«Հայաստանի իշխանությունները հաղթեցին Եվրախորհրդին»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այսպես է գնահատել Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության անցած 10 տարիները Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) հայաստանյան պատվիրակության առաջին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նա նշել է, թե 2001 թվականին ինքն անձամբ` իբրեւ պատվիրակության ղեկավար, իսկապես կարեւորում էր Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունը, սակայն անցած 10 տարիները ցույց տվեցին, որ մարդու իրավունքների վիճակը երկրում այդպես էլ չբարելավվեց: «Մենք խորը համոզված էինք, որ Եվրախորհրդի հետ համատեղ մենք կարող էինք Հայաստանում իսկապես լուրջ բարեփոխումներ կատարել` ժողովրդավարության, մարդու իրավունքների, մամուլի, խոսքի ազատության, եւ իսկապես այդ բոլոր պարտավորությունները Հայաստանն ընդունել էր: Ցավոք սրտի, այդ պարտավորություններից հիմնական մասը չի կատարվել այս 10 տարվա ընթացքում,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը` մանրամասնելով,- 10 տարվա ընթացքում Հայաստանում ընտրությունները շատ ավելի վատ անցան, եւ քանի գնում է` ընտրությունները շատ ավելի վատ են անցնում, ընտրությունները կեղծվում են, Եվրոպայի խորհուրդը փորձում է այս 10 տարիների ընթացքում իր Մոնիտորինգի հանձնաժողովի կամ իր մնացած կառույցների հետ միասին Հայաստանի հետ որեւէ երկխոսություն սկսել, այս իշխանությունները ընտրությունները կեղծում են, հետո փոխում են Ընտրական օրենսգիրքը` ասում են, որ մեղավորը օրենսգիրքն է, եւ այդ ճանապարհն անցանք ձեզ հետ միասին մինչեւ 2008 թվականի մարտի 1-ը, որը, կարծում եմ, Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի հարաբերությունների վերջին կիզակետն էր` այն զիջումների եւ այն երկակի մոտեցումների, որ Եվրախորհուրդն էր ցուցաբերում Հայաստանի հանդեպ: Եվ մինչեւ անգամ Մարտի 1-ից հետո Եվրոպայի խորհրդում, կամ, ասենք, եվրոպական ինստիտուտները իրական, ռեալ հետեւություններ չարեցին Մարտի 1-ով եւ ռեալ գնահատականներ մինչեւ վերջ չտվեցին»: Եվրախորհրդի նման մոտեցման պատճառի վերաբերյալ հարցին Հովհաննես Հովհաննիսյանը արձագանքել է, որ Եվրոպայի խորհուրդը եւ ընդհանրապես միջազգային կառույցները այս դեպքում միշտ նշում են, թե իրենց գործընկերը գործող իշխանություններն են, նրանց հետ են աշխատում, եւ թեկուզ փոքր քայլերով, բայց կամաց-կամաց մոտենում են բարեփոխումներին: Մինչդեռ, ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության առաջին ղեկավարի համոզմամբ, անցած 10 տարիները ցույց տվեցին, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի «հաղթեցին» Եվրոպայի խորհրդին: «Ի վերջո, այն երկխոսությունը, որ պիտի լիներ, կամ այն օգնությունը Եվրոպայի խորհրդի կողմից` Հայաստան եւ Եվրոպայի խորհուրդ, բախվեց գործող իշխանությունների բիրտ վարվելակերպին, եւ առայժմ հաղթում են այսօրվա գործող իշխանությունները, հաղթում է կոռուպցիան, հաղթում է կաշառակերությունը, հաղթում է ընտրակեղծիքը»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանը Եվրախորհրդի լիիրավ անդամ է դարձել 2001թ. հունվարի 25-ին: