ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փորձագետ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի կարծիքով` «Freedom House»-ի եւ միջազգային մյուս կազմակերպությունների գնահատականները, թե ԼՂ-ն ոչ ազատ երկիր է, անընդունելի են ղարաբաղյան իշխանությունների եւ իշխանամետ շրջանակների համար:
«Անկեղծորեն ասած, ես էլ եմ գտնում, որ Լեռնային Ղարաբաղի ներկայիս վիճակն ավելի մոտ է մասամբ ազատին, քան ոչ ազատին: Բայց առիթ եմ ունեցել ասելու, որ երկու կարգավիճակներն էլ ամոթալի են։ Իսկ ինչո՞ւ չպետք է ազատ լինի Լեռնային Ղարաբաղը, ի՞նչն է խանգարում ԼՂՀ իշխանություններին, որպեսզի Ղարաբաղը դառնա ազատ երկիր: Այս հարցը Ղարաբաղում ոչ ոք ինքն իրեն չի տալիս, կամ քչերն են տալիս: Մենք կարող էինք եւ պարտավոր էինք լինել ազատ երկիր. դրա համար բոլոր պայմանները կային: Պատերազմից հետո ֆանտաստիկ, հրաշալի պայմաններ էին ստեղծված, որպեսզի կարողանայինք կայանալ իբրեւ ազատ երկիր, ուղղակի պետք էր ապաշնորհ լինել այս հնարավորությունը ձեռքից բաց թողնելու համար»,- ասել է Գ. Բաղդասարյանը: Միաժամանակ նա նաեւ նշել է, որ 2007թ. հետո ԼՂ-ում ժողովրդավարության հետընթաց է նկատվում: Նրա համար դեռեւս անհասկանալի է, թե ինչո՞ւ 2007թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրվեց, եւ թե ինչո՞ւ քաղաքական բոլոր ուժերին մեկ տանիքի տակ հավաքելու գործընթացը սկսվեց. «Ինձ համար անհասկանալի է այն ժամանակվա իրական ընդդիմության` ՀՅԴ-ի եւ «Շարժում 88» դաշինքի` իշխանությանը միանալը: Այսօր էլ համազգային միասնականության գաղափարի ներքո ստեղծվել է մի մթնոլորտ, որը բացառում է բանավեճն ու մրցակցությունը: Ղարաբաղում ընդդիմություն պարզապես չկա»,- ասել է իրեն այլախոհ համարող Գ. Բաղդասարյանը: Իսկ հարցին, թե ինչպե՞ս է ընդդիմություն չլինելու փաստին արձագանքում ղարաբաղյան հանրությունը եւ չկա՞ն արդյոք մարդիկ, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիրի դիրքերից, Գ. Բաղդասարյանը պատասխանել է. «Ղարաբաղում կա իշխանությունների գործելաոճից դժգոհ բավական լայն մի զանգված, սակայն մարդիկ մտածում են, ավելի լավ է լուծվի արտաքին վտանգի հարցը, հետո ձեռնամուխ կլինենք ժողովրդավարությանը»: Նա այն կարծիքին է, որ թե ԼՂՀ, թե ՀՀ իշխանությունները պետք է փոխվեն. «Իշխանությունները Ղարաբաղում միշտ ձեռքից ձեռք են անցնում, մինչդեռ գլխից գլուխ պետք է անցնեն: Եկել է նոր գլուխների ժամանակը, պետք է անել ամեն ինչ, որպեսզի իշխանությունները ձեռքից գլխի անցնեն»:
Անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններին, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավորը նշել է, որ բանակցություններում իրականում ոչ մի նոր միտում չկա: Ըստ նրա` միջնորդների ջանքերն ուղղված են կայուն վիճակի պահպանմանը, քանի որ կա մտահոգություն, թե կողմերից մեկը, այսինքն` Ադրբեջանը, կարող է դուրս գալ բանակցային գործընթացից եւ փորձել այլ ճանապարհով լուծել խնդիրը: Սակայն Գ. Բաղդասարյանի գնահատմամբ` դրա համար լուրջ հիմքեր չկան: Պարզապես, ըստ նրա` Ադրբեջանը հաճախակիացնում է ռազմատենչ հայտարարությունները, երբ բանակցային գործընթացում լուծում գտնելու «ոսկե» կամ «արծաթե» հնարավորություն է լինում: «Ադրբեջանն այդ ռազմավարությամբ փորձում է ցույց տալ, որ իր կողմից բանակցություններին մասնակցելն արդեն իսկ զիջում է: Սակայն ուժի չկիրառումը ոչ թե պետք է լինի պայման կամ զիջում, այլ պարտադրվի բանավիճող կողմերին»,- ասել է Գ. Բաղդասարյանը: Նրա խոսքով, առաջիկայում ԼՂՀ հարցում առաջընթաց չի գրանցվելու, ինչի վկայությունը մի քանի օր առաջ Բաքվում կայացած Պիտեր Սեմնեբի-Իլհամ Ալիեւ հանդիպման ընթացքում ԵՄ ներկայացուցչի` «ներկայումս ամենակարեւորը հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին» հայտարարությունն է: «Այնպես որ` չեմ կարծում, թե բանակցային գործընթացում այս տարի լուրջ փոփոխություններ լինեն: Ամեն ինչ, ավելի շուտ, նպատակաուղղված կլինի նրան, որ բանակցային գործընթացը պահպանվի»:
Իսկ ինչ վերաբերում է Սուդանի անկախության հանրաքվեի անցկացումը Արցախի պարագայում որպես նախադեպ դիտարկելու հարցին, ապա, նրա դիտարկմամբ` Սուդանը չի կարող նախադեպ լինել, քանի որ այնտեղ կար բոլոր կողմերի համաձայնությունը հանրաքվեի անցկացման համար: Նրա խոսքով` դա նախադեպ է միայն այն առումով, որ նոր պետություն ստեղծվեց աշխարհի քարտեզի վրա. «Երբ Ղարաբաղի հարցը նոր էր սկզբնավորվում, ՄԱԿ-ն ուներ ընդամենը 150 անդամ: Այժմ անդամների թիվը հասնում է 200-ի: Այսինքն` աշխարհում մեծանում է պետությունների քանակը»:
Գ. Բաղդասարյանի ասելով` նախքան ԼՂՀ ճանաչումը հայկական հանրությունը պետք է նպաստի ղարաբաղյան գործոնի ճանաչմանը. «Այսինքն` Ղարաբաղը պետք է իր խոսքն ունենա իրեն վերաբերող ամեն հարցում, օբյեկտից վերածվի սուբյեկտի: Ղարաբաղը չի կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանությունները միջնորդում են ԼՂՀ իշխանությունների ձեւավորման հարցում»:
Նա երեկ անդրադարձել է նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության «ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին» օրինագծին, ասելով, թե այն դրական նախաձեռնություն է. «Քանի որ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ հայկական երկու պետությունները գրեթե ոչինչ չեն անում, ապա ես ողջունում եմ ցանկացած քայլ, որը միտված է ճանաչմանը: Այս տեսանկյունից «Ժառանգության» նախաձեռնության հանդեպ դրական վերաբերմունք ունեմ: Մյուս կողմից էլ` կարեւորում եմ ղարաբաղյան գործոնի ճանաչումը: Ես սա ավելի հատկանշական եմ համարում, քան պարզապես ԼՂՀ ճանաչումը: Վերջին տասնամյակում այդ գործոնը վերջնականապես վերացել է: Ցավոք, Ղարաբաղը գործոն չէ ոչ միայն բանակցային գործընթացում, այլ նաեւ համահայկական հարթության մեջ, նույնիսկ` ներպետական կյանքում: Ցավոք, Ղարաբաղը դադարել է սուբյեկտ լինելուց եւ վերածվել է օբյեկտի: Սա բացատրվում է նրանով, որ ԼՂՀ իշխանությունները ինքնուրույն քաղաքականություն վարելու քիչ ռեսուրս եւ ցանկություն ունեն: Այսպես շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ ղարաբաղյան իշխանությունները ձեւավորվում են հայկական իշխանությունների միջամտությամբ»,- հայտարարել է Գ. Բաղդասարյանը: