– Այս շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի մասին, սակայն, գրեթե ոչինչ չհրապարակվեց: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հանդիպման մանրամասները գաղտնի պահվեցին:
– Լրատվական տարբեր կայքերից իմ ստացած տեղեկություններն ինձ մոտ տպավորություն են թողնում, որ սա աշխատանքային հանդիպում էր, որը նպատակ ունի Աստանայում ԵԱՀԿ անցած գագաթաժողովից հետո վերսկսել եռակողմ կոնսուլտացիաները: Հանգստյան մի շրջան էր, որն ավարտվեց: Այդ շրջանն օգտագործվել էր վերաիմաստավորելու համար գործընթացը եւ հնարավորություններ գտնելու այն առաջ մղելու համար:
– Քիչ է պատահել, որ նման հանդիպումների ժամանակ որոշ տեղեկություններ չհրապարակվեն: Միգուցե՞ այդ հանդիպման ժամանակ այնպիսի հարց է քննարկվել, որի հրապարակումը դժգոհություն կառաջացներ:
– Ադրբեջանական կայքերից տեղեկություն ունեմ, որ պատրաստվում է ինչ-որ մի ճանապարհային քարտեզ կամ գործողությունների ծրագիր, որը պատրաստվում են փետրվարի վերջին ներկայացնել երկու երկրների նախագահների ուշադրությանը:
– Կարծիք կա, որ մեծացել է պատերազմի հավանականությունը: Նույնիսկ ժամկետներ են նշվում, թե այն կարող է տեղի ունենալ այս տարեվերջին, կամ 2012թ. ամռանը:
– Ես այդպիսի կանխատեսումներ չանեմ, պարզապես այդ հավանականությունը մեծ է, ինչպես 1994 թվականից սկսված ամեն օր: Աստանայի գագաթաժողովի ժամանակ շատ կարեւոր բան է տեղի ունեցել` ՀՀ նախագահի ելույթը սկզբունքային դիրքորոշումների արտահայտություն էր, որը գտավ ըմբռնում ներկաների շրջանում: Երկրորդը` Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ ընդունվել է հայտարարություն, որը հստակ ձեւակերպել է այն ֆորմատը, ինչի շրջանում առաջ է մղվելու բանակցային գործընթացը: Դրանից հեռանալով` մենք չենք մոտենում հարցի լուծմանը: Եթե իսկապես ճիշտ են ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց կանխատեսման մեջ, թե փետրվարի վերջին կամ մարտի սկզբին կարող է տեղի ունենալ Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ հանդիպում, այդ քննարկման համար ծրագրի մեջ պետք է գոնե մեկ-երկու քայլ առաջ կատարել, որովհետեւ առանց դրա հանդիպումները սկսում են իմաստ չունենալ:
– ԼՂՀ հարցով վերջին հանդիպումները կամ բանակցությունները տեղի են ունենում հիմնականում Ռուսաստանում եւ ՌԴ իշխանությունների նախաձեռնությամբ: ԼՂՀ հարցով առաջիկա զարգացումների դեպքում նորի՞ց ավելի շատ ՌԴ-ն է լինելու հիմնական դերակատարը:
– Միանշանակ ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից` ԱՄՆ-ից, Ֆրանսիայից առավել, այս պահին ՌԴ-ն է մեր տարածաշրջանում առավել ազդեցիկ եւ ներգործուն երկիրը: Հետեւաբար նրան է վստահվել այդ պատասխանատվությունը` առաջ մղել այդ գործընթացը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորելով համաձայնության գալ: Ես կարծում եմ, որ դա համաձայնեցված դիրքորոշում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի միջեւ: Եվ կարծում եմ, որ ՌԴ-ն այդ դերակատարությունը տարվա ընթացքում առաջ է տանելու: Հենց դրանով է պայմանավորված ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որն անպայմանորեն համաձայնեցված է երկրի ղեկավարության հետ, թե հասարակական քննարկումներ, ժողովրդական դիվանագիտություն, հրապարակային բանավեճ սկսել այն ժամանակ, երբ ընթանում է խաղաղության լուրջ փնտրտուք, օգտակար չէ: Պատճառն այն է, որ քննարկումները եւ միասնական լուծում գտնելու հնարավորությունը սկսում է նենգափոխվել հրապարակախոսական բանավեճով:
– Ինչո՞ւ հանկարծ համանախագահող մյուս երկրները հետ քաշվեցին ԼՂՀ հարցի կարգավորման գործից, համեմատաբար պասիվ կեցվածք ընդունեցին:
– Վստահեցին գործընթացն ավելի հաջող առաջ մղելու համար, որովհետեւ ՌԴ-ն ունի առավել մեծ շահեր եւ ազդեցություն մեր տարածաշրջանում:
– Ինչո՞ւ հանկարծ պարզվեց, որ համանախագահող երեք երկրներից ՌԴ-ն կարող է ավելի արդյունավետ դերակատարություն ունենալ:
– Հանկարծ չի պարզվել, դա տեղի է ունեցել վերջին երեք տարիների ընթացքում:
– Գուցե ՌԴ-ի դերակատարությունն ավելի մեծացավ, որովհետեւ այդ հնարավորությունը ՀՀ իշխանություննե՞րը նրան տվեցին, որովհետեւ ՌԴ-ի ճնշո՞ւմը մեր երկրի վրա ուժեղացավ:
– Իսկ ինչո՞ւ այդ դեպքում Ադրբեջանը եւս վստահեց ՌԴ-ին: Որովհետեւ դա եւ ՀՀ-ի, եւ Ադրբեջանի կողմից իրերի իրական վիճակի ռեալիստական գնահատումն է: Ես կասեմ, որ ՌԴ-ն այս պահին մեր տարածաշրջանում ունի ամենամեծ ազդեցությունը եւ ամենամեծ հնարավորությունները գործընթացն առաջ մղելու:
– Ամեն դեպքում, Ձեր կարծիքով, այս տարի ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել ԼՂՀ հարցում:
– Կարծում եմ, որ տարվա ընթացքում կմշակվի մի փաստաթուղթ, որով կողմերը կսկսեն բանակցել: Սա առավելագույն սպասելիքն է այս տարվանից: Կձեւակերպվի գործողությունների մի ծրագիր, որով կողմերը կսկսեն առաջ շարժվել իրենց բանակցություններում:
– Ադրբեջանական կողմը վերջերս նորից է սկսել առաջ քաշել ԼՂ-ին Ադրբեջանի կազմում բարձր ինքնավարություն տալու տարբերակը: Կարծում եք՝ դա հերթակա՞ն հայտարարություն է:
– Հաշվի առնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների անունից ՌԴ-ն ստանձնել է բանակցային գործընթացն առաջ մղելու միջնորդական առաքելությունը, այդ միտքն օգտագործվում է ադրբեջանական քարոզչության կողմից ՌԴ-ին շանտաժ անելու համար: Դրա առաջին նշանները մենք արդեն տեսնում ենք: Ադրբեջանական լրատվամիջոցները զբաղված են ՌԴ-ին շանտաժ անելով, որպեսզի նա շեղվի չեզոք միջնորդի դերակատարությունից եւ գրավի պրոադրբեջանական կողմ: Ես կարծում եմ, որ ռուսական քաղաքական շրջանակները պետք է որ կոփված լինեն՝ այս տեսակի շանտաժին դիմակայելու համար:
– Չե՞ք կարծում, որ ՌԴ-ն իր ազդեցության տակ վերցնելով ԼՂ հարցը` ավելի շատ ոչ թե ուզում է կարգավորել, այլ` այդ կոնֆլիկտը պահել իր հսկողության տակ:
– Ես անկեղծորեն համոզված եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներքաշված են այս գործընթացի մեջ սեփական կամքով եւ 1992թ. մարտյան մանդատով` այս գործընթացի մեջ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հույսով: