«Սահմանը բացեք` գնանք»

27/01/2011

Երեկ Երեւանի քաղաքապետարանի մոտ կրկին բողոքի ակցիա են անցկացրել բացօթյա առեւտրով զբաղվողները` բողոքելով քաղաքապետի՝ փողոցային առեւտուրը վերացնելու որոշման դեմ, սակայն ոստիկանները նրանց դարձյալ թույլ չեն տվել մոտենալ քաղաքապետարանի շենքին` հորդորելով ցույցը շարունակել հարեւան այգու տարածքում:

Այդ պահին շենքը հսկվում է մեծ թվով ոստիկանների կողմից՝ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի եւ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ: Վերջինս առեւտրականներին խորհուրդ էր տալիս տեղափոխվել շուկաներ` նշելով, որ, միեւնույն է, փողոցային առեւտուր այլեւս չի իրականացվելու: «Ես 10 լիմոն եմ վաճառում, ո՞նց գնամ շուկա»,- նշեց տարեց առեւտրականներից մեկը: Նրան ի պատասխան, Խ. Ավետիսյանն ասաց. «Դե ուրեմն գնա, ստեղ գոռալով հարց չես լուծի»:

Ցուցարարները երեկ Երեւանի քաղաքապետարանից պահանջում էին իրենց հստակ պատասխան տալ. «Մեզ ոչինչ չեն ասում, խաբում են, սրանց թողնես՝ միայն գռփեն ու լափեն: Այստեղ նեգրերի, պարսիկների տեղն է, նրանց բիզնեսն է ծաղկում: Մենք ցամաք հաց ենք ուզում, պաշտոն չենք ուզում»,- բղավում էր ցուցարարներից մեկը: «Եթե չեք կարողանում մեզ պահել, սահմանը բացեք, մենք գնանք»,- բղավում էր մեկ այլ նախկին առեւտրական: Սակայն այդպես էլ պատասխան չստանալով քաղաքապետարանի որեւէ աշխատակցից, երեկ վրդովված ու արհամարհված ցուցարարները սպառնում էին ՀՀ նախագահական նստավայրի մոտ անժամկետ հացադուլ անել:

Նրանք այդպես էլ չկարողացան մոտենալ քաղաքապետարանի շենքին ու դիմել Երեւանի քաղաքապետարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին: «Եթե չեն կարողանում մեզ օգնել, թող «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, որովհետեւ մենք այսօր բարգավաճ Հայաստանում չենք ապրում»,- հայտարարում էին առեւտրականները, որոնց այդպես էլ թույլ չտվեցին իրենց առաջարկը ներկայացնել ԲՀԿ խմբակցության անդամներին:

«Ընչի՞ եք մեզ լարում սադ, մենք քաղաքապետարան ենք ուզում գնալ»,- գոռգոռում էին առեւտրականները` դիմելով ոստիկաններին, ովքեր ամեն ինչ անում էին, որպեսզի ցուցարարները չմոտենան քաղաքապետարանի շենքին:

Ի դեպ, երեկ Ոստիկանության ղեկավար կազմը, մասնավորապես՝ Ռոբերտ Մելքոնյանը, ՊՊԾ գնդի հրամանատար Վալերի Օսիպյանն ու նրա տեղակալ Խաչիկ Ավետիսյանը, բողոքող առեւտրականներին առանձին-առանձին «հրավիրում» էին այգի եւ նրանց հետ «բացատրական աշխատանքներ» տանում` համոզելով ցրվել: Սակայն ցուցարարները երեկ գնացել են ՀՀ նախագահի նստավայր, որտեղ նրանցից 5-ին ընդունել են ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցներից եւ լսել նրանց բողոքները: Հանդիպման ժամանակ առեւտրականները դիմում են ներկայացրել ՀՀ նախագահին` պահանջելով ժամանակավորապես թույլատրել փողոցային առեւտուրը: Նրանք նաեւ կոչ են արել ՀՀ նախագահին աշխատատեղեր ստեղծել. «Հո մենք հավերժ առեւտրական չե՞նք մնալու, թող արտադրամասեր կառուցեն»,- հանդիպումից հետո ասել են առեւտրականները: Ի դեպ, նախագահական նստավայրում առեւտրականների նամակին խոստացել են պատասխանել այսօր: Այնպես որ` այսօր առեւտրականները դարձյալ մտադիր են հավաքվել նախագահական նստավայրի մոտ: