Գործ են հարուցել

27/01/2011

ՀՀ ոստիկանությունը նախաքննությամբ որեւէ բան չի պարզել, որը կհուշեր այն մասին, որ կիրակի օրը տեղի ունեցած միջադեպին Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն առնչություն ունի: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ երեկ ՀԺ-ն լուր էր հրապարակել այն մասին, թե Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը անցած կիրակի օրը կրկին մարդ է ծեծել: Թերթի տեղեկություններով` այս անգամ նա ծեծել է ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի օգնականին` Էդուարդ Մելքոնյանին (Գժոյան): Վերջինիս ծեծի ենթարկելու փաստը հաստատել է նաեւ ԱԽ քարտուղարի մամլո խոսնակը, իսկ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից էլ փոխանցել են, որ նախօրեին քաղաքացի Էդգար Մ-ն դիմել է Ոստիկանություն, որ իրեն ծեծի են ենթարկել թիվ 2 շուկայի անվտանգության աշխատակիցները: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն):

Ինչ վերաբերում է Գ. Բեգլարյանի մասնակցությանը, ապա Ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ ասել են. «Նախաքննությամբ Ձեր կողմից մատնանշված կամ մամուլում հրապարակված անձանց մասնակցության մասին հուշող որեւէ հարց չկա»: Իսկ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի մամլո խոսնակը` հաստատելով, որ միջադեպ է տեղի ունեցել ԱԱԽ քարտուղարի օգնական Էդուարդ Մելքոնյանի եւ Գումի շուկայի անվտանգության աշխատակիցների միջեւ, news.am-ին ասել է. «Իրականում Գումի շուկայի անվտանգության աշխատակցին դուր չի եկել, որ Էդուարդ Մելքոնյանը Արհեստավորների փողոցով անցնելիս իր ավտոմեքենայից ձայնային ազդանշան է հնչեցրել երրորդ անձի, որի պատճառով նա հայհոյել է Մելքոնյանին, եւ նրանց միջեւ վեճ է ծագել: Վեճի արդյունքում անվտանգության աշխատակիցը հարվածներ է հասցրել Մելքոնյանին: Վերջինս առաջին բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է հիվանդանոց, նրան նաեւ տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր»: ԱԽՔ մամլո խոսնակը, սակայն, ոչինչ չի ասել այն մասին` արդյոք Գ. Բեգլարյանը մասնակցե՞լ է այդ «ռազբորկային», թե՞ ոչ: