական դատողությունը»,- ասում է Հ. Խառատյանը։ Նա նկատում է, որ խորհրդային տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի համաձայն՝ չէր թույլատրվում կենդանի մարդու պատմածը մեջբերել գիտական աշխատանքներում։ «Ստացվում է, որ մարդը պետք է մեռնի, իրենից հետո էլ թուղթ թողնի, որի վրա հետագայում կարելի է հղում անել։ Բանավոր պատմությունը որպես ինֆորմացիայի աղբյուր՝ վաղուց արդեն օգտագործվում է Եվրոպայում, իսկ մենք կարծես այդքան էլ չենք վստահում բանավոր պատմությանը։ Օրինակ, եթե որեւէ մարդու հուշերին պետք է հղում անենք, ապա անպայման օգտագործում ենք միայն այն հուշագրությունը, որը պահվում է արխիվում ու իր վրա կնիք է կրում։ Այսինքն, նաեւ մեթոդաբանական հարց է ծագում»։
Ըստ Հ. Խառատյանի՝ միանգամայն ընդունելի այս մեթոդաբանությամբ կատարված ուսումնասիրությունը շատ արդյունավետ է ոչ միայն պատմությունը վերականգնելու, այլեւ՝ այդ պատմության նկատմամբ ներկա սերունդների ապրումները վեր հանելու համար։ «Խոսելիս միմյանց հետ» գրքի թուրքական ուսումնասիրությունը վերնագրված է «Երանի նրանք գնացած չլինեին», ինչը շատ ուշագրավ է, քանի որ, ըստ թուրք հետազոտող Լեյլա Նեյզիի՝ շատ թուրքեր ափսոսելով երբեմնի համերաշխ հարեւանության մասին, նաեւ ենթագիտակցաբար ընդունում են, որ հայերը իրենց պատմական տարածքից ինքնակամ են հեռացել։
Մարդկանց հուշերից հայ եւ թուրք կուրատորները «պեղել» են դպրոցների, ավանդույթների, կենցաղի, արհեստներին վերաբերող մանրամասները, որոնք կարող են ընդամենը խթան հանդիսանալ՝ պատմությունն ավելի խորը ուսումնասիրել ցանկացողների համար։ Այս նախագիծը իրոք շատ հարցեր է առաջացնում, մանավանդ, երբ ցուցանմուշներին նայում ես օտարի աչքերով։ Եվ նայելով՝ հասկանում ես, որքան կոնկրետ են մարդկային ճակատագրերը, եւ որքան կարեւոր է հենց այդ կոնկրետ՝ սուբյեկտիվ հայացքը նկատել։ «Պատմությունը անսահման է, եւ մենք էլ ստիպված ենք եղել մեր հավաքագրված պատմության ընդամենը չնչին մի տոկոսը ներառել այս նախագծում։ Բանավոր պատմությունն իր սուբյեկտիվությամբ (որը դրական իմաստ ունի) պատմությունը լրացնելու ու ստուգելու հնարավորություն է տալիս»,- ասում է Հ. Խառատյանը։
Հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանն ու հաշտեցմանն ուղղված ծրագրերի շարքում այս ցուցահանդեսը աչքի է ընկնում իր էմոցիոնալ մեկնակետով։ Հուշը չի կարող սառնասիրտ լինել, եւ հենց դա է գրավիչ։
«Իհարկե, ցանկացած բանավոր պատմության մեջ սուբյեկտիվության էլեմենտ կա, բայց հետազոտողի համար դա շատ հետաքրքիր է։ Բանավոր պատմությունը ցույց է տալիս մարդու ապրումը, էմոցիաները, հիշողության հաղորդման ձեւը։ Բանավոր պատմությունն է լրացուցիչ հարցադրումների աղբյուր դառնում։ Կենդանի զրույցի ընթացքում միշտ էլ բազմաթիվ հարցեր են առաջանում, կարող ես կոնկրետ պատմությունից հեռանալ ու հետագայում կրկին անդրադառնալ՝ բոլորովին այլ տեսանկյունից նայելու նպատակով»,- ասում է Հ.Խառատյանը։