Նոր գերակա ճյուղ

27/01/2011

«2011թ. համար գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է լինելու, եւ մենք պետք է լրջագույն ջանքեր ներդնենք, որպեսզի ապահովենք ընթացիկ աշխատանքները եւ աճ ունենանք»,- երեկ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` խորհրդակցությանը մասնակցել են գյուղատնտեսության նախարարը, նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, Հանրային խորհրդի անդամներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Նրանք զեկուցել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման ընթացքի, ցանքատարածություններում առկա վիճակի ու վարելահողերի կրճատման պատճառների, գյուղացիական տնտեսությունների շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկավորման արդյունքների, մթերող կազմակերպությունների կողմից մթերված հումքի դիմաց վճարումների ընթացքի եւ այլ հարցերի մասին, ներկայացվել է գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի նախագիծը: