Հրայր Թովմասյանը՝ «զոնում»

27/01/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը երեկ այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Երեկ կեսօրից հետո այս մասին նախ «Վարդաշենից» մեզ հայտնեց անազատության մեջ գտնվող Սարգիս Հացպանյանը: Ավելի ուշ նախարարության լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Հ.Թովմասյանը «հունվարի 26-ին այցելել է ոչ միայն «Վարդաշեն», այլ նաեւ «Էրեբունի», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ` գոյություն ունեցող պայմաններին եւ խնդիրներին ծանոթանալու նպատակով»: Հաղորդագրության համաձայն՝ հաջորդ շաբաթ նախարարը կայցելի նախարարության ենթակայության տակ գտնվող մյուս քրեակատարողական հիմնարկներ:

Իսկ մինչ այդ, երեկ մամուլում հրապարակում կար, թե Հ.Թովմասյանը «Վարդաշեն» ՔԿՀ է այցելելու դատապարտյալների եւ նրանց խնդիրների հետ ծանոթանալու նպատակով: Արդարադատության նախարարի հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել նաեւ Ս.Հացպանյանը: Հիշեցնենք, որ վերջինս 2008թ. նոյեմբերից գտնվում է անազատության մեջ՝ սուտ մատնության մեղադրանքով, նրա նկատմամբ սահմանվել է 3,5 տարի ազատազրկում: Նրան կալանավորել են իր տված հարցազրույցի համար, որտեղ ասել էր, թե Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է կատարվում: Ս.Հացպանյանի խոսքերով՝ ինքը Հ.Թովմասյանի նախարար նշանակվելուց հետո արդեն չորս նամակ է ուղարկել, սակայն նախարարին միայն մեկն է փոխանցվել: Ս.Հացպանյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը մի դիմում էլ երեկ առավոտյան է փոխանցել` նշելով, որ նախարարի այցի ժամանակ ուզում է անձամբ հանդիպել նրա հետ եւ բոլոր դատապարտյալների անունից իրենց հուզող հարցերի մասին խոսել: Նա նաեւ ցանկանում էր իրենց հուզող խնդիրների մասին պատմող նամակ փոխանցել նախարարին: Հացպանյանի փոխանցմամբ՝ նախարարը «Վարդաշեն» է այցելել իր երկու տեղակալների, Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Հայկ Հարությունյանի, վերջինիս տեղակալների եւ ոլորտի այլ պատասխանատուների հետ միասին: «Սրանք ամեն ինչ անում են, որ մենք հեռու մնանք, չհանդիպենք նման բարձրաստիճան պաշտոնյայի հետ: Ես մի քիչ առանձնացված հատվածում եմ, սպորտդահլիճի մոտ գտնվող առանձին խցում: Նախարարն այդ հատվածում եղել է, բայց ոչ մեկը չի ասել, թե Հացպանյանն այդտեղ է: Վերեւից տղաներն իջան ու ասացին, թե նախարարն արդեն անցել է «զոն»: Ես վազելով դուրս եկա, տեսուչին խնդրեցի բացել երկաթյա դուռը` բացեց: Եթե չբացեր, կմնայի այդ հատվածում, եւ հանդիպումը չէր լինի: Երբ որ դուրս եկա այդ զոն կոչված տեղը, տեսա՝ նախարարը մեր ընկերներից մեկի սենյակում խոսում է, եւ Հ.Հարությունյանը կոպիտ արտահայտություններով ինչ-որ բաներ է թույլ տալիս իրեն: Ես կանգնած սպասում էի: Վարչության պետի տեղակալն էլ, թե՝ Հացպանյան, իջիր քո մոտ, գնա քո խուցը: Ասացի` ինչո՞ւ պիտի գնամ իմ խուց, այդտեղ մնալու իրավունքն ունեմ, ինչո՞ւ եք ինձ ներքեւ ուղարկում: Ես եկել եմ Հ.Թովմասյանի հետ հանդիպելու: Ասին` լավ, գնա տեսուչների սենյակում սպասի, մենք իրեն կասենք: Ասի՝ ինչո՞ւ պիտի հիմա հաղորդեք, երեկ դիմում եմ գրել, չեք հաղորդել, էսօր գրել եմ, չեք հաղորդել, դա նշանակում է, որ չեք ուզում հաղորդել: Ես այստեղ կանգնած եմ, որ նրա հետ խոսեմ»,- հեռախոսով պատմեց Ս.Հացպանյանը:

Կալանավորի խոսքերով՝ այդ ժամանակ Հ.Թովմասյանը սենյակից դուրս է գալիս ու մոտենում իրեն: «Հրայրն ինձ ճանաչում է, մոտեցավ ու բարեւեց: Ասի` պարոն Թովմասյան, ուզում եմ Ձեզ բան ասել, ուզո՞ւմ եք առանձնանալ: Ասաց՝ ոչ, ասա: Այդ հատվածում կային մի խումբ դատապարտյալներ ու նախարարին ուղեկցող պաշտոնյաներ: Իմ ձեռքում էր «Կալանավորված ու դատապարտված անձանց իրավունքները Հայաստանում» ուղեցույցը, որն անգիր գիտեմ: Ասացի` այսքան ժամանակ որ կալանքում ենք, մենք չենք կարողանում մեր իրավունքներից օգտվել: Հիմա ուզում եմ հարցնել, Դուք եք նախարարը, այս օրենքները թղթի վրա մնալո՞ւ, թե՞ կիրառվելու համար են: Ասաց՝ բնականաբար, պետք է կիրառվեն: Ասացի, թե կարող եմ փաստերով ապացուցել, որ այստեղ մենք չենք կարողանում օգտվել մեր իրավունքներից: Նամակ եմ գրել, հիմա նամակս ձեռքս եկել եմ, որ տամ, չեն թողնում, որ հանձնեմ: Ասաց, թե՝ մեկ նամակ ստացել ու կարդացել եմ: Ասացի, թե ես 4 նամակ եմ ուղարկել: Եթե նախարարին ուղղված նամակը տեղ չի հասնում, ինչի՞ մասին պիտի խոսենք»,- շարունակում է Ս.Հացպանյանը: Վերջինս ասաց, թե Հայկ Հարությունյանը նախարարի ներկայությամբ իր հետ նույնպես փորձել է կոպիտ խոսել` ասելով. «Այ տղա, ի՞նչ ես շուխուր անում»: «Ասացի, որ իրավունք չունի կալանավորին նման կերպ դիմել, նա պետք է անուն-ազգանունով եւ «Դուք»-ով դիմի: Այդ ժամանակ նա խոսելու տոնը փոխեց»,- ասում է կալանավորը:

Մեզ հետ հեռախոսազրույցում Ս.Հացպանյանը պատմեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող 117 դատապարտյալներից 81-ի դեպքում վաղուց լրացել է պայմանական վաղակետ ազատվելու ժամկետը: Դատապարտյալներին հետաքրքրում է հարցը, թե ինչու պայմանական վաղաժամկետ ազատվելու համար անհրաժեշտ պատժաչափը կրելուց հետո ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով իրենք ազատ չեն արձակվում: Ս.Հացպանյանի խոսքերով՝ բազմաթիվ դատապարտյալների համար կալանավայրի պատասխանատուները դրական կարծիք, միջնորդություն են ներկայացրել, սակայն նրանց մերժում են ազատ արձակել: Մի քանի անգամ մերժել են նաեւ իրեն: Ավելի քան մեկ տարի առաջ լրացել է նաեւ նրա պայմանական վաղակետ ազատվելու ժամկետը: Սակայն, դատապարտյալի խոսքով՝ ինքն իր մասին չի գրել, որովհետեւ իր «հարցը որոշվում է Բաղրամյան 26-ում»: Դատապարտյալներին նաեւ հետաքրքրում է, թե ինչո՞ւ ազատազրկման ընթացքում մինչեւ 7 օր ազատ արձակվելու` օրենքով տրված հնարավորությունն իրենց նկատմամբ չի կիրառվում: Լավագույն դեպքում այդ հնարավորությունը դատապարտյալներին ընդամենը մի քանի ժամով է տրվում: Հ.Թովմասյանը լսել է դատապարտյալներին եւ, Ս.Հացպանյանի փոխանցմամբ, խոստացել է նախարարությունից իր լիազորված անձին ուղարկել՝ այդ խնդիրներին մանրամասն ծանոթանալու համար: Ս.Հացպանյանն ու «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող մյուս դատապարտյալները սպասում են Հ.Թովմասյանի ներկայացուցչին: