Վավերացրել է` վերապահումներով

27/01/2011

Երեկ ՌԴ խորհրդարանի Վերին պալատը` Դաշնային խորհուրդը վավերացրել է Ռազմավարական հարձակողական զենքերի (ՌՀԶ) կրճատման վերաբերյալ ռուս-ամերիկյան նոր համաձայնագիրը` որոշ վերապահումներ մտցնելով փաստաթղթի մեջ, եւ ընդունել է փաստաթղթի վավերացման հայտարարություն: Նախօրեին համաձայնագիրը ստացել էր Պետդումայի հավանությունը: Համաձայնագրի շրջանակներում ամրագրվել է ռազմավարական հարձակողական եւ ռազմավարական պաշտպանողական զենքերի փոխադարձ կապը: Բացի այդ, համաձայնագիրը ստորագրելիս ռուսական կողմը հանդես էր եկել ՌԴ` համաձայնագրից հրաժարվելու մասին հատուկ հայտարարությամբ, այն դեպքում, եթե ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգերի ծավալները սպառնան ՌԴ ազգային շահերին: ՌՀԶ-ի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից Պրահայում՝ անցյալ տարվա ապրիլին: ԱՄՆ Սենատի կողմից համաձայնագրի վավերացումից հետո փաստաթղթի` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի խորհրդարանի 2 պալատների կողմից նրա վավերացումը: Բ. Օբաման Դ. Մեդվեդեւի հետ հեռախոսազրույցում ողջունել է Պետդումայի կողմից համաձայնագրի վավերացումը: Ամերիկյան Սենատը փաստաթուղթը վավերացրել է անցած տարվա դեկտեմբերի 23-ին: