Լավատեսական իմպրովիզացիա

27/01/2011 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Նկարիչ Արմեն Պրոյանն այն ստեղծագործողներից է, ովքեր իրենց միջավայրը, ամենօրյա կյանքի ռիթմի միջով անցնող պերսոնաժներին, երազանքներն ու գույներն ընկալում են որպես փոքր թատերաբեմ: Ա.Պրոյանի թատրոնը շատ ուրախ, լուսավոր, ջերմ ու հումորով լի է: Նրա կտավներում բարդ գաղափարական ուղերձներ չես գտնի, ամեն բան միտումնավոր պարզեցված ու «բեռնաթափված» է: Նկարիչը կարծես ցանկացել է շեշտել մանուկների աշխարհընկալմանը հատուկ ամբողջականությունը` կարեւորելով ոչ թե նկարչական տեխնիկայի անթերիությունը, այլ` նկարներից ճառագող լավատեսությունը, որն, ի դեպ, շատ հաճախ թաքնված է ամենասովորական, մի քանի շտրիխներով պատկերացված ֆիգուրների ու իրադարձությունների մեջ: Օրինակ, «շոփփինգի» մեջ, որը անասելի ուրախություն է պարգեւում, մանավանդ, երբ քո ուզած ճտքավոր կոշիկներն ես գնում: Իսկ երբ որոշում ես երեխայիդ մազերը ճերմակ ժապավենով զարդարել, ապա անպայման վրայովդ սկսում է սավառնել երջանկության ստվերը` հիշեցնելով, որ հրեշտակները հենց քո կողքին են: Վերջիվերջո` դու ինքդ էլ ես մի հրեշտակ, չէ՞, հասցրել ես քամու հետ տարուբերվող շարֆ փափաթել վզիդ: Հունվարի 15-31-ը Ա.Պրոյանի աշխատանքները ցուցադրվում են (նաեւ վաճառվում) «Բյուրոկրատ» գրախանութի ցուցասրահում, որտեղ, ի դեպ, շատ գեղեցիկ են դիտվում` տեղավորվելով վաճառվող գրքերի ու մշակած ինտերիերի կոնտեքստի մեջ, որպես կարեւոր դետալներ: «Ես սովորաբար նկարում եմ այն, ինչն ուզում եմ, եւ բնավ էլ պատվանդանի վրա տեղ գրավելու նպատակ իմ առջեւ չեմ դնում: Տարիների ընթացքում իմ նկարները դարձան ավելի թեթեւ ու «լղոզված»: Միգուցե նաեւ` ավելի ուրախ: Ուզում եմ, որ դիտողը ոչ մի դեպքում չհիշի սարսափի, տագնապի, բարդ պրոբլեմների մասին, այլ` պարզապես կյանքի ուրախ գույներով լիցքավորվի»,- ասում է Ա.Պրոյանը:

Նրա կտավներում «ապրում» են ծիծաղելի, խոցելի ու երազկոտ պերսոնաժները (հիմնականում կանայք), ովքեր միաժամանակ խաղում են ու իրենց դերն ու այդ խաղը կյանք են դարձնում: Ա.Պրոյանի ստեղծած պերսոնաժներին կարելի է «համեղ» անվանել, քանի որ բոլորն էլ փորձում են զգալ կյանքի «համը»: «Առավոտ» կտավում, օրինակ, ռոմանտիկ մի կին է, ում օրը սկսվում է աքաղաղի այցելությամբ, իսկ մեկ այլ կտավում` պատկերված է զբոսանքի հաճույքը: Ընդ որում` զբոսանքի դուրս ելած օրիորդին ուղեկցում է վարդագույն խոզուկը:

Արմեն Պրոյանը երիտասարդ տարիներին աշխատել է Ռոբերտ Սահակյանցի ստուդիայում, գրքեր է նկարազարդել: Եվ հիմա էլ, նայելով նրա «անշարժ» աշխատանքներին, նկատում ես, որ բոլորն էլ ունեն իրենց սյուժեն ու կինոլեզուն:

«Ես չեմ ցանկացել «լպստել» նկարներն ու հարթ մակերես ստանալ: Շատ բան թողել եմ անավարտ ու անմշակ, որպեսզի օպտիմիզմն ու իրոնիան չկորչի»,- ասում է նկարիչը: Ա.Պրոյանի նկարները ոչ այնքան թանգարաններում կախվելու, որքան տան ինտերիերը համալրելու համար են, քանի որ իրապես պայծառացնում են նրանց վրա անգամ հպանցիկ հայացք նետող մարդկանց, ու տան մթնոլորտին անհատական շունչ են փոխանցում: Եվ զրույցի են բռնվում իրենց տերերի հետ:

Ակադեմիական նկարչական կրթություն ստացած Ա.Պրոյանը նշում է, որ Երեւանի Գեղարվեստի ակադեմիան իրեն շատ կարեւոր բազա է տվել, որն իր աշխատանքներում օգտագործելուց հետագայում նա հրաժարվել է` գերադասելով իմպրովիզացիոն մոտեցումը. «Ճիշտ այնպես, ինչպես լավ ջազային երաժշտին է օգնում սոլֆեջիոյի իմացությունը, այնպես նկարչական «սոլֆեջիոն» է օգնում ինձ` արտահայտել իմ մտքերը, որոնք ավելի թեթեւ ու միգուցե նաեւ` ավելի պարզ են դարձել»:

Ա. Պրոյանը երկար ժամանակ ապրել է Հունաստանում, որտեղ դասավանդել է արվեստի քոլեջում եւ զբաղվել շենքերի արտաքին ձեւավորմամբ ու ժամանակակից որմնանկարչությամբ: Հույների պատվերով` նա նկարչական աշխատանքներով դեկորացրել է բնակարանների, խանութների, սրճարանների, ակումբների պատերը: Հատկապես առանձնանում են նրա նկարազարդված մանկական սենյակները, որտեղ ծաղկել են ծաղիկները, սավառնել են թռչունները, ծագել է արեւն ու վարդակների վրա գորտեր են բազմել: «Անելով այդ աշխատանքը, միշտ փորձել եմ ոչ թե նկարներով «խեղդել» սենյակը, այլ շեշտել դետալները, որոնք պետք է դառնան այդ սենյակում ապրող մարդու կենցաղի մասնիկը»,- ասում է Ա.Պրոյանը, ում նկարչական մոտեցումը ոչ թե պրովոկացիոն ու ագրեսիվ է, այլ զգույշ ու նրբանկատ:

Աթենքի քաղաքական իշխանությունների համաձայնությամբ, նա միատարր քաղաքային պեյզաժին նոր երանգ է հաղորդել` քաղաքի պատուհանների, պատշգամբների շարանը նկարելով շենքերի քարե պատերի վրա: Օրինակ, կատարելով հույն մեծահարուստներից մեկի պատվերը` Ա.Պրոյանը շենքերի մի ողջ խումբ է նկարազարդել: «Այդ մեծահարուստն ամեն անգամ դուրս գալով իր տան պատշգամբ` ուզում էր տեսնել ոչ թե մոխրագույն պատ, այլ գեղեցիկ պատկեր, եւ այդ պատճառով իր դիմացի 5 հարկանի շենքի անգույն պատը դարձրեց պատկեր: Ի դեպ, նա այդ որոշումն ընդունել է` հաշվի առնելով նաեւ իր հարեւանների ցանկությունը: Չէ՞ որ քաղաքային պեյզաժը կարող է ուղղակիորեն ազդել բնակիչների տրամադրության վրա»,- ասում է նա:

Երբ նայում ես իսկական ու նկարված պատշգամբներին, երդիկներին ու վարագուրապատ պատուհաններին, դժվարությամբ ես տարբերակում իրականն ու պատկերային կրկնօրինակը: Ամեն ինչ այնքան ստույգ ու հաշվարկված է արված, որ նկարը չի դիտարկվում որպես միջամտություն, այլ շարունակում է արդեն իսկ գոյություն ունեցող պեյզաժը: Նույնիսկ նկարված երկինքն է շարունակում իրական երկնքի ուրվագիծը: Իսկ նորակառույց շենքերի անդեմ պատերը ստանում են հին Աթենքի դրոշմը, ինչի շնորհիվ էլ չի ընդհատվում քաղաքի «շնչառությունը»:

Այն դիտարկմանը, որ նման գորշ պատերը քիչ չեն Երեւանում, ու վաղուց արդեն հասունացել է քաղաքի տեսքը գոնե հատվածաբար ամբողջացնելու պահանջը, Ա.Պրոյանը պատասխանեց. «Գորշ պատեր Երեւանում շատ կան, բայց կարծում եմ՝ դրանց վրա նկարելու պահանջը չկա: Ի տարբերություն Հայաստանի, Հունաստանում մեծ դեր է կատարում միջին խավը, որը շատ լավ հասկանում է, որ իր աշխատած գումարի որոշակի մասը կարող է հատկացնել սեփական հարմարավետության համար: Այդ թվում նաեւ` սեփական քաղաքն ավելի գեղեցիկ դարձնելու համար: Ամենաթանկ տները համարվում են 19-րդ դարի շենքերը, որոնք երբեք իրենց արտաքին տեսքից չեն զրկվում, այլ ընդհակառակը` ամեն մի նոր սեփականատեր պարտավորվում է խնամքով պահպանել ու վերականգնել պատմական շենքի տեսքն ու չափերը (այլ ոչ թե մեզ նման, երբ ուզի, առաջ գնա, նոր հարկ կառուցի կամ քանդի): Սեփականատերերը միլիոնավոր դոլարներ են ծախսում` շենքը նույնությամբ պահպանելու համար` անելով դա մեծ պատասխանատվությամբ ու հպարտությամբ: Նաեւ նկարիչ են հրավիրում ու վճարում նրան` հարեւանությամբ գտնվող շենքերի վրա նկարելու համար»:

Դիտելով Ա.Պրոյանի հունական քաղաքային նկարազարդումները, հասկանում ես, որ երեւանցիների մեծամասնության մոտ բացակայում է այն հատկությունը, որը պայմանականորեն կարելի է «առողջ էգոիզմ» անվանել: Չէ՞ որ պետք է իրոք ինքդ քեզ շատ սիրես, որպեսզի ցանկանաս պատուհանից տեսնել գեղեցիկը, այլ ոչ թե փակվես քո զնդան-բնակարանում ու անտեսես միջավայրդ: Ի դեպ, անգամ մեր անձնական բնակարաններն են զուրկ անհատական կնիքից: Մեզանում վերանորոգման ստանդարտներ կան, որոնք անընդհատ շրջանառության մեջ են դրվում (նույն պատուհանների շրջանակները, բազմոցները, սպիտակ պատերը, լուսային ձեւավորումը): «Եվրոռեմոնտ» ասվածը կարծես վերացնում է անհատականը: Ա.Պրոյանի դիտարկմամբ` շատ բնակարաններ իրեն դիզայնի ամսագրերի էջերից դուրս եկած պատկերներ են հիշեցնում, որոնց մեջ մարդը բացակայում է: «Ես վստահ եմ, որ մեզ մոտ շուտով կփոխվի այդ մոտեցումը: Պարզապես պետք է, որ մեր մեծահարուստների կամ էլ նրանց երեխաների աչքը «կոփվի»: Հիմա շատերը սովորում, աշխատում են արտասահմանում, եւ հույս կա, որ նրանք այլ հայացքների կրող կդառնան»,- ասում է նա:

Ա.Պրոյանը նկարազարդել է Հայաստանի մանկական օրթոպեդիկ կլինիկաներից մեկի պատերը` գորշ հիվանդանոցային մթնոլորտին գույն ու ջերմություն հաղորդելու ցանկությամբ: Այդ քայլը եղել է հենց նկարչի նախաձեռնությունը ու կատարվել է զուտ բարեգործական հիմունքներով: Նա ունի նաեւ շատ կոնկրետ մի առաջարկ` նկարել նախարարությունների շենքի վրա: «Պատկերացրեք, ինչ հետաքրքիր կլինի, եթե առողջապահության նախարարության պատերի վրա գույներ հայտնվեն, օրինակ, մարդկային սրտերի տեսքով: Իսկ Մշակույթի նախարարության պատերը կարելի է մաքուր ու անթափանց սեւ ներկել, ինչը շատ գեղեցիկ ու ակտուալ կնայվի»,- կեսկատակ-կեսլուրջ ասում է նա: Ընդհանրապես Ա.Պրոյանն անընդհատ նոր գաղափարներ ակումուլյացնող մարդ է, ով ոչ միայն «կոփված» հայացք, այլեւ` մեծ սեր ունի իր հայրենիքի հանդեպ: «Մենք կուլտուրաների շատ հետաքրքիր խառնուրդի` պոստսովետական, ռուսական, արաբական (հատկապես հաշվի առնելով հյուրանոցային դիզայնի տեսությունը) ականատեսն ենք: Փողոցներում ինչ ասես` կհանդիպես. Հոլիվուդից ուղարկված շապիկներ, ասիական զգեստներ, սեւազգեստ ավանդույթներ: Հիմա շատ հետաքրքիր ժամանակ է, քանի որ անընդհատ ինչ-որ նոր բաներ են ծլում ու արմատներ ձգում: Իրականում այս մեր քաոսային վիճակն այնքան է պարարտացվել, որ մոտ ժամանակներս անպայման որակական փոփոխության կհանգեցնի: Դրսում ապրելով ու հեռվից փնովելով` ոչինչ չես փոխի: Պետք է այստեղ ապրել, որպեսզի հնարավոր լինի փոփոխություններ անել: Կամ էլ գոնե` չվախենալ այդ փոփոխություններից: Եվ թող առաջին քայլը լինի շենքերից որեւէ մեկի վրա նարնջագույն արեւի կամ էլ 20-մետրանոց կապույտ ծաղկի պատկերումը: Իրականում այդ մեկ ծաղիկը շատ բան կարող է փոխել»,- ասում է Արմեն Պրոյանը։