Հայաստանի իրավապաշտպանները ողջունում են «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում ամրագրված գնահատականները եւ հատկապես Հայաստանի միջազգային գործընկերների հասցեին տեղ գտած քննադատությունը: Հիշեցնենք, ըստ զեկույցի` Հայաստանի միջազգային գործընկերները ամբողջությամբ չեն օգտագործել իրենց հնարավորությունները` մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից Հայաստանի վրա ներազդելու համար: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ, այդ զեկույցը «վերջին տարիների ամենալավ զեկույցներից» է. «Շատ հաճախ է հարկավոր այդ մասին խոսել, որովհետեւ միջազգային կառույցները, եվրոպական կառույցները նաեւ պարտավոր են դա անել, նրանք դրա համար աշխատավարձ են ստանում, եւ նրանց աշխատանքային պարտականություններից մեկն է Հայաստանի վրա եւ Հայաստանի կարգի երկրների վրա համապատասխան ճնշումներ գործադրել եւ պահանջներ ներկայացնել, որպեսզի այդ իշխանությունները մարդու իրավունքները հարգեն»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանն «A1+»-ին ասել է. «Կարծես այդ իրավապաշտպան կազմակերպությունները խնդիրներ ունեն ոչ թե Հայաստանի, այլ միմյանց հետ` հարաբերություններ ճշտելու առումով: Հատկապես այն պարագայում, երբ այլ իրավապաշտպան կազմակերպություններ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում ողջունում են Հայաստանի առաջընթացը»: Ըստ նրա` զեկույցը «շատ մանր-մունր խնդիրներ է արծարծել»: