Մութ բարքեր՝ պետական քոլեջում

27/01/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Պետական գյուղատնտեսական քոլեջի եւ իրականության միջեւ սահմանագիծը նույնն է, ինչ գյուղի փոստային բաժանմունքի ցելոֆանապատ սահմանը: Այն սրահը բաժանում է երկու մասի: Խամրած ցելոֆանից այն կողմ հազիվ նշմարվում էր փոստային ծառայության աշխատակցուհին: Վերջինս «հավեսով» կտրելով եղունգները՝ միաժամանակ պատասխանում էր մեր հարցերին՝ թերեւս հույս ունենալով, որ խամրած ցելոֆանից այն կողմ իր գործողություններն աննկատ են մնում: Ճիշտ այդպես էլ մտածում էին Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատակիցները, երբ փորձում էին մեզ համոզել, որ իրենց քոլեջում որեւէ խնդիր չկա, ամեն ինչ հրաշալի է, ընդամենը «մի քիչ աշխատավարձերի, կրթաթոշակների պարտք կա»:

Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջը հիմնվել է 1937թ.: Նախկինում, ըստ գյուղացիների, գյուղի «տեխնիկումը» մեծ համբավ է ունեցել: Մինչդեռ նոր ժամանակների հետ կրթական հաստատությունում փոխվեցին որոշ բաներ, ինչպես, օրինակ, քոլեջում ներդրված կրեդիտային համակարգը: Չնայած տեղի ունեցած փոփոխություններին, քոլեջը ենթակառուցվածքային եւ աշխատակիցների խորհրդայնապաշտ մտածելակերպի տեսակետից մնաց նույնը: Աշխատակիցներն այնքան են հարմարվել իրենց ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալու հանգամանքին, որ դա համարում են նորմալ երեւույթ: Այս օրերին քոլեջում լայնորեն քննարկվում է «մի խումբ աշխատակիցների» կողմից ԶԼՄ-ներին ուղարկված նամակը, ըստ որի` 5 ամիս շարունակ քոլեջը չի վճարում իրենց աշխատավարձերը, ուսանողների կրթաթոշակները, արձակուրդայինները, ինչպեսեւ մեծ՝ պարտքեր են գումարվել անցյալից: «Քոլեջի տնօրինությունը պատճառաբանում է, թե պետական բյուջեն չի վճարում, սակայն բոլորս լավ էլ հասկանում ենք, որ խնդիրն այլ է: Ստորացված, նսեմացված, աղքատիկ վիճակում ենք հայտնվել, չենք կարողանում նայել մեր կանանց, երեխաների աչքերին: Նոր տարվա շեմին բաժանեցին կասկածելի գումարներ՝ իբր 2 ամսվա աշխատավարձ (2-ն իրար հետ կազմում էր 30.000 դրամ): Չգիտեինք՝ ստանա՞լ, թե՞ ոչ: Որեւիցե օրինական փաստաթղթի վրա չենք ստորագրում, ինչպե՞ս կարող է ամսական աշխատավարձը կազմել 15.000 դրամ, չէ՞ որ բոլորս էլ կրթված մարդիկ ենք, գոնե դա հասկանան, որ գիտենք մեր պարապած ժամերը»,- ասվում է քոլեջի մի խումբ աշխատողների կողմից ԶԼՄ-ներին հասցեագրված նամակում: Երեկ մենք փորձեցինք գնալ այս նամակի հետքերով՝ պարզելու, թե իրականում ի՞նչ է կատարվում պետական կարգավիճակ ունեցող այդ քոլեջում:

Շղարշված հակասություններ

Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջի մուտքի մոտ տղամարդկանց խումբ էր կանգնած: Ներս մտնելով շենք՝ նրանցից մեկն ընդառաջ եկավ ինձ: Նախ հարցրեց՝ ո՞վ եմ եւ ի՞նչ գործ ունեմ քոլեջում: «Ե՞րբ եք աշխատավարձ ստացել»,- հարցրեցի նրան, որից հետո նա ձեռքով ինձ հրեց դեպի քոլեջի փոխտնօրենի սենյակը: Մինչ վերոնշյալ սենյակ հասնելը աստիճանների հարթակին հանդիպեցի քոլեջի մեկ այլ աշխատակցի: Վերջինս եւս խուսափեց պատասխանել մեր հարցին, թե քանի՞ ամիս է՝ աշխատավարձ չի ստացել: Կինը նույնպես մատնացույց արեց փոխտնօրենի սենյակը: Քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Սերգեյ Բադալյանը խնդրեց մի քանի րոպե սպասել, քանի որ տնօրենն անհրաժեշտ փաստաթղթեր էր խնդրել: Ի դեպ, հետո Ս. Բադալյանն այս փաստը հերքեց՝ նշելով, որ փաստաթղթերը խնդրել էր ոչ թե տնօրենը, այլ Կրթության եւ գիտության նախարարությունից: «Դուք սխալ հասկացաք ինձ: Ես սկզբից էլ ասացի, որ նախարարությունից զանգահարել են եւ որոշ փաստաթղթեր են խնդրել»,- ընդգծեց Ս. Բադալյանը: Մինչ Ս. Բադալյանը կգտներ անհրաժեշտ փաստաթղթերն ու կներկայացներ զանգահարողին, փորձեցի զրուցել աշխատակիցների հետ:

Քոլեջի արհեստանոցի վարիչ Արարատ Պողոսյանն ասաց, որ ինքն անձամբ աշխատավարձ ստացել է դեկտեմբերին: «Իմ աշխատավարձը ժամերի քանակից է կախված: Տվյալ ամսվա ընթացքում ինչքան ժամեր եմ պարապում, էդքան էլ աշխատավարձս ա: Իսկ իմ ստաբիլ աշխատավարձը 30.000 ա»,- մեզ հետ զրույցում նշեց Ա. Պողոսյանը: Հարցին, թե քոլեջի բոլո՞ր աշխատողներն են ստացել աշխատավարձ, քոլեջի աշխատակիցը պատասխանեց. «Ես ի՞նչ գիտեմ, թե ով ինչ ա ուտում, ինչ ա անում: Եթե իմ ներկայությամբ իմ ընկերը ստացել ա, գիտեմ, բայց եթե մնացածին չեմ տեսել՝ ի՞նչ կարամ ասեմ: Բոլորն էլ իրենց ռոճիկը ստացել են: Ես պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա՝ ստացել եմ, պաժալուստա, խնդրեմ»: Ինչեւէ, քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Սերգեյ Բադալյանը պատրաստակամությամբ պատասխանեց հարցերին: «Աշխատավարձերի խնդիրը կապված է արտաբյուջետային գումարների հետ: Մենք բոլորս Հայաստանում ենք ապրում, այլ մոլորակից չենք: Ի պաշտոնե ես հիմա զանգում եմ այս ծնողին, այն ծնողին, որ բերեն վճարը մուծեն, որ մենք էլ կարողանանք մեր աշխատակիցներին վճարել»,- ասաց Ս. Բադալյանը: Ըստ նրա՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների աշխատավարձերը վճարել են դեկտեմբերին: «Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձը մենք ուզում ենք վճարել՝ ստանալով վերադասի՝ Գյուղնախարարության հետ պայմանագիրը, որ իրենք կնքեն, ֆինանսական այդ հարցը լուծեն, որ մենք կարողանանք աշխատավարձերը տալ»,- նկատեց քոլեջի աշխատակիցը՝ առաջարկելով հրավիրել հաշվապահին, ով ավելի հստակ տեղեկատվություն կտա աշխատավարձերի վճարման ժամանակացույցի մասին: «Մենք չենք ժխտում, որ ունենք խնդիրներ, որ քաջ գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որ ծառացած է ղեկավարության առջեւ, որ խնդիրներին պետք է լուծում տալ: Բայց չէ՞ որ դրա համար ժամանակ է հարկավոր: Ճիշտ հասկացեք, բնավ մտադրություն չունենք արդարացման կամ քննադատական տոնով հանդես գալու, բայց համաձայնեք մեզ հետ, եթե մենք ուզում ենք ունենալ առողջ հասարակություն, առաջընթաց, նորմալ կրթություն, պետք է շարժվենք այն չափանիշներով, որոնք համապատասխանում են բացախոսությանը եւ ժողովրդավարությանը, թե չէ, ի՞նչ է ստացվում՝ տեղից վեր կացողը քար է շպրտում»,- ընդգծեց քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենը: Նրա խոսքերով՝ այսօր ոչ մի բան իդեալական չէ, եւ եզակի դասախոսների մոտ որոշակի պարտքեր են առաջացել: Փոխտնօրենի փոխանցմամբ՝ ինքը չի կարող ասել, թե քանի հոգու ինչքան պարտք ունեն, բայց վստահ է, որ մի խումբ աշխատողների անունից նամակ գրած անձը մեկն է, եւ, ընդ որում՝ փոխտնօրենը կասկածներ ունի, որ միգուցե այդ անձն աշխատում է իրենց կոլեկտիվում: Ս. Բադալյանը նշեց նաեւ, որ իր համար անհասկանալի է այն հանգամանքը, թե ինչու քոլեջի դասախոսը 1 ժամ դասախոսության համար պետք է վարձատրվի՝ 250, իսկ դպրոցի ուսուցիչը՝ 750 դրամով: Քոլեջի նորանշանակ տնօրեն Արա Խաչատրյանի փոխանցմամբ՝ 4 ամիս է՝ ղեկավարում է քոլեջը: «Քոլեջն ընդունել եմ խնդիրներով: Կոլեկտիվի հետ միացյալ ուժերով ծրագիր ենք կազմել, եւ փուլ առ փուլ իրականացնում ենք»,- ասաց Ա. Խաչատրյանը, ով, ի դեպ, քոլեջի նախկին տնօրենի որդին է: «Ի՞նչ խնդիրներ են» հարցին պատասխանելիս՝ Ա. Խաչատրյանը նախ նշեց, որ պետական քոլեջը ֆինանսավորվում է 2 աղբյուրից՝ պետուբյուջեից եւ արտաբյուջետային, այսինքն՝ վճարովի համակարգում սովորող ուսանողների վճարներից: Պարզվում է, պետբյուջեի կողմից գումարները տրվում են կանոնավոր ձեւով, այնինչ արտաբյուջետային մասում խնդիրների պակաս չկա: Քոլեջի ուսանողները վճարունակ չեն: Սակայն, ի զարմանս այս փաստի, նորանշանակ տնօրենը սեպտեմբերի 1-ից ուսման վճարները 10.000 դրամով բարձրացրել է՝ 70.000 դրամից դարձնելով 80.000 դրամ: «Ինչի՞ ենք բարձրացել գումարները, որովհետեւ Դուք գիտեք՝ ամեն ինչը թանկանում ա, համենայնդեպս, փորձում ենք մեր մանկավարժների աշխատավարձերը մեծացնել»,- շեշտեց տնօրենը: Իսկ հարցին, թե արդյո՞ք տնօրենն իրավասություն ունի ուսումնական տարվա շեմին ուսման վճարներ բարձրացնել, Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Մինչեւ 2010թ. դա տնօրինության իրավասության տակ էր, բայց քանի որ արդեն ուժի մեջ է կոլեգիալ մարմինը, այսօր դա արդեն կոլեգիալ մարմնի իրավասության տակ է: Մենք ունեցել ենք կոլեգիալ մարմնի նիստ, որտեղ էլ որոշել ենք ուսման վարձը բարձրացնել 10.000 դրամով: Բայց ես մի բան էլ ասեմ՝ բավականին դժվար է գանձել ուսման վճարները ուսանողներից: Ուսանողների սոցիալական պայմանները գիտեք: Բնականաբար, գալիս-խնդրում են, որ հնարավորություն տանք սեսիան ավարտելու, ընդառաջենք, թույլ տանք, որ քննությունները հանձնեն, այդ պատճառով ժամկետներից ավելի ուշ են վճարում, եւ արտաբյուջետային աշխատավարձերը լինում է, որ ուշանում են: Ոնց գումարը գանձվում ա, ոնց հավաքվում ա, դասախոսը, որ իր ծառայությունները տվել է ուսանողին, իր գումարը ստանում է»,- ասաց Նոր Գեղիի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրենը: Վերջինիս ասելով՝ դեկտեմբերի 29-ին քոլեջի աշխատակիցները ստացել են նոյեմբեր ամսվա աշխատավարձը: Տնօրենն ասաց, որ ինքն էլ անձամբ նոյեմբերի աշխատավարձն է ստացել: Իսկ «մի խումբ աշխատողների» գրած անստորագիր նամակը Ա. Խաչատրյանն այսպես մեկնաբանեց. «Մենք ունեցել ենք կրճատումներ՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին: Եղել են հա՛մ մանկավարժներ, հա՛մ տեխնիկական անձնակազմի աշխատողներ: Եվ, բնականաբար, երբ մարդը կրճատվում ա, ինքը գոհ չի այդ պահից, եւ չես կարա մարդուց պահանջելս, որ ինքը աշխատանքից դուրս գալով՝ մի հատ էլ քեզ շնորհակալ լինի: Իսկ ինչ վերաբերում է, թե 5 ամիս աշխատավարձ չեն ստացել, նման բան գոյություն չունի: Դա չարախոսանք է»: Քոլեջի տնօրենի խոսքերով՝ եթե իրականում իր ղեկավարած կրթական հաստատությունում վիճակն ահավոր է, ինչպես նկարագրել էին նամակում, ապա նամակի անստորագիր լինելը, տնօրենի կարծիքով, անհասկանալի է:

Վախենո՞ւմ, թե՞ զգուշանում էին

Մեզ հաջողվեց հանդիպել նաեւ քոլեջից ազատված աշխատակիցների հետ: Վերջիններս նախ՝ խնդրեցին չհրապարակել իրենց անունները: Աշխատակիցները խոսում էին սաստիկ զգուշությամբ ու լարվածությամբ: Նրանք ամեն կերպ խուսափեցին մեր հարցադրումներից: Քոլեջից ազատված աշխատակիցներից մեկն ասաց, որ իրեն ազատել են, որովհետեւ իր դասաժամերի քանակը քիչ էր: Նա ստանում էր ընդամենը 25.000 դրամ: Նախկին դասախոսի ասելով՝ ինքը դրանով չէր կարողանում տուն պահել: Իսկ քոլեջի մուտքի մոտ մեզ հանդիպեց ներկա աշխատակիցներից մեկը, ով չներկայացավ, բայց խոստացավ պատմել քոլեջի իրական բարքերի մասին. «Խայտառակ բաներ են կատարվել ու կատարվում: Վերջում ամեն բան կասեմ»: Սակայն այս խոսքերն ասող պարոնին մենք այդպես էլ չհանդիպեցինք: Ինչեւէ, ամբողջ խնդիրն այն է, որ այս քոլեջում տիրում է կատարյալ վախի մթնոլորտ: Աշխատակիցներից ոմանք մեզ հետ զրույցում անգամ դժվարանում էին ասել իրենց աշխատավարձերի իրական չափը, կամ թե ո՞ր ամսվա աշխատավարձն են ստացել: Իսկ գյուղի բնակիչներից ոմանք, լսելով քոլեջի մասին, հեգնում էին՝ ասելով. «Լավ է ուրիշ բանի մասին հարցնես»: Ի դեպ, ներկայումս քոլեջն ունի 136 ուսանող, որոնցից 76-ը՝ ըստ քոլեջի փոխտնօրենի, սովորում է վճարովի համակարգում, մնացյալը՝ պետպատվերի շրջանակում: