Անցած դարի 70-80-ականներին Հայաստանում հայոց լեզուն պետականորեն նվաստացվում էր: Իշխանության ու քաղքենու լեզուն ռուսերենն էր: Ռուսական դպրոցների ուսուցիչները չարաճճի երեխաներին սպառնում էին` ասելով. «Եթե շարունակես` քեզ կհեռացնենք եւ հայկական դպրոց կուղարկենք»: Բայց պետական քաղաքականությունը հզոր հակազդեցություն էր ծնել: Հակազդեցություն, որի արդյունքում 1977թ. «բրեժնեւյան» սահմանադրության մեջ հայոց լեզվին տրվեց պետական, բայց երկրորդ լեզվի կարգավիճակ: Իսկ 1993թ.` արդեն անկախ հանրապետությունում ընդունվեց օրենք լեզվի մասին: 1993թ. օրենքը համարյա կատարյալ էր: Այն մինչ այսօր ընդամենը երկու լրացում ունի: Երկուսն էլ, ինչ-որ իմաստով, նահանջ էին: Առաջին լրացումը կատարվեց, որպեսզի իշխանություններին հնարավորություն տրվի օտարալեզու կրթություն կազմակերպել: 2005թ. լրացման իմաստն արտահայտվում է այս նախադասությամբ. «Օտար լեզվով ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Հանրակրթական դպրոցների միակ լեզուն շարունակում էր մնալ հայերենը: Բայց սա չէր բավարարում մեր նորագույն` ռուսական սփյուռքին: Ռուսական սփյուռքը կամաց-կամաց ավելի ու ավելի գերիշխող դեր է ստանձնում Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մեջ: Դա նկատելի է «Հայաստան համահայկական հիմնադրամի» գործունեության մեջ: Ամեն տարի կազմակերպվող հանգանակությունների արդյունքում ռուսաստանյան հայերի մասնաբաժինն ավելանում է: Եթե չեմ սխալվում՝ վերջին հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված 20 մլն դոլար գումարից 8 մլն դոլարը ՌԴ-ում ապրող հայերի մասնաբաժինն է: Ամեն տարի 1,2-1,5 մլրդ մասնավոր տրանսֆերների 90 տոկոսից ավելին հենց Ռուսաստանից է կատարվում: Այս փաստն ակնհայտորեն խաղարկվում է քաղաքական դաշտում: Ու հավանաբար հենց դրա արդյունք է 2011-ին ընդունված երկրորդ լրացումը լեզվի մասին օրենքում: Այն արդեն հնարավորություն տվեց բացել օտարալեզու հանրակրթական դպրոցներ: Ակնհայտ է, որ օտարալեզու ասածը տրանսֆերների 90 տոկոսին համահունչ 90 տոկոսով ռուսալեզու հանրակրթության մասին է: Հիմա արդեն` ակնհայտ է: Ակնհայտ է, օրինակ, մեր երկրում գործող ռուսական խոշորագույն ընկերության նախկին, ներկայումս` մայրաքաղաքի ղեկավարի գործունեությունից: Քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո Կարեն Կարապետյանը քաղաքապետարանի աշխատակազմին պարտադրեց բարելավել ռուսերենի իմացությունը: Սա՝ այն դեպքում, որ մեր ոչ մի իշխանական կառույց պետական ոչ մի օղակի չի պարտադրել բարելավել մայրենիի իմացությունը: Մինչդեռ դրա կարիքն ամենուր է` հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: «Լեզվի մասին ՀՀ օրենքի» ենթաօրենսդրական ակտերի բացակայության պատճառով ոչինչ շտկել հնարավոր չէ: Անգամ պարզ անգրագետ տեքստերը: Կոնյակ արտադրող գործարաններից մեկն, օրինակ, արդեն երկրորդ հեռուստագովազդն է պտտում եթերում: Գովազդ, որ կոչ է անում «Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքը տարբերեք մյուս կեղծիքներից»: Դժվար է պնդել, թե ձեռնարկության սեփականատերերն իրենց արտադրանքը կեղծիք են համարում: Չնայած, որ պարզ տրամաբանությամբ դա այդպես է դուրս գալիս: Տրամաբանության այդ օրենքը կարծեմ «սիլլոգիզմ» է կոչվում: Գովազդը պարզապես անգրագետ ձեւակերպված տեքստ է: Մեր պետական այրերից անգամ Գիտության ու կրթության նախարարն է իրեն թույլ տալիս օտարերկրացի հյուրերի ընդունելության ընթացքում ռուսերեն ելույթ ունենալ: Շուտով նորից շրջանառության մեջ կդրվեն 70-80-ականների ռուսախոս քաղքենիների հորինած անեկդոտները հայոց լեզվի մասին: Հիշո՞ւմ եք` նրանց կարծիքով, մենք` հայախոսներս, մակարոնին «երկարախմորածակ» ենք ասում: Իսկ կնոջ շրջազգեստի բացվածքին` «գրգռաճեղք»: Ազգագրագետների, սոցիոլոգների, հոգեբանների ու հոգեբույժների համար գործունեության լայն դաշտ է՝ պարզելու, թե ինչո՞ւ է քաղքենին արհամարհում ու ծաղրում իր մայրենին: Մոտ երկու տասնամյակ հայերենը պետականորեն պաշտպանված էր: Ու հայ գրագետը կարծում էր, որ ուծացման վտանգն իսպառ չքացել է: Բայց ռուսական ասացվածքի համաձայն` «Ֆինանսներն են երգում ռոմանսներ»: Մեր պարագային` հինգերորդ շարասյուն են ձեւավորում: Սա նաեւ Հայրենիք-Սփյուռք կապի թերությունների արդյունք է: Խոսքն ավանդական Սփյուռքի մասին է: Ավանդական Սփյուռքը մայրենիի հանդեպ ոտնձգություն չի կատարի: Որովհետեւ իր երկրներում հայապահպանության (իմա` նաեւ լեզվի պահպանության) խնդիր ունի: Իհարկե, Սփյուռքի ներդրումն անուրանալի է: Անցած 20 տարիների ընթացքում Սփյուռքը մեզ օգնել է: Օգնել է ճանապարհներ, տներ, դպրոցի շենքեր կառուցելու հարցում: Բուժհիմնարկներ է կառուցել, սարքավորումներ ներկրել: Իրականացրել բազում այլ ծրագրեր: Անգամ մարդկային նպաստ է բերել իշխանության ձեւավորման գործում: Բայց մեր Սփյուռքը երբեք չի օգնել պետականաշինության գործում: Մեր Սփյուռքը երբեք չի ֆինանսավորել քաղաքացիական հասարակության կայացմանը նպաստող որեւէ ձեռնարկ: Փոխարենը՝ նոր-նոր ձեւավորված ռուսաստանյան Սփյուռքն ինտենսիվորեն պարտադրում է մնալ կառավարման նախկին համակարգում: Համակարգ, որի հիմնական բնութագրիչները կոռուպցիան ու ավտորիտարիզմն են: Ահա այսպիսի տխուր հեռանկար: Հեռանկար, որ «Լեզվի մասին օրենքի» երկրորդ լրացումը կարող է դարձնել վերջինը: