BBC-ն «կրճատվում է»

27/01/2011

BBC ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է դադարեցնել իր 32 լեզուներից 5-ի ծառայությունը: Ինչպես հայտնել է BBC News-ը, կփակվեն Աֆրիկայում հեռարձակվող ալբաներեն, մակեդոներեն, սերբերեն, պորտուգալերեն լեզուների ծառայությունները, ինչպես նաեւ՝ Կարիբյան ավազանի երկրներում հեռարձակվող անգլալեզու ծառայությունը: BBC-ն այդ քայլը պատճառաբանել է տնտեսական գործոններով, քանի որ 5 լեզուներով հեռարձակումը դադարեցնելու դեպքում կորպորացիան տարեկան կտնտեսի 46 մլն ֆունտ ստեռլինգ: Նման քայլի BBC-ն ստիպված է եղել դիմել, քանի որ պետությունը կրճատել է կորպորացիային հատկացվող դրամական օժանդակության չափը: Սպասվում է, որ այս քայլի արդյունքում գործազուրկ կդառնա 650 մարդ: Բացի այդ, հաղորդվում է, որ BBC World Service-ը կկրճատի նաեւ 7 լեզուներով հեռարձակվող հաղորդումների թիվը: Կփակվեն մոտ 200 կայքեր, ինչպես նաեւ՝ պատանիների համար նախատեսված Switch եւ Blast ծառայությունները եւ ֆուտբոլային 606 ֆորումը: Լրագրողների ազգային միությունը արդեն հայտարարել է, որ բողոքի ակցիա է անցկացնելու BBC World Service-ի գրասենյակի մոտ: Նշենք, որ BBC World Service-ին հեռարձակման համար պետությունը տարեկան 272 մլն ֆունտ ստեռլինգ է հատկացնում: Հեռարձակումն իրականացվում է 32 լեզուներով: BBC-ն ֆինանսավորվում է հատուկ դրամահավաքի շնորհիվ, որը կատարվում է Բրիտանիայի ռադիո կամ հեռուստացույց ունեցող յուրաքանչյուր բնակչի կողմից: