Կթանկանա՞, արդյոք, շոկոլադը Հայաստանում

27/01/2011

Այն բանից հետո, երբ Կոտ-դգԻվուարի նախագահ Ալասսան Ուատտարան որոշեց 1 ամսով դադարեցնել կակաոյի արտահանումը` միջազգային շուկաներում այդ հումքի գինը կտրուկ բարձրացավ` մոտենալով իր պատմական ռեկորդին: Նշենք, որ կակաոյի համաշխարհային մատակարարումների մոտ 40 տոկոսը բաժին է ընկնում հենց Կոտ-դգԻվուարին: Հունվարի 21-ին միջազգային շուկայում կակաոյի 1 տոննան արժեր 3263 դոլար: Սա շատ քիչ է զիջում ռեկորդային գնին, որ ձեւավորվել էր ոչ շատ վաղուց` 2010թ. հունվարին, եւ կազմում էր 3520 դոլար: Սակայն այնուհետեւ, ողջ 2010-ի ընթացքում, կակաոյի գինը նվազում էր՝ իր նվազագույն պիկին հասնելով սեպտեմբերին` 2870 դոլար: Տարին միջազգային շուկան փակել է մոտ 3000 դոլարի սահմաններում:

Հայ սպառողը գնային այդ տատանումները գրեթե չի զգացել` Հայաստանում շոկոլադի գինը մնացել է անփոփոխ եւ՛ այն ժամանակ, երբ կակաոյի գինը բարձրանում էր, եւ այն ժամանակ, երբ էժանանում էր: Մասամբ դա կապված է այդ շուկայում առկա ուժեղ մրցակցության հետ: Մոտ 8 ընկերություն զբաղվում է շոկոլադի արտադրությամբ, եւս 5-ը՝ ներմուծմամբ: Հայկական շուկան փոքր է, իսկ դա մասնակիցներին ստիպում է ավելի ճկուն գնային քաղաքականություն վարել: Հայաստանում շոկոլադի խոշորագույն արտադրողը «Գրանդ Քենդին» է, սակայն այդ ընկերությունից շոկոլադի գների վերաբերյալ որեւէ պարզաբանում ստանալ չի հաջողվում:

Փոխարենը՝ NEWS.am-ին որոշ պարզաբանումներ է տվել «Արմսվիթ» ընկերության տնօրեն Մկրտիչ Ղուկասյանը: Նա փաստել է, որ ներկրվող կակաոյի փոշին զգալի թանկացել է` 1 կգ-ն արժե 2400-2600 դրամ, այնինչ 2010-ին հնարավոր էր ձեռք բերել 1000 դրամով: Սակայն շոկոլադի գինն առայժմ չեն բարձրացրել` սպասում են, թե ինչպես կփոխեն մրցակից ընկերությունները: