ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի օրերս արած հայտարարությունը բուռն քննարկումների առիթ է դարձել սոցիալական ոլորտի մասնագետների համար: Մտավախություն կա, որ Սոցապ նախարարը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նման չհաշվարկված քայլեր է կատարելու, որոնք հանրապետությունում սոցիալական բունտի առաջացման պատճառ են դառնալու:
Բանն այն է, որ Ա. Գրիգորյանը 2011թ. նախարարության գերակա խնդիրներից մեկը համարում է ՀՀ-ում գործող մանկատների բեռնաթափումը: Մանկատների բեռնաթափման անհրաժեշտությունը նա պայմանավորում է երեխայի` ապրելու իրավունքի ապահովմամբ, ինչպես նաեւ՝ այն փաստով, որ մանկատներում խնամվող երեխաների մեծ մասն ունեն ծնողներ եւ մանկատներում են գտնվում սոցիալական տարբեր պատճառներով: Այն, որ համատարած գործազրկության, ընտանիքների կենսամակարդակի անկման, աղքատության պայմաններից դրդված շատ երեխաներ հանձնվում են խնամքի կենտրոններ` փաստ է: Սակայն Ա. Գրիգորյանը հայտարարել է, որ պետությունը մի քաղաքականություն է որդեգրում, ըստ որի` երեխաներին մանկատուն ընդունելու պայմանները խստացվելու են` այդ հաստատությունները հնարավորինս բեռնաթափելու նպատակով: Այլ կերպ ասած` պետությունը երեխային մանկատուն հանձնելու գործողությունը կանխելու համար ոչ թե պատրաստվում է ծնողների զբաղվածությունն ապահովել, ընտանեկան նպաստի համակարգը «զտել», սոցիալական աջակցության այլ մոդելներ ստեղծել, նվազեցնել ծայրահեղ աղքատությունը, այլ` պատրաստվում է նշված շարժառիթներով մանկատուն հանձնված երեխաներին վերադարձնել կենսաբանական ընտանիքներ: Սա՝ այն դեպքում, երբ ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության 2009թ. Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների մասին վիճակագրական զեկույցի տվյալներով` 2009թ. Հայաստանում երեխաների 38.1%-ն աղքատ է, մինչդեռ 4.5%-ը` ծայրահեղ աղքատ: Հետեւաբար, պաշտոնական տվյալներով` տնտեսական ճգնաժամից ամենաշատը տուժել են երեխաները: Ստացվում է, որ ընտանիքների կողմից լքված երեխաները զրկվելու են նաեւ պետական աջակցությունից` մանկատների խնամքից: Այն, որ մեր պետությունը ֆինանսական բեռը թոթափելու համար, որպես կանոն, ընտրում է հասարակության խոցելի խմբերին` նորություն չէ, սակայն դա անել, որպես թիրախային խումբ ընտրելով ծնողների կողմից լքված երեխաներին` արդեն ազգային անվտանգության հարց է: Ավելին` մասնագետները մանկատուն հանձնվող երեխաների ընդունման պայմանների խստացումը գնահատում են իբրեւ լքված երեխաների դեմ կիրառվող պատժամիջոց:
Այս հարցերի շուրջ մենք զրուցեցինք ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանի հետ` հասկանալու համար, թե ինչ մեխանիզմներով են մանկատները բեռնաթափվելու, եւ արդյո՞ք նման ընտանիքներին այլընտրանքային աջակցություն առաջարկվելու է: Լ. Ղազարյանի տվյալներով` հանրապետությունում այսօր գործում է պետական 7 մանկատուն: 2010թ. Գյումրու Նանսենի անվան մանկատունը վերակազմակերպվել է որպես գիշերօթիկ խնամքի հաստատություն: «Պետական քաղաքականության իրականացման շրջանակներում այսօր մենք ունենք մեկ մանկատուն պակաս: Յոթ մանկատներում խնամվում է 800 երեխա: Մեկ մանկատուն պակաս ունենալն արդեն բեռնաթափման փաստ է»,- նշում է Լ. Ղազարյանը` հավելելով, որ մանկատների բեռնաթափումը հիմնականում իրականացվելու է երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելու, որդեգրման հանձնելու, խնամատար ընտանիքում դաստիարակելու, խնամակալության հանձնելու, երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություններում, ցերեկային կենտրոններում տեղավորելու եւ այլընտրանքային այլ ծառայություններ մատուցելու միջոցով: Անդրադառնալով աղքատ երեխաների թվի աճման փաստին, Լ. Ղազարյանն, այնուամենայնիվ, չի կիսում այն կարծիքը, որ մանկատներում ընդունման կարգը խստացնելու արդյունքում կարող է աղքատ կամ ծայրահեղ աղքատ երեխաների ցուցանիշի կտրուկ աճ արձանագրվել: «Ընդհանուր աղքատությունն այլ խնդիր է, եւ եթե աղքատության մակարդակը բարձրանում է` առաջին խոցելի խմբերը երեխաներն են, բայց աղքատությունը դեռեւս պարտադիր պայման չէ, որ երեխան հայտնվի հաստատությունում: Կոնկրետ դեպքում, իհարկե, դա նախադրյալ է, բայց պարտադիր պայման չէ: Աղքատության հետ զուգակցված տարբեր խնդիրներ են առաջանում եւ ոչ միայն՝ սոցիալական, այլեւ` բարոյական չափանիշներով` ամուսնալուծություն, միայնակ մոր երեխա, գործազրկություն եւ այլն: Պատճառների մի փունջ է ստեղծվում, որոնք հնարավորություն չեն տալիս երեխային ընտանիքում խնամել: Տարիների համեմատությամբ այդ հաստատություններում այսօր մենք բավականին փոքր թիվ ունենք, բայց խնդիր ենք դրել՝ էլ ավելի նվազեցնել եւ հասցնել մաքսիմումի»,- ասում է Լ. Ղազարյանն` ավելացնելով, որ այսօր էլ մանկատան ընդունելության կարգը բավականին խիստ է: Ըստ նրա` խոսքը ոչ թե կարգը խստացնելու, այլ այն երեւույթի մասին է, երբ ծնողը երեխային հանձնում է մանկատուն եւ չի այցելում նրան: Այլ կերպ ասած` խստացվում է երեխային մանկատանը երկար պահելու հնարավորությունն այն առումով, որ պետությունը հնարավորություն ունենա օրենսդրական փոփոխությունների շնորհիվ երեխայի համար նոր ընտանիք գտնել: Չնայած դրան, նախարարը հայտարարել է, որ խստացվելու է երեխային մանկատուն ընդունելու կարգը: Այս առնչությամբ տիկին Ղազարյանն ասաց. «Դա նույնպես վերանայվելու է, եւ հատկապես Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ են իրականացվելու, որի շնորհիվ առավել կհստակեցվի այն երեխաների կարգավիճակը, որոնք կարող են տարիներով սպասել ծնողներին, բայց ծնողները 2-3 անգամ են այցելում կամ չեն այցելում: Այսինքն` ծնողը պետք է գիտակցի, որ երեխայի նկատմամբ պարտականություններ ունի, եւ եթե չի կարողանում դրանք կատարել, ապա երեխան կարող է այլ ընտանիքում հայտնվել եւ ապրել: Եթե պատշաճ ձեւով չի իրականացնում իր պարտականությունները երեխայի նկատմամբ, ուրեմն` կզրկվի ծնողական իրավունքից: Երեխան պետք է հասկանա, որ որոշակի պատճառներից ելնելով ծնողը կողքին չէ, այլ ոչ թե` կամայականություններից ելնելով»: Այլ կերպ ասած` մանկատները կբեռնաթափվեն նաեւ պարտականությունները չկատարած ծնողներին դատական կարգով ծնողական իրավունքից զրկելու եւ երեխային որդեգրման միջոցով այլ ընտանիքի հանձնելու ճանապարհով: Ի դեպ, Լ. Ղազարյանը վստահեցնում է, որ ներկայումս երեխա որդեգրելու հայտ են ներկայացնում հիմնականում երիտասարդ` մայրանալու կամ ծնող դառնալու հնարավորություն չունեցող ընտանիքները: Նաեւ նպատակ կա «Զատիկ» մանկատունը ցերեկային կենտրոն դարձնել, որտեղ կգործի նաեւ երիտասարդական, հզոր գործառույթներով կենտրոն: Այնուհետեւ դժվար իրավիճակում հայտնված երեխաների համար ցերեկային կենտրոններ կստեղծվեն մարզերում: Լ. Ղազարյանը վստահ է, որ մեր պետությունն ունի այդ ռեսուրսները՝ թե՛ մասնագիտական, թե՛ մոտեցման, թե՛ ֆինանսական տեսանկյունից: Արդյո՞ք նախարարության մասնագետները ուսումնասիրություն կատարել են մանկատուն հանձնված երեխաների ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ, եւ վտանգավոր չէ՞ գործազուրկ, աղքատ կենսաբանական ընտանիքներ վերադարձնել երեխային. այս հարցին Լ. Ղազարյանը պատասխանում է. «Առանց հաշվարկելու, երեխայի տարիքը գնահատելու, ընտանիքի ուսումնասիրության` չի կարող նման բան լինել: Մեզ աջակցելու են միջազգային կառույցների մեր գործընկերները, որոնց օգնությամբ կատարվելու է ընտանիքի ուսումնասիրություն, իրական պատկերի ամրագրում: Մեր ռազմավարական ծրագիրը մշակելու ենք եղած ուսումնասիրության արդյունքի եւ պահանջարկի վրա: Յուրաքանչյուր երեխայի ճակատագիր մեզ համար պետության ճակատագիր է: Որեւէ երեխա չի տուժելու, չի վնասվելու, քանի որ այս գործում ներգրավված են բարձրակարգ մասնագետներ»: Այսինքն, ըստ Լ. Ղազարյանի` մանկատները բեռնաթափելու նպատակը հետեւյալն է. այն ընտանիքը, որը ցանկություն ունի, բայց հնարավորություն չունի երեխային կենսաբանական ընտանիքում պահելու` որեւէ խնդիր չի ունենա, քանի որ երեխան կդառնա ցերեկային կենտրոնի շահառու: Նման երեխաներն, ըստ նրա` մշտապես կլինեն սոցիալական ծառայության աշխատակիցների, տարբեր մասնագետների հսկողության տակ թե՛ կենտրոններում, թե՛ ընտանիքում գտնվելիս: Բացի դա, մեկ տարի շարունակ Սոցապ նախարարությունն ընտանիքին կաջակցի ոչ թե գումարի, այլ` հագուստի, դասագրքերի, գրենական պիտույքների, կոմունալ վարձավճարների մուծման, սննդամթերքի տեսքով: Մինչդեռ երեխայով զբաղվելու ցանկություն չունեցող ծնողների դեպքում խնամքի կենտրոնը համապատասխան փաստերի առկայությամբ կդիմի դատարան` ծնողական իրավունքից զրկելու պահանջով, եւ կներկայացվի որդեգրման` այլ ընտանիք տեղափոխելու համար: Այսինքն` կարգավիճակի հստակեցման դեպքում երեխան հնարավորություն կունենա գտնել նոր ընտանիք: Ըստ Լ.Ղազարյանի` ծնողական պարտականությունների կատարումից զրկված երեխաները ներկայումս այնպիսի իրավիճակում են, երբ ունեն ծնողներ, որդեգրման ներկայացված չեն, ապրում են ծնողի հետ հանդիպման հույսով, բայց ծնողները նրանց չեն այցելում, իսկ չափահաս դառնալուն պես հայտնվում են «փողոցում»:
Ինչեւէ, մանկատների բեռնաթափման վերաբերյալ Սոցապ նախարարի հայտարարությունը դեռեւս մշուշոտ է անգամ ծրագրային, մեխանիզմների, կարգերի ու գործնականում կիրառելի դարձնելու իմաստով: Ոլորտի մասնագետների հավաստմամբ` նախարարը շտապել է նման պետական քաղաքականություն որդեգրել, քանի որ գործնականում այդ քայլը կարող է մեր հասարակության համար մեծ հարված լինել: Մանկատուն ընդունելու պայմանները խստացնելու դեպքում նրանք լուրջ մտավախություն ունեն, որ ի վերջո շատ ծնողներ երեխային «գցելու» են աղբանոց, թողնելու շենքերի մուտքերի մոտ կամ այլ անհավանական վայրերում եւ հեռանալու են: Նրանց դիտարկմամբ` իրականում նախարարության որդեգրած նման քաղաքականությունը պետության հերթական խորամանկությունն է: Բանն այն է, որ ՀՀ բյուջեն ծանրաբեռնված է ինչպես նախկին, այնպես էլ այսօրվա մանկատան շրջանավարտների բնակարանների գնման ֆինանսական բեռով: Մանկատների ընդունելության կարգը խստացնելով` նախարարը բնակարանների շահառուների թիվն էապես կրճատում է` մի դեպքում` երեխային մանկատուն չընդունելով, մյուս դեպքում` կենսաբանական ընտանիք վերադարձնելով: