Լատինական անվանումը կապված է քարոզիչ Իրժի Կամելիուսի անվան հետ։ Նա երկար տարիներ ապրել է Չինաստանում։ Ենթադրվում է, որ Հնդկաստանի հյուսիս-արեւելյան Ասսամ նահանգի խառը անտառներում աճող թեյենին հնագույնն է աշխարհում։ Ծառի բարձրությունը հասնում է 10 մ-ի, իսկ բնի տրամագիծը՝ 50-սմ-ի։ Հին չինական գրքերից մեկում թեյի դրական հատկությունների մասին գրված է. «Թեյը դառնահամ է, սակայն, երբ մարդ խմում է այն, սկսում է ավելի լավ տրամաբանել, վերանում է քնկոտությունը, հոգնածությունը, պայծառանում տեսողությունը»։ Չին իմաստասերները համարել են, որ թեյը միջնորդի դեր է կատարում Բուդդայի եւ թեյ խմողի միջեւ, օգնում է մարդուն հասնելու ինքնաճանաչման, բարձրացնում է նրա ոգին, առողջացնում եւ հանգստացնում հոգին եւ հետեւաբար պարգեւում առողջ, երկարակյաց կյանք։ Չինացիները մոտ 5000 տարի օրենքի ուժով պահպանել են թեյի ըմպելիքի պատրաստման գաղտնիքները։ Թեյերի բազմատեսակ (ավելի քան 3000) տեսականու սպեկտրում առանձնանում է կիսաֆերմենտացված փիրուզագույն կամ ուլուն կոչվող տեսակը, որն արտադրվում է միայն Չինաստանում։ Արարողությունների ժամանակ օգտագործվում է միայն այս տեսակը. այն կարելի է թրմել բազմաթիվ անգամ։ Ուլուն տեսակն առանձնանում է անկրկնելի համով եւ բազմաթիվ բուժիչ հատկություններով։ Այն կանխարգելում եւ բուժում է սիրտ-անոթային եւ ուղեղի անոթների հիվանդությունները, աթերոսկլերոզը, ունի երիտասարդացնող եւ նիհարեցնող հատկություն, լավացնում է արյան շրջանառությունը եւ հիշողությունը։ Այս տեսակը Չինաստանում բոլորն են խմում: Այն որեւէ հակացուցում չունի։ Եվրոպայում թեյի մասին իմացել են 1517 թվականից, այն որպես նվեր՝ մատուցվել է Պորտուգալիայի արքային, նրան հպատակ նավագնացների կողմից։ 100 տարի անց թեյը սկսեց ներմուծվել հոլանդական առեւտրական նավերով։ 1664 թվականից թեյն ընդունվեց որպես արարողական ըմպելիք անգլիական արքունիքի կողմից։ 18-րդ դարի սկզբից Լոնդոնում գործում էին թեյի մասնագիտացված խանութ եւ թեյարան, որից հիմնականում օգտվում էին կանայք։ Մինչ այսօր էլ սեւ թեյը Անգլիայում համարվում է գեղեցկության խորհրդանիշ։ Անգլիական «Five aգclock» թեյըմպման պարտադիր պարագաներն են կաթը, շաքարը եւ կիտրոնը։ Կիտրոնի հյութը 5-10 անգամ ավելացնում է թեյի հակաօքսիդանտ նյութերի (կատեխիններ) յուրացումը, որոշ չափով օգտակար է նաեւ շաքարը։ Սակայն կաթնային սպիտակուցը խոչընդոտում է կատեխինների յուրացմանը, իսկ թեյի մեջ պարունակվող կոֆեինը խանգարում է կաթնային կալցիումի յուրացմանը։ Անգլիացիները նախընտրում են Շրի-Լանկայի (Ցեյլոն) թեյերը։ Շրի Լանկայում թեյը հիմնական մշակաբույս է, այն հայտնվել է կղզում 19-րդ դարում։ Երկրում առանձնացված են 7 կլիմայական գոտիներ, որոնցից ստացված թեյերը տարբերվում են, այդ երկրում արտադրված թեյի տուփի վրա պատկերված է թրով առյուծ։
Ռուսաստանում թեյը տարածում է ստացել 1812թ. Նապոլեոնի արշավանքից հետո։ 1818թ. մշակում են Նիկիտինյան այգում, 19-րդ դ. երկրորդ կեսից այն սկսում են մշակել Սեւ ծովի Կովկասյան ափերին։
Թեյը կիտրոնով խմելու «հեղինակային իրավունքը» պատկանում է ռուսներին: Ռուսաստանում սիրում են թեյը խառնել այլ բույսերի հետ, այդ երկրում մեծ կիրառում ունեն կարմիր եւ սեւ թեյերը, իսկ վերջին տարիներին նախընտրում են կանաչ թեյը։
Թեյի մշակովի տեսակը մշտադալար թուփ է, մատղաշ տերեւները ծածկված են արծաթափայլ խավիկով, դրանք օվալաձեւ են, եզրերը՝ սուր-կտրատված (սղոցաձեւ)։ Տերեւները թափվում են գարնանը` իրենց տեղը զիջելով նորերին։ Ծաղիկները մեծ են, 10 սմ տրամագծով, սպիտակ գույնի, դեղին կամ վարդագույն երանգավորումով, խավոտ։ Բույսը ծաղկում է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, պտղաբերում է հոկտեմբեր-նոյեմբերին։ Պտուղը փեղկավոր տուփիկ է, 5-6 փայլուն կլորավուն սերմերով։ Դրանց տրամագիծը 1 սմ-ից ավելի է։ Սերմերից ստանում են յուղ, որն օգտագործվում է օծանելիքի արտադրության մեջ։
Սպիտակ, կանաչ, դեղին, կարմիր եւ սեւ թեյերը ստանում են նույն թփից։ Թեյենու մատղաշ ընձյուղները (ֆլոշ կամ ֆլեշ) անընդհատ կտրում են: Որքան քիչ են ընձյուղի վրայի տերեւները, այնքան բարձր է թեյի որակը։ Տերեւների քանակը տատանվում է՝ 1-3։ Տերեւները փռում են բարակ շերտով, երկար ժամանակ չորացնում պարբերաբար պտտելով եւ ոլորելով դրանք։ Այդ ընթացքում դրանց մեջ կատարվում է խմորում (ֆերմենտացիա), որը բերում է բաղադրության, հոտի եւ համի փոփոխության։ Այս պրոցեսի ավարտին տերեւները ստանում են կարմիր գույն։ Այնուհետեւ տերեւները ենթարկվում են ջերմային մշակման՝ ստանալով սեւ գույն։
Գագաթային մասում գտնվող նուրբ, փայլուն խավիկով ծածկված տերեւներից ստանում են առավել արժեքավոր թեյի տեսակները։
Կանաչ թեյ ստանալու համար տերեւներն անմիջապես ենթարկվում են ջերմային վերամշակման։ Կանաչ թեյը զիջում է սեւ թեյին բուրմունքով, սակայն դրա մեջ ավելի շատ է օգտակար նյութերի բաղադրությունը։ Որակյալ կանաչ թեյի ըմպելիքը կիտրոնի գույն ունի, ցածրորակը՝ դեղին։
Թեյենու տերեւները, ընձյուղը, բողբոջները հարուստ են օգտակար նյութերով՝ որոնց քանակը 300-ից ավելի է։ Թեյենին պարունակում է ալկալոիդներ, գլիկոզիդներ, եթերային յուղեր, մեծ քանակությամբ բիոֆլավոնոիդներ, ածխաջրեր։
Սպիտակուցների քանակությամբ ֆերմենտացման չենթարկված թեյենու տերեւը չի զիջում լոբազգիներին։ Թարմ տերեւներում վիտամին C-ի պարունակությունը մի քանի անգամ գերազանցում է ցիտրուսայիններին, իսկ վիտամին P-ն նպաստում է վիտամին
C-ի յուրացմանը, ամրացնում արյունատար անոթների պատերը։ Տանինի բարձր պարունակություն ունեցող սեւ թեյի տեսակները նույնպես հարուստ են P վիտամինով։ 3-4 բաժակ թեյը (5-7 գրամ՝ 400 մլ ջուր) լրացնում է օրգանիզմի 1 օրվա չափաբաժինը։ Թեյը հարուստ է նաեւ ենթավիտամին A-ով, վիտամիններ B1, B2, B5, ֆոլիաթթվով, պարունակում է կոֆեին, դաբաղանյութեր, դառնանյութ, կալցիում, մագնիում, երկաթ, ֆտոր, կրեմնիում, ֆոսֆոր, մանգան, կալիում։ Թեյում պարունակվող վիտամին K-ն նպաստում է պրոտրոմբինի առաջացմանը լյարդում, այս նյութը կարգավորում է արյան մակարդելիությունը։
Կանաչ թեյից առանձնացվել են թվով 6 հակաօքսիդանտ հատկություն ունեցող կատեխիններ, դրանց միացությունները եւ բաղադրիչները։ Գիտնականներն ապացուցել են, որ կանաչ թեյը կանխարգելում է ազատ ռադիկալների ազդեցությունը եւ ծերացման ընթացքը։ Կանաչ թեյը պարունակում է մեծ քանակությամբ ամինաթթուներ։
Հայտնի է, որ նիհարեցնող սննդակարգի անցնելու դեպքում օրգանիզմը հայտնվում է սթրեսային վիճակում։ Ցածր կալորիականություն ունեցող եւ բազմաթիվ օգտակար նյութեր պարունակող թեյը շատ օգտակար է նման պարագայում։
Կանաչ թեյը հեռացնում է օրգանիզմից թույների որոշ տեսակներ, ունի հակաճառագայթային ազդեցություն, մաքրում է ոսկորները ստրոնցիումից։ Հերոսիմա եւ Նագասակի քաղաքների ողջ մնացած բնակիչներից շատերը գտնում են, որ «պարտական» են այս մոգական բույսին։ Ճապոնիայում աճում է թեյենու «Camellia japonica» տեսակը, որն առանձնանում է իր գեղեցկությամբ, շատերն աճեցնում են այն իրենց բնակարաններում։ Ասում են, որ ճապոնացիները պահպանում են իրենց վայելուչ կազմվածքը եւ մաշկի առողջ վիճակը կանաչ թեյի շնորհիվ։ Ուշագրավ է նաեւ, որ այդ երկրում շատերը փոշիացնում են թեյը եւ հարում մինչեւ փրփրելը, ստացված լուծույթով պատրաստում են ըմպելիք, որը խմելուց հետո գավաթի հատակին չի մնում նստվածք։ Իմաստը նրանում է, որ օրգանիզմը յուրացնում է նաեւ ջրում չլուծվող, թեյի տերեւի օգտակար բաղադրիչները։ Ճապոնուհիների մեջ ավելի նվազ է գեր, հիպերտոնիայով, երակի վարիկոզ լայնացումով, օստեոպարոզով հիվանդ կանանց թիվը։ Համեմատաբար քիչ է տարածված նաեւ կրծքագեղձի քաղցկեղը։ Նշված արդյունքին հասնելու համար պետք է խմել 1 լ ջրում թրմված 12-13 գրամ թեյ։ Կամ 5-7 հատ խտացրած թեյի հաբեր։
Կանաչ թեյի թուրմն օգտակար է շագանակագեղձին, իջեցնում է շաքարի տոկոսը, խոլեստերինի մակարդակը, հակասկլերոտիկ է։ Բարենպաստ ազդեցություն ունի լեղապարկի, լյարդի, ենթաստամոքսային եւ վահանաձեւ գեղձերի եւ սրտամկանի վրա։ Կանաչ թեյն ունի հակամանրէային ազդեցություն։ Օգտագործվում է դիզենտերիայի եւ աղիների լորձաթաղանթի բորբոքման դեպքում։ Բուժման նպատակով պատրաստում են 5%-անոց կանաչ թեյի թուրմ՝ եռացրած ջրով, 30 րոպե անց թուրմը մեկ ժամ եռացնում են ջրային բաղնիքի վրա, պարբերաբար խառնում։ Եփուկը լցվում է մանրէազերծ շշերի մեջ եւ պահվում սառնարանում։ Խմել օրը 2 անգամ, սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ, 1 թեյի գդալից մինչեւ 1 դեսերտային գդալ՝ կախված երեխայի տարիքից։
Հիվանդության սուր ընթացքի դեպքում խմել 10 օր, իսկ քրոնիկ ընթացքի դեպքում՝ 15-20 օր։
– Թարմ պատրաստված թուրմը պահպանում է արեւայրուքից, օգտագործվում է աչքերի կոպերի բորբոքման, մաշկի բորբոքված վերքերի բուժման համար, ստամոքսահյութի ցածր թթվայնության դեպքում (օրը 4 անգամ՝ մեկական ճաշի գդալ)։
Դեղատոմս հիպերտոնիայի դեպքում
Կես թեյի գդալ կանաչ թեյին ավելացնել կես բաժակ եռջուր, թրմել 45 րոպե։ Հովանալուց հետո ավելացնել 15-20 կաթիլ վաղենակի ոգեթուրմ (վաճառվում է դեղատանը)։ Խմել հետեւյալ ձեւով. 1-ին օրը՝ առավոտյան, 2-րդ օրը՝ առավոտյան եւ երեկոյան, 3-րդ օրը՝ առավոտյան, կեսօրին եւ երեկոյան, 4-րդ օրը՝ առավոտյան եւ երեկոյան, 5-րդ օրը՝ առավոտյան։ Դեղամիջոցը պետք է խմել սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ։ Ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ։ Դեղամիջոցն ունի արագ ներգործություն։
Սրտխառնոցի դեպքում անհրաժեշտ է ծամել չոր, կանաչ թեյ։
Տոնուսը բարձրացնող թեյ
Եռացրած ջրով ցայել ճենապակյա թեյնիկը եւ անմիջապես լցնել մեկական թեյի գդալ նարնջի պտղամիս եւ սեւ թեյ, ավելացնել 3 թեյի գդալ կանաչ թեյ։ Թուրմի վրա լցնել 1,5 գավաթ եռջուր։ Թեյը պատրաստ է։
Վիտամինային թեյ
Վերցնել 2 ճաշի գդալ կանաչ թեյ, լցնել ճենապակյա թեյնիկի մեջ, վրայից եռջուր, 2-3 րոպե փակ կափարիչով ամուր ծածկել, երբ սպիտակ պղպջակները հայտնվեն, ավելացնել մանր քերիչով անցկացրած խնձորը, 1/4 թեյի գդալ դարչին, վրայից բրդե կտոր դնել, պահել 3 րոպե եւ խմել։
Դառը շոկոլադով թեյ
Արծնապատ կաթսայի մեջ լցնել 1լ կաթ, 50 գրամ շաքար, 60 գրամ մանրացրած շոկոլադ, 2 ճաշի գդալ սեւ թեյ, 6 պատիճ հիլ (կարդամոն), 1 թեյի գդալ դարչին, 1 թեյի գդալ վանիլին, եռացնել դանդաղ կրակի վրա, մինչեւ որ շոկոլադը լուծվի, խառնել։ Վերցնել կրակից եւ 10 րոպե հետո դնել սառնարանի սառնախցիկի մեջ։ Հանելուց հետո կոտրատել եւ խառնիչով խառնել։ Լցնել նախօրոք սառեցրած բաժակի մեջ եւ խմել։ Հակացուցված է ստամոքսի խոցի դեպքում։
Համեմունքային թեյ
Լցնել ճենապակյա թեյնիկի մեջ 2 հատիկ մեխակ, 1/4 թ.գ. կոճապղպեղ, կես թեյի գդալ դարչին, ավելացնել 500 մլ ջուր, եփել մինչեւ եռալը, կրակն անջատելուց հետո ավելացնել 1 թեյի գդալ սեւ թեյի թուրմ եւ ըստ ճաշակի կիտրոն եւ թրմել։
Թեյ գեղեցիկ եւ առողջ մաշկի համար
Խառնել հավասար քանակությամբ կանաչ թեյն ու եղինջը։ Խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 2 բաժակ եռջուր, թրմել 30 րոպե։ Պարունակությունը բաժանել 3 մասի։ Խմել օրվա ընթացքում։ Քաղցրացնել մեղրով։
Չոր եւ նորմալ մաշկի համար դիմակ
Խառնել մեկ դեսերտային գդալ մեղրը եւ 1 ճաշի գդալ ալյուրատիպ փոշիացրած կանաչ թեյը։ Հավասարաչափ քսել դեմքին։ 15 րոպե հետո դեմքը լվանալ սառը ջրով։ Խորհուրդ չի տրվում զգայուն մաշկի եւ ալերգիայի դեպքում։
Կորյակների դեպքում
Խմել օրը 6 բաժակ կանաչ թեյ եւ միաժամանակ 15-20 րոպե կորյակների վրա դնել կանաչ թեյի թուրմով թրջոցներ գոլ վիճակում։
Աչքերի փայլի վերականգնման համար
Կանաչ թեյով եփված թեյի պարկիկները գոլ վիճակում դնել աչքերի վրա, պահել մինչեւ հովանալը։ Պայծառացնում է տեսողությունը։