Հաշմանդամ երեխաներից հրաժարվում են

27/01/2011

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` մանկատներում գտնվող երեխաների թվի գերակշիռ մեծամասնությունն առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Ընդհանուր թվի 800 երեխաներից մոտ 500-ը առողջական խնդիրներով են (զուգակցված տարբեր արատներով): Միայն Խարբերդի մասնագիտացված մանկատանը խնամվում է 280 շահառու, Գյումրու «Երեխաների տանը»` 125, իսկ «Մարի Իզմիրլյանի» մանկատանը խնամվող 85 շահառուներից 60-ը խնդիրներով երեխաներ են: Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանն այս երեւույթը բացատրում է հաշմանդամ երեխաներին խնամելու ծնողների դժվարություններով. «Շատ դեպքերում ծնողները չեն ցանկանում կամ չեն կարողանում հաշմանդամ երեխա խնամել, ինչի պատճառով նրանց հանձնում են մանկատներ: Հաշմանդամություն կրող երեխաների աճը մեծանում է»: Միայն անցյալ տարվա կտրվածքով` մոտ 40 նորածնային տարիքի երեխաներից ծնողները հրաժարվել են: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնագիտացված մանկատները ծանրաբեռնված են նման երեխաներով` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը միտված է մինչեւ 2012թ. ստեղծել եւս մեկ մասնագիտացված մանկատուն: