Կենդանաբանական այգիներ

01/02/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Անցյալ տարվա մայիսին լուրեր տարածվեցին, թե Երեւանում կենդանաբանական նոր այգի է կառուցվելու։ Եվ այդ նպատակով Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Հրազդանի կիրճի տարածքը (200 հա) տրամադրելու է բուսաբանական եւ կենդանաբանական գոտի ստեղծելու համար։ Հիշատակվում էր, որ եվրոպական հիմնադրամները, Նիդեռլանդների եւ Սինգապուրի կենդանաբանական միությունները պատրաստ են աջակցել այդ նախագծին ու միլիոնավոր դոլարների ներդումներ անել։ Ի դեպ՝ նշվում էր, որ զուգահեռ աշխատելու է նաեւ հին կենդանաբանական այգին, որտեղ լուրջ վերանորոգման համար հավելյալ գումար է հատկացվել։ Ստացվում է, որ ըստ քաղաքային իշխանությունների՝ մենք արժանի ենք ու ունակ ենք պահպանել միանգամից երկու այգի։ Ընդ որում՝ մեկը կլինի շատ հավակնոտ ու հեռանկարային (նույնիսկ երազային), իսկ մյուսը` կիսաքանդ ու անփույթ (կենդանիներին ու այցելուներին սթրեսային վիճակի հասցնող)։

Նոր այգի ստեղծելու գաղափարը պատկանում է «Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամին, որի նախագահ Ռուբեն Խաչատրյանը նշում է. «Մենք քաղաքապետին եւ վարչապետին առաջարկել ենք համալիր մի ծրագիր, որը կրթական ու գիտահետազոտական կենտրոնի ստեղծում է նախատեսում։ Մեր նպատակը ոչ միայն կենդանիների ցուցադրումն է, այլ նրանց կենսակերպի հետեւումն ու ապահովումը։ Միայն այն տեսակներն ենք պահելու, որոնք հատուկ են մեր բնակլիմայական պայմաններին, այսինքն՝ հարավ-կովկասյան կենդանատեսակները։ Նաեւ՝ բույսերը։ Դա շատ կարեւոր կետ է, քանի որ կենդանիները պետք է ապրեն բնական պայմաններում ու մեծ տարածքում ազատ շարժվելու հնարավորություն ունենան։ Նախատեսում ենք էկո-կրթական քոլեջ հիմնել, որտեղ երեխաները սովորելու հնարավորություն կունենան, քանի որ, ինչպես հայտնի է, մեր ամենամեծ պրոբլեմը մասնագետների պակասն է»։

Նա նշում է նաեւ, որ նոր այգու գաղափարն անընդհատ ընդլայնվելու հնարավորություն ունի։ «Հրազդանի կիրճը դեռ սեփականաշնորհված չէ ռեստորանատերերի կողմից եւ շատ հարմար ռելիեֆ ունի, որը կարելի է շատ լավ օգտագործել՝ միաժամանակ ապահովելով Հրազդան գետի մաքրությունը։ Այդ գոտին կարող է անգամ մինչեւ Սեւանա լիճը ձգվել՝ պահպանելով ու միաժամանակ ցուցադրելով բնական պայմաններում ապրող կենդանիներին, թռչուններին ու ձկներին։ Շատ բան, իհարկե, ընդամենը սկզբնական առաջարկի փուլում է գտնվում (որոշումը միայն քաղաքապետինն է), սակայն, որպես գիտական, ճանաչողական կենտրոն՝ այդ նոր տիպի այգին չափազանց հեռանկարային է։ Կարելի է հեծանիվներով կամ ձիերով զբոսնելու հարմարեցված արահետներ կառուցել, որպեսզի ցանկացողները իրականում բնության հետ շփվելու հնարավորություն ունենան։ Իր մոտեցմամբ դա բոլորովին նոր տիպի այգի կլինի, որը հետագայում կարող է ազգային պարկ դառնալ»,- ասում է նա։

Ըստ Ռ.Խաչատրյանի՝ դա երկարատեւ նախագիծ է, որի վրա իրենք արդեն մի քանի տարի աշխատում են՝ գործի դնելով իրենց կապերը։ Համենայնդեպս, արդեն իսկ նոր այգու հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել Ամստերդամի կենդանաբանական այգու տնօրեն Հայկ Բալյանը, ով մի քանի տարի առաջ այցելել էր Երեւան ու սարսափահար եղել մեր այգու տեսքից ու ներքին խոհանոցից։ Մեզ հետ զրույցում նա նշել էր, որ պատրաստ է իր օգնությունը ցուցաբերել՝ մասնագետների վերապատրաստման հարցում, սակայն այդ նախաձեռնության հեղինակը պետք է հենց այգու տնօրինությունը լինի։ Այդ առաջարկը տնօրեն Սահակ Աբովյանը պարզապես անտեսել էր, քանի որ մեր այգու գլխավոր սկզբունքը կարելի է այսպես ձեւակերպել՝ «մի խառնվեք, մենք ամեն ինչ ունենք, այ, եթե մի քիչ էլ փող տային, ամեն ինչ ավելի լավ կաշխատեր…»: Սակայն ակնհայտ է, որ այս մոտեցմամբ Երեւանի այգին, որը դասվում է նախկին ԽՍՀՄ տարածքի ամենահին այգիների շարքում (կառուցված է 1941 թվականին), չի կարող երկար գոյատեւել։ Մեր կենդանաբանական այգին այնպիսի ողբերգական վիճակում է գտնվում, որ նրան այլեւս չեն փրկի ոչ հավելյալ գումարները, ոչ էլ կենդանիների տեսականու համալրումը, քանի որ մասնագիտական ոչ մի լուրջ ռեսուրս չունեցող այգին պարզապես իներցիայով է շարունակում գոյատեւել։ Վերջերս, օրինակ, այգու վերակառուցման համար 125 մլն դրամ է հատկացվել, որը ոչ միայն չօգնեց, այլ ընդհակառակը՝ ավելի ընդգծեց այգու թշվառ վիճակը (աջ ձեռքը քանդում է, ձախը՝ կառուցում)։ Մեր այգին վաղուց արդեն «SOS» էր ահազանգում, սակայն քաղաքապետարանը համառորեն չէր ցանկանում արձագանքել այդ ահազանգին։ Սատկեցին փիղը, գետաձին, մուֆլոնները, փոքր վանդակներում շնչահեղձ են լինում կատվազգիները, կապիկները, գայլերն ու աղվեսները, որոնց անգամ բուժօգնություն ցուցաբերող չկա, քանի որ մասնագետները խուսափում են աշխատանքի գնալ՝ անիմաստ համարելով իրենց արածը, կամ էլ հրաժարվելով անառողջ՝ բարեկամա-սանիկական մթնոլորտում աշխատել։ Եվ հարց է ծագում՝ եթե կապեր ու եվրոպական ֆոնդերից խոշոր աջակցություն ստանալու շանսեր կան, ապա ինչո՞ւ դրանք չեն ուղղվում մեր հին այգին բարելավելուն։ Վերջիվերջո, կենդանաբանական այգիներին (ինչպեսեւ ցանկացած կառույցների) ոչ միայն կենդանիների մասնագետներ, այլեւ մարքետինգային հաշվարկներ կատարող անձինք են պետք։ Եվ եթե մեր այգում լուրջ կադրային փոփոխություններ արվեն ու նեղ տեղայնացված շահերն անտեսվեն, ապա հաստատ հնարավոր է այգին կրկին վերակենդանացնել։

Ի դեպ՝ Կենդանաբանական այգիների միջազգային ասոցիացիայի պահանջով՝ այգիները իրավունք չունեն բնության մեջ ապրող կենդանիներին որսալ ու միանգամից վաճառել։ Ցանկացած այգի կարող է վաճառել միայն իր սեփական տարածքում բուծած կենդանիներին եւ թռչուններին։ Եվ թող չթվա, որ կենդանիների բուծումն ու հետագա վաճառքը շահութաբեր չէ Հայաստանում։ Ինչպես հայտնի է, մենք ունենք այնպիսի կենդանիների ու թռչունների տեսակներ, որոնք միջազգային շուկայում մեծ գին ունեն։ Դրանց շարքում շատ են հատկապես թռչունները (որոշ տեսակների գինը 100 հազար եվրոյի է հասնում), անտառային կատուները, լուսանները, մուֆլոնները։ Իսկ էնդեմիկ հայկական գյուրզան, օրինակ, միայն մեր կենդանաբանական այգում կա եւ մեծ պահանջարկ ունի շուկայում։ Այնպես որ, կենդանիների բուծումն ու վաճառքը շատ հեռանկարային գործ է, պարզապես դա պետք է անել՝ որոշ ժամանակով սեփական շահը (այսինքն՝ գրպանը) մոռանալու նախապայմանով։

Հիմա հետեւյալ պատկերն է ձեւավորվել. կա նոր, հեքիաթային այգու գաղափար (որը նախկին քաղաքապետի պաշտոնանկության պատճառով՝ օդից կախված է մնացել), եւ կա հին այգին մոդեռնացնելու պահանջը (որին առաջինը հենց այգու տնօրինությունն է դեմ՝ գերադասելով իներտ վիճակում շարունակել ապրել)։ Կա նաեւ վարկած, որ եթե նոր այգին կառուցելու որոշում ընդունվի, ապա հինը պահելն անիմաստ ծախս կհամարվի՝ օրինական ճանապարհ հարթելով այդ տարածքի մասնավորեցման եւ այն բնակելի թաղամաս դարձնելու համար։ Փլատակի վերածված կենդանաբանական այգի պահելը, միգուցե, որոշ չինովնիկների շահերից է բխում, սակայն խնդիրը «շահ» բառի գիտակցման մեջ է։ Միգուցե եկել է պահը՝ շահավետ համարել որակյալն ու խելամիտը։ Համենայդեպս քիչ չեն մարդիկ, ովքեր կարող են իրականություն դարձնել Երեւանի կենդանաբանական այգու վերակառուցումը։ Նրանց ընդամենը լսել է պետք։

Ուշագրավ է, որ «անցյալի» ու «ապագայի» այգիների կողմնակիցները բնավ էլ չեն ցանկանում իրար հետ համագործակցել։ Ս. Աբովյանն ասաց, որ նոր այգու նախագիծը դեռ հստակ չէ։ «Եթե հստակ լիներ, անպայման իմ խորհուրդը կհարցնեին, չէ՞ որ, եթե ես չիմանամ նոր այգու կառուցման ձեւերի մասին, բա էլ ո՞վ պիտի իմանա։ Ես 20 տարվա փորձ ունեմ ու աշխարհի բոլոր կենդանաբանական այգիների աշխատանքին ծանոթ եմ»,- նման զարմանալի մեկնաբանություն արեց նա։ Իսկ Ռուբեն Խաչատրյանը նկատեց. «Չի կարելի կենդանաբանական այգին պահել այն ձեւով, որը կա, այդ այգին կամ պետք է հիմնովին փոխել, կամ փակել։ Այգին ոչ դելֆինարիում է, ոչ էլ կրկես, որը ստեղծվում է միայն մարդկանց զվարճացնելու համար։ Մոտեցումը պետք է փոխվի, հակառակ դեպքում այգի այցելած ու փոքր վանդակում փակված կիսախելագար գայլին կամ առյուծին տեսնող երեխաները լուրջ հոգեբանական սթերս կստանան»։ Ըստ նրա՝ 30 հա տարածքի վրա (նաեւ՝ գերեզմանոցի հարեւանությամբ) տեղակայված մեր կենդանաբանական այգին չի կարող համապատասխանել միջազգային ստանդարտներին։ «Շատ բան իրար է խառնված, ոմանց թվում է, որ միայն խոսքերով ու երազանքներով կարելի է կենդանաբանական այգի պահել։ Այդպես չի լինում, կրթական, մասնագիտական լուրջ հենարան է հարկավոր։ Իսկ մեր նախագիծը միայն առաջին հայացքից է երազային թվում, իրականում բոլոր կետերն էլ կարելի է իրականացնել եւ լուրջ կրթական բազա ստեղծելով՝ քաղաքակիրթ այգի ունենալ»,- ասաց նա։

Իրականում խնդիրը շատ հստակ է. ամեն բան ընդամենը կամքից է կախված։ Եթե որոշում ընդունեցիր, որ հարկավոր է խելամիտ կառավարվող ու պրոֆեսիոնալ խնամք ապահովող կառույց ունենալ, ուրեմն կունենաս (հո չի՞ կարելի տարիներ շարունակ աչք փակել այն ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի վրա, որը տարվում է մեր այգում)։ Որոշումներ ընդունելն ու լավագույն ուղի գտնելը հենց քաղաքապետարանի պարտականությունն է։ Կյանքն ապացուցում է, որ հավերժ չինովնիկներ ու տնօրեններ չեն լինում։ Իսկ կենդանիների ու բնության հետ շփվելու ցանկությունը կենսական պահանջ է։