Հյուրընկալությունից` դիվանագիտություն
Նախորդ գլխում մենք մի փոքր խոսեցինք Հին Հունաստանի գաղութային քաղաքականության մասին: Անդրադարձանք հայրենի տունը թողնելու գլխավոր շարժառիթին, որի անունն է զրկանք եւ մշտագոյության հոգս: Արդի պետություններում եւս մարդիկ լքում են իրենց հայրենի օջախը ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով: Հունական արտագաղթի համար որոշ դեր խաղացին պոլիսներում բռնկվող քաղաքական կոնֆլիկտները եւ հույների գենային ծածկագրում տեղ գտած ճանապարհորդելու մարմաջը: Այդուհանդերձ տեղաշարժվելու, գնալու եւ ընդարձակվելու գլխավոր պատճառն, անշուշտ, մնում էր հելլենիստական աշխարհակալության գերխնդիրը:
Այստեղ մենք չենք կարող չանդրադառնալ հույների արտագաղթի մի շատ կարեւոր առանձնահատկության: Այդ այն է, որ նոր տարածքներում, որոնք հելլեններն անվանում էին գաղութներ, պահում էին իրենց ազգային ինքնությունը, սովորույթները եւ մշակույթը: Նրանք չէին ասիմիլյացվում: (Կա այդ արտահայտության հայերեն համարժեքը` ուծացում: Օգտագործենք այն): Եվ այսպես, հույները նոր միջավայրում չէին ուծանում: Մի խոսքով, հարմարվելով` ադապտացվելով նոր պայմաններին, նոր շրջապատին՝ հույնը մնում էր հույն: Կլերուխները, այսպես էին անվանվում հունական համայնքները, հանդիսանում էին իրենց հարազատ պոլիսների շարունակությունը, որտեղից նրանք եկել էին: Նրանց եւ մետրոպոլիայի` այսինքն «մայր-քաղաքի» կառավարական օրգանների կառուցվածքն ու գործելակերպի մեխանիզմները նույնն էին: Արտագաղթած հույները մասն էին կազմում աթենքյան բանակի եւ ռազմածովային նավատորմի: Մասնակցում էին կրոնական բոլոր տոներին: Այս ամենն էականորեն տարբերում է հին հունական արտագաղթը պոստսովետական երկրների արտագաղթից: Այդ արտագաղթը լուրջ վտանգ է ներկայացնում մեր գենոֆոնդին: Եվ ոչ միայն: Իմիգրացիան բերում է ԱՊՀ-ի երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հոգեբանական էրոզիայի: Թեկուզ այն պատճառով, որ մարդիկ մեկնում են արտասահման` այնտեղի բնակչության հետ ձուլվելու, այլ ոչ թե ինքնությունը պահպանելու պայմանով, ինչպես դա անում էին անտիկ աշխարհի մարդիկ:
Հիմա տեսնենք հունական իմիգրացիոն մեդալի հակառակ երեսը` ներգաղթը` էմիգրացիան: Օտարների հոսքը դեպի Հելլադա, ավելի ճիշտ, դեպի Աթենք եւ մասամբ` Սպարտա կարելի է համեմատել ներկայումս ԱՄՆ, Եվրոպա կամ Ռուսաստան ներգաղթելու ցանկության հետ: Ստիպված ենք խոստովանել, որ անցյալում, ինչպես եւ հիմա էմիգրացիայի հիմքում ընկած է նույն ստրատեգիան, գործում են նույն սկզբունքները: Ինչպես Աթենքն իր ժամանակին, այնպես էլ Վաշինգտոնը, Մոսկվան, Փարիզը, կարելի է անվանումները շարունակել, մեր օրերում օտարներին ընդունելիս, մեծ հաշվով, հետապնդում են մի նպատակ. ներմուծել հնարավորինս էժան եւ իրավազուրկ աշխատուժ: Կոպիտ ասած, քիչ տալ եւ շատ ստանալ: Սա օտարին ընդունող պետության չգրված օրենք է: Մնացածը զուտ քարոզչական եւ ագիտացիոն տրյուկներ են` հաջողված այս կամ այն չափով, հարմարեցված կոնկրետ պայմաններին եւ կոնկրետ քաղաքական ռեալիային:
Նրանց, ովքեր վատ գիտեն արտասահմանյան երկրների ինչ լինելը, կարելի է կատակով խորհուրդ տալ. «Տարբերիր զբոսաշրջիկությունը արտագաղթից»: Իսկ դրանք հստակ հասկանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է լավ պատկերացնել մի պետությունից մեկ ուրիշ պետություն մշտական բնակության մեկնելու հետ կապված երկու կողմի օրենսդրական համակարգերի բոլոր նրբությունները: Տարբեր երկրներում օրենքները տարբեր են եւ դրանցում բնակվել թույլատրող փաստաթուղթը եւս տարբեր է: Սակայն, չգիտես ինչու, մարդիկ այն սովորաբար անվանում են «green cart», հավանաբար, տուրք տալով ԱՄՆ-ի անվիճելի հզորությանն ու մեծությանը: Իսկ թե ինչ գույն կա այդ «կանաչ քարտի» հետեւում` այլ հարց է: Օտար քաղաքացիների իրավունքների ու պարտականությունների սահմանները գծելիս ժամանակակից պետական այրերը հաստատ փոխ են առել հին հույների փորձը:
Իսկ հին հույներն իրենց տանը չեն սիրել աշխատել: Նույնիսկ ամաչել են: Ազատ երկրի ազատ քաղաքացին նրանց կարծիքով կամ պետք է կռվի, կամ էլ պետություն ղեկավարի: Նման հատկությամբ առանձնապես օժտված էին սպարտացիները, ովքեր բացի պատերազմելուց, որեւէ այլ զբաղմունք չէին պատկերացնում: Մնացած ողջ աշխատանքը դրված էր բնակչության երկու այլ խավի, այսպես կոչված՝ պերիէկների եւ իլոտների ուսերին: Վերջիններս տասն անգամ ավելի էին սպարտացիներից եւ, երբ ժամանակ առ ժամանակ ապստամբում էին` սպառնում էին նրանց գոյությանը: Հին ժողովուրդներն, ըստ երեւույթին, իրենց անվիճելի բարեմասնությունների կողքին ունեն էթնոհոգեբանական տարօրինակ գծեր: Մենք՝ հայերս, օրինակ, գտնում ենք, որ մեզանից յուրաքանչյուրն արժանի է լինել նախագահ: Կարեւոր չէ, թե ինչ նախագահ, բայց` նախագահ: Գոնե` տնօրեն: Վրացիները կարծում են, թե իրենք ազգովի ժառանգական իշխաններ են: Ֆրանսիացու, գերմանացու կամ ռուսի կարծիքով՝ սեւ աշխատանքը հակացուցված է իրենց ազգային հոգեկերտվածքին. նրանք խորշում են փողոցն ավլելուց եւ աղբը թափելուց՝ այն սիրով թողնելով էմիգրանտին: Արդյունքը բոլորդ գիտեք: Գերմանիային սպառնում է թուրքացման, իսկ Ֆրանսիային` աֆրո-արաբական վտանգը: Իսկ թե ինչ կլինի Ռուսաստանի հետ, որը մի կողմից՝ ընդունում է գաստերբայտերներին, մյուս կողմից` սահմանափակում նրանց տարրական իրավունքները՝ մատների արանքով նայելով ֆաշիստ-շովինիստների «սանիտարական» գործողություններին, ես դժվարանում եմ կանխատեսել:
Հին հույները հաճույքով ընդունել են մյուս պոլիսների քաղաքացիներին` անվանելով նրանց «մետէկ», որը թարգմանվում է «դրկից հարեւան»: Այդպես էին անվանվում նաեւ ազատություն ստացած ստրուկները: Այս մետէկները զբաղվում էին արհեստներով, առեւտրով, տնտեսությամբ, հողագործությամբ, նավագնացությամբ: Նրանց իրավունք էր վերապահված վարձել արհեստանոցներ, ձեռք բերել գործիքներ, անսահմանափակ քանակությամբ ստրուկներ, շարժական գույք: Իսկ անշարժ գույք եւ հող ձեռք բերել չէին կարող: Բայց վճարել պետական տուրքեր պարտավոր էին: Ինչպես նաեւ պարտավոր էին կռվել, եթե իրենց հյուրընկալած պետությունը պատերազմում էր այլ պետության հետ: Մետէկների իրավունքների շրջանակը, մի կողմից, իրոք, բավական լայն էր. նրանց երեխաները հաճախում էին հասարակական դպրոցներ` գիմնազիաներ, մասնակցում էին կրոնական արարողություններին, ամուսնանում էին տեղացիների հետ: Մյուս կողմից` չունեին քաղաքական ոչ մի իրավունք, չէին կարող ընտրել եւ ընտրվել: Մի խոսքով, մետէկներն իրենց ներգաղթած պոլիսների քաղաքացիներ չէին, թեպետ երբեմն քանակապես գերազանցում էին տեղացիներին: Աթենացիներն, այսինքն՝ երկրի լիիրավ քաղաքացիները, հազիվ կազմում էին ընդհանուր բնակչության մեկ տասներորդ մասը: Իսկ մետէկների կարգավիճակը հաճախ կախված էր լինում պետության ներքին եւ արտաքին քաղաքական իրադրությունից: Պարսկական արշավանքից հետո, երբ Աթենքն ապրում էր ծանր տնտեսական ճգնաժամ, Թեմիստոկլեսը սկսեց մետէկներին մասսայաբար շնորհել քաղաքացիություն: Իսկ երբ իշխանության գլուխ անցավ հունական դեմոկրատիայի հայր Պերիկլեսը, որքան էլ հակասական թվա, վերացրեց այդ պրակտիկան: Ավելին, նա արգելեց խառը ամուսնություններից ծնված երեխաներին քաղաքացիություն շնորհել, որը մինչ այդ կիրառվում էր: Համաձայն նոր օրենքի՝ աթենացի կարող էր համարվել այն երեխան, որի ծնողները երկրի քաղաքացիներ էին: Սակայն դրանից տուժեց ինքը: Նրա կինը` հայտնի հետերա եւ գեղեցկուհի Ասպազիան՝ Միլեթի քաղաքացի էր, օտարական: Եվ Պերիկլեսը ստիպված եղավ Ժողովրդական ժողովին աղերսագին խնդրել աթենացի ճանաչել իրենց երեխաներին: Կարո՞ղ եք պատկերացնել, որ մեր օրերում որեւէ երկրի ղեկավար որեւէ հարցով աղաչի պառլամենտին:
Հույները հույներ չէին լինի, եթե միգրացիոն քաղաքականությանը չհաղորդեին օրիգինալ ձեւեր եւ առավելագույն օգուտ չքաղեին օտար քաղաքացիների` իրենց պոլիսներում գտնվելուց: Նրանք էմիգրացիային հաղորդեցին միջազգային կապերի եւ միջազգային իրավունքի բովանդակություն, դրանց տալով պրոքսենիա` հյուրընկալություն, գեղեցիկ եւ մտերմիկ անունը: Այն օտարերկրացին, որը ճանաչվում էր որպես պրոքսեն եւ ընդգրկված էր համապատասխան հայրենակցական կազմակերպությունում, մյուսների համեմատությամբ, ստանում էր աջակցություն եւ պաշտպանություն տեղական իշխանությունների կողմից: Իր հերթին՝ նա բարոյական պարտականություն էր ստանձնում ամեն կերպ նպաստել այն պոլիսի բարգավաճմանը, որն իրեն ընդունում էր որպես պրոքսեն: Եվ ամենագլխավորը` պրոքսենները Հին Հունաստանում պրիմիտիվ դեսպանությունների դեր էին խաղում։ Նրանք ակտիվորեն նպաստում էին իրենց եւ հյուրընկալ պոլիսների միջեւ քաղաքական եւ առեւտրատնտեսական կապերի իրականացմանը, պայմանագրերի ու համաձայնագրերի ստորագրմանը: Անհրաժեշտության դեպքում հանդես էին գալիս իրենց հայրենի պոլիսների անունից, իսկ երբ այնտեղից ժամանում էին դեսպանների պատվիրակություններ` դառնում էին դրանց անդամներ: Պրոքսենիայի ինստիտուտալիզացիան կարեւոր նշանակություն ունեցավ Հելլադայի միջազգային հարաբերությունների զարգացման գործում:
Մնում է ավելացնել, որ պատմության մեջ հայտնի չէ օտար քաղաքացիներին պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններում ներգրավելու պրակտիկան: Դա զուտ հունական ֆենոմեն էր, որն իր շարունակությունը չունեցավ միջազգային պրակտիկայում, սակայն ժամանակին իր դրական նշանակությունն ունեցավ հունական դիվանագիտության զարգացման գործում:
Չսպանե՛լ դեսպանին
Եթե այս հրամայականը գործում է (շեղումներ, ցավոք սրտի, լինում են), դիվանագետները պարտական են հելլեններին: Այդ շատ կարեւոր հայտնությունը նրանք արեցին դիվանագիտության երեւան գալու արշալույսին: Խնդրի կենսական անհրաժեշտությունը նրանք տարտամ գիտակցում էին դեռեւս ստրկատիրական կացութաձեւից առաջ` համայնատոհմական կարգերի ժամանակ, երբ հողերն ու որսատեղերը սահմանազատելիս ցեղերն իրար փոր էին թափում: Ելքը մեկն էր` չվիրավորել, չգերել, չսպանել եւ չուտել բանակցային կողմի ներկայացուցիչներին: Եթե նախամարդը չհասկանար այս պարզ ճշմարտությունը, հարցական է՝ մենք ձեզ հետ միասին հասած կլինեի՞նք այստեղ, թե՞ ոչ:
Դիվանագետի ֆիզիկական անվտանգությունը հետագայում ստացավ մի կարգավիճակ` ստատուս, որը կոչվեց դիվանագիտական անձեռնմխելիություն` իմունիտետ: Այդ կարգավիճակը, բացի ֆիզիկական անվտանգությունից, ապահովում էր նաեւ որոշակի արտոնություններ, որոնք տարածվում էին դեսպանության շենքերի, նստավայրերի, տրանսպորտի եւ դիվանագիտական փոստի վրա: Դիվանագետների վրա չէին տարածվում դեսպանընկալ երկրի օրենքները: Նրանց չէին ենթարկում քրեական, քաղաքացիական եւ վարչական պատասխանատվության: Հելլեն դեսպանները ցուցամոլաբար բռնում էին հատուկ տարբերանշաններով ցուպեր, որոնց գլխամասը զարդարված էր լինում զույգ օձի քանդակով: Այդպիսի ցուպի տերը համարվում էր անձեռնմխելի: Ինչպես մեր օրերում դիվանագիտական անձնագրեր ունեցողը: Սակայն դիվանագետի անվտանգությունը հարաբերական էր եւ հաճախ կախված էր կոնկրետ պետությունների հարաբերությունների կոնկրետ վիճակից: Հենց ինքը` դիվանագիտության օրրան Աթենքը, մեկ անգամ չէ, որ խախտել է իր իսկ հեղինակած օրենքը:
…Ալեքսանդր Մակեդոնացին հեշտությամբ, մեկը մյուսի հետեւից գրավում է Փյունիկիայի քաղաքները: Հերթական կղզին Տյուրոս քաղաքով հրաժարվում է դարպասները բանալ մեծ զորավարի առաջ: Տյուրոսցիները վստահ են քաղաքի անառիկության վրա: Այն ծվարած է կղզու ժայռագագաթներին, ափից չորս ասպարեզ հեռու, որը կազմում է մոտավորապես 200 մետր: Իսկ մակեդոնական նավատորմը հորիզոնում դեռ չի ուրվագծվում: Ալեքսանդրը փորձում է բանակցային ճանապարհով մտնել Տյուրոս եւ դեսպաններ է ուղարկում: Դիվանագետները կղզի են մեկնում տյուրոսյան նավերով, իսկ երեկոյան կողմ ալիքներն ափ են նետում նրանց արյունաշաղախ դիակները: Իմունիտետի նման վայրագ ոտնահարումը մինչեւ հոգու խորքը վիրավորում է Ալեքսանդր Մեծին: Համաձայն իր սովորության` չկանգնել ոչ մի արգելքի առաջ, նա հրամայում է լցնել կղզին ափից բաժանող ջրաշերտը եւ կառուցել ամբարտակ: Այն սարքելուց հետո մակեդոնացիները կոտրելով փյունիկցիների կատաղի դիմադրությունը, մեծ զոհերի գնով գրավում են Տյուրոսը: Ավերում եւ հիմնովին կործանում են այն: Հաղթողները դաժան հաշվեհարդար են տեսնում դիվանագիտական էթիկան խախտողների հետ: Ալեքսանդրը խնայում է լոկ նրանց, ովքեր թաքնվել էին տաճարներում. նա հավատում էր աստվածներին եւ փորձում էր չզայրացնել նրանց:
Սա` մեծ Մակեդոնացու ժամանակներում: Սակայն սխալ կլինի կարծել, թե միջազգային օրենքներով ընդունված կանոնները հետագայում ապահովել են դիվանագետների ֆիզիկական անվտանգությունն ու նորմալ գործունեությունը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ու նրա աշխատակիցների դեմ հյուսվել են վտանգաշատ որոգայթներ. սպանություն, ահաբեկչություն, սադրանք, դիվանագետների հավաքագրում, փոստի հափշտակում, գաղտնագրերի վերծանում եւ այլն:
Դիվանագետների դեմ գործված ահաբեկչության մռայլ էջերից է XIX դարի տաղանդավոր գրող, փայլուն դիվանագետ, Պարսկաստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովի սպանությունը, ով մինչ այդ մշակել եւ ստորագրել էր 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրի տեքստը: Մոլեռանդ խուժանը ներխուժելով դեսպանության շենք՝ տառացիորեն հոշոտում է նրան: Գրիբոյեդովն իրեն համարել է հայ ժողովրդի բարեկամը: Գեներալ Պասկեւիչի հրամանատարությամբ մասնակցել է Երեւանի, Սարդարապատի եւ Նախիջեւանի ազատագրմանը: Ա. Գրիբոյեդովը ռուս գրականության մեջ մնաց իր «Խելքից պատուհասը»` գլուխգործոց կատակերգությամբ, որը 1827 թ. առաջին անգամ բեմադրվել է Երեւանի Սարդարի պալատում, հեղինակի ներկայությամբ, ռուս սպաների սիրողական խմբի կողմից:
1900 թ. հունիսին Պեկինում սպանվում է Գերմանիայի հավատարմատարը: Դա առիթ է հանդիսանում, որպեսզի մեծ տերությունները երկուհազարանոց ծովային դեսանտ իջեցնեն Չինաստան: Պաշտոնական նպատակը դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանությունն էր: Իրականում տեղի ունեցավ օտարերկրյա ներխուժում երկիր:
Երբ 1917թ. Հոկտեմբերյան հեղաշրջումից եւ Բրեստի հաշտության պայմանագիրը կնքելուց հետո Ռուսաստանում բացվում է Գերմանիայի դեսպանություն, էսէռները, ովքեր դեմ էին Բեռլինի հետ հաշտության գալուն, որոշում են սպանել դեսպանին եւ հրահրել նոր պատերազմ Ռուսաստանի ու Գերմանիայի միջեւ: Էսէռ Յակով Բլյումկինը մտնում է դեսպանություն եւ դեմ առ դեմ գնդակահարում դեսպան Վիլհելմ Միրբախին: Դրան հաջորդում է էսէռների խռովությունը (1918թ. հուլիսի 6-ին): Բոլշեւիկներից մեծ ջանքեր են պահանջվում իրադրությունը շտկելու համար:
1968-1973 թթ. ընթացքում տեղի է ունենում 25 ահաբեկչական հարձակում դեսպանների վրա, որոնցից մի քանիսը սպանվում են:
Դիվանագետների սպանություններով եւ ահաբեկչությամբ հատկապես «հարուստ է» Լատինական Ամերիկան:
1979 թ. նոյեմբերի 4-ին պարսիկները Թեհրանում զավթում են ԱՄՆ-ի դեսպանությունը եւ պատանդ վերցնում 63 դիվանագետի: Ամերիկացիների փորձերը՝ ուժով լուծել խնդիրը` տապալվում են, զոհվում են մարդիկ: Պատանդներն ազատվում են 444 օր հետո, Ալժիրի կառավարության միջնորդությամբ: 2006 թ. Իրաքում սպանվում է 5 ռուս դեսպան:
Օտար ընթերցողի մոտ կարող է հարց ծագել: «Իսկ ի՞նչ կասես քո՛ հայրենակիցների մասին: Հայերի կողմից բռնարարքներ եղե՞լ են, թե՞ ոչ»: Այո՛, եղել են: 1975-84 աշխարհի տարբեր վայրերում զինված հարձակումներից սպանվել են 42 թուրք դիվանագետ եւ պաշտոնյա: Գործողությունների մեծ մասի պատասխանատվությունը ստանձնել է «Հայաստանի ազատագրական հայ գաղտնի բանակը» (A.S.A.L.A.): Շարժառիթը 1915 թ. Թուրքիայի կողմից կազմակերպված հայկական ցեղասպանությունն է, որի ընթացքում զոհվեց մեկուկես միլիոն մարդ: Այստեղ, սակայն, կա մի կարեւոր հանգամանք: A.S.A.L.A.-ի ահաբեկչական գործողությունները կատարվել են անհատների կամ ոչ պետական կազմակերպությունների կողմից, քանի որ Հայաստանն այդ տարիներին չուներ պետականություն եւ միջազգային իրավունքի սուբյեկտ չէր հանդիսանում: Սա չի փոխում բռնարարքի էությունը, սակայն դրան հաղորդում է իրավական այլ սահմանում եւ որակավորում:
Դիվանագետների դեմ կատարված բռնարարքների ցուցակը կարելի է շարունակել, սակայն կարող ենք խնդիր ունենալ ընթերցողի համբերության հետ: Ասենք միայն, որ դիվանագիտական իմունիտետի խախտման դեպքերը, որոնք պատճառ են հանդիսացել մարդկային զոհերի, ռազմական բախումների, անգամ պատերազմների` եզակի երեւույթ չեն դիվանագիտական պատմության մեջ: Մենք դեռ կանդրադառնանք դիվանագիտական արյունալի եւ դրամատիկական բախումներին:
Շարունակելի