Հարգում են

27/01/2011

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում նախօրեի երեկոյան ադրբեջանցի զինծառայող է զոհվել: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից «Ֆրանսպրես» գործակալությանն ասել են, թե զինծառայողը զոհվել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Ադրբեջանական լրատվական գործակալությունները հաղորդում են, որ զինծառայող Զամին Մամեդովը սպանվել է Աղդամի շրջանի Ջավահիրլի գյուղի մոտ: Հայկական կողմը, մինչդեռ, հրադադարի խախտումների համար մեղադրում է ադրբեջանական զինուժին:

Երեկ, սակայն, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկությունը. «ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը: Դա ադրբեջանական քարոզչության հերթական ապատեղեկատվությունն է»: