Առանց «Հայկական աշխարհի»

27/01/2011

Երեկ Շվեյցարիայի Դավոս քաղաքում մեկնարկել է թվով 41-րդ Համաշխարհային տնտեսական համաժողովը, որն անցնելու է «Ընդհանուր մոտեցումներ նոր իրողություններին» խորագրով: Դավոսի ֆորումը համարվում է տարվա ամենակարեւոր իրադարձությունն աշխարհում. հենց այս միջոցառման ժամանակ են ուրվագծվում համաշխարհային տնտեսության զարգացման գերակայություններն ու միտումները: Պատահական չէ, որ Դավոսի այս տարվա համաժողովին մասնակցում են աշխարհի շուրջ 100 երկրների 2 հազար 500 գործարարներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ, այդ թվում` 35 երկրների նախագահներ: Հայաստանը, ինչպես եւ կարելի էր սպասել, որեւէ կերպ չի մասնակցում այդ համաժողովին. Դավոսում անգամ միջին մակարդակի պաշտոնյաներից բաղկացած հայկական պատվիրակություն ներկայացված չէ: Իրականում, դա միանգամայն օրինաչափ է մի երկրի համար, որը, ըստ էության, մեկուսացած է ոչ միայն համաշխարհային, այլ նաեւ տարածաշրջանային տնտեսական զարգացումներից եւ լայն իմաստով՝ ապրում է արտերկրից ստացվող տրանսֆերտների ու օտարերկրյա վարկերի հաշվին: Դավոսի համաշխարհային ֆորումին մասնակցում են այն պետությունները, ովքեր ինչ-որ բան ունեն տալու աշխարհին եւ կարող են որոշակի դերակատարում ակնկալել համաշխարհային տնտեսական գործընթացներից: Այդ առումով Հայաստանը ոչնչով հետաքրքիր չէ աշխարհին (այն, ինչ կարող էր հետաքրքրություն ներկայացնել, Ռուսաստանն արդեն վերցրել է), իսկ մեր իշխանությունների համար արտերկրից ինչ-որ բան ստանալը նույնացվում է վարկեր ստանալու հետ, ինչի պակաս նրանք առանձնապես չեն զգում: