Պենելոպա Քրուզն այսուհետ մայր է

27/01/2011

Հունվարի 26-ին ինտերնետային բազմաթիվ կայքերում հայտնվել է դերասանուհի Պենելոպա Քրուզի մայրանալու լուրը: Ծննդաբերությունը կայացել է հունվարի 25-ին` Լոս Անջելեսում: Երեխայի հայրը՝ 41-ամյա դերասան Խավյեր Բարդեմն, այդ օրը երկու հրաշալի լուր է ստացել` առաջինն իր հայր դառնալու վերաբերյալ, եւ երկրորդը՝ որ Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է նրա անունը, որպես «տղամարդու լավագույն դերի» թեկնածու` «Օսկար» մրցանակաբաշխությանը: Դերասանները չեն շտապում հայտնել երեխայի սեռը եւ որեւէ այլ տեղեկություն տրամադրել նրա մասին: Եվ դա զարմանալի չէ. ինչպես հիշում եք, նրանց հաջողվեց թաքնվել անգամ պապարացիներից եւ գաղտնի ամուսնանալ անցյալ տարի` հուլիսին: Անգամ ամենահմուտ պապարացուն չհաջողվեց որեւէ կադր լուսանկարել նրանց հարսանյաց արարողությունից, որին ներկա էին միայն դերասանական զույգի ամենամտերիմ մարդիկ: Բայց ահա հղի Պենելոպա Քրուզի լուսանկարները բավականին հաճախակի հայտնվում էին ինտերնետային տարբեր կայքերում: Դերասանուհին կարծես չէր էլ ցանկանում թաքնվել լուսանկարիչներից: Հիշեցնենք, որ նա իր հղիության վերջին ամիսներին նկարահանվեց «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հերթական մասում: