Ֆեդերիկո Ֆելինի, Շարլոտա Չենդլեր «Ես վերհիշում եմ»

27/01/2011 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Ֆելինիի կյանքը նույնիսկ նրա ֆանտազիաներից գունեղ է: Նա այդ ֆանտազիաները պատկերել է մեզ համար իր ժապավեններում` հարուստ ժառանգություն: Ըստ Ֆելինիի խոսքերի, նրա ողջ կյանքի նշանաբանն էր` «Հորինվածքը` միակ իրականությունն է»: Նրան միշտ հետաքրքրում էր` «Արդյո՞ք մեր ենթագիտակցությունը վերջավոր է: Արդյո՞ք երեւակայությունը ունի սահման»:

Այս գիրքը` ռեժիսորի պատմածների մեր տասնչորսամյա ծանոթության ընթացքում արված գրառումներն են, որոնք սկիզբ են առել 1980 թվականի գարնանը, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք Հռոմում, վերջին գրառումն արված է 1993 թվականի աշնանը, նրա մահից մի քանի շաբաթ առաջ: Կարելի է ասել, որ այս գիրքը ոչ այնքան գրված է, որքան խոսված:

Նա շատ բաներ էր պատմում ռեստորանում կամ սրճարանում մեր համատեղ ճաշկերույթների ժամանակ, երբեմն խոսակցությունը տեղի էր ունենում ընթացող ավտոմեքենայի մեջ: Այդպիսի իրավիճակները խթանում էին նրան, բացահայտելով նրա բնավորությունը:

«Երբ դու հրատարակես քո գիրքը,- ասաց նա մի անգամ,- քո հրատարակիչը մեզ կապահովի՞ ավտոմեքենայով եւ վարորդով»:

«Հուսով եմ»,- պատասխանեցի ես: Ես քեզ այնքան բաներ եմ պատմել: Եթե երբեւէ ուզենամ իմանալ, թե ինչ եմ ես զգացել այս կամ այն ժամանակ, քեզանից կհարցնեմ: Միշտ ավելի հեշտ է հիշել իրադարձությունը, քան քո ապրումները: Եվ ընդհանրապես ոչ ոք չի հիշում իր կյանքը ճշգրիտ ժամանակագրական հաջորդականությամբ, չի հիշում, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել, ինչն էր ամենակարեւորը, ինչն էր այն ժամանակ գլխավորը թվում: Մենք ի վիճակի չենք վերահսկելու մեր հիշողությունները: Մենք չենք իշխում նրանց: Նրանք են մեզ իշխում:

Դու լսել գիտես, եւ երբեմն ես ինքս իմ մասին պատմածներիցս ինչ-որ նոր բան եմ իմանում, որովհետեւ դու հավատում ես ինձ: Չի կարելի խաբել այն մարդուն, ով հավատում է քո բոլոր ասածներին: Ինքս ինձ ես կարող եմ խաբել, ինչը որ հաճախ եւ անում եմ…»:

Ֆելինին ընդունում էր, որ մասամբ հենց ինքն է մեղավոր իր համբավով՝ մի մարդ, ով միշտ չէ խոսքի տերը, թեպետ մեր շփումներում նման բան տեղի չի ունեցել: Կամենալով շեշտել, որ լուրջ է վերաբերվում այն բանին, ինչ ես առաջարկում եմ, նա միշտ ասում էր` «Երդվում եմ»: Նույն բանը նա կրկնում էր, համաձայնելով մի բանի, ինչին առանձնակի ոգեշնչումով չէր վերաբերվում, դա նշանակում էր` ամեն ինչ կարվի: Այդ բառը մեզ համար նշանաբանի պես մի բան էր դարձել, հեռանալիս, տեսնելով, որ ես նայում եմ ետքից, նա բարձրացնում էր աջ ձեռքը, ասես ասելով` «Երդվում եմ»:

Ինչ-որ իմաստով Ֆելինին թե զրույց վարողն էր, եւ թե զրուցակիցը, իսկ ես`ընդամենը տեղի ունեցածի վկան: Նրա գիտակցության մեջ ապրող կերպարների բառային արտահայտությունը զրույցների, այլ ոչ թե ձեւական հարցազրույցների արդյունք էր: Ես երբեք հարցեր չէի տալիս` չէ՞ որ հարցերը հուշում են պատասխանները եւ որոշում են զրույցի առարկան:

Զրույցներում Ֆելինին բացահայտում էր իրեն ոչ միայն որպես հասարակական մարդ, այլ որպես մասնավոր դեմք: Նրան դուր էին գալիս Բիլի Ուայդերի խոսքերը. «Վստահիր քո բնազդներին, այնժամ սխալները միայն քոնը լինեն: Բնազդն ավելի շուտ կբերի ճշմարտության, քան բանականությունը»:

Երբեմն ես ինչ-որ բանի փորձում եմ նայել Ֆելինիի աչքերով եւ հուսով եմ, որ այդպիսի հնարքի միջոցով ինձ հաջողվում է շատ ավելի բան տեսնել եւ շատ ավելի լավ:

«Ես միայն մի կյանք ունեմ, եւ ես քեզ այն պատմեցի,- ասաց նա: -Սա իմ վերջին խոստովանանքն է, որովհետեւ ես այլեւս բան չունեմ ասելու»:

Ֆեդերիկո Ֆելինին ծնվել է Ռիմինի իտալական քաղաքում 1920 թվականի հունվարի 20-ին:

Շարլոտա ՉԵՆԴԼԵՐ

Ֆեդերիկո Ֆելինի «Կրկեսում ինձ սպասում էին»

Մանկության իմ ամենապայծառ հիշողություններից մեկը տիկնիկներն են, որոնք այն տարիներին ինձ շրջապատող մարդկանցից ավելի մոտ էին: Երեւի թե, հենց այդ պատճառով էլ, հուշը նրանց մասին ավելի վառ է, քան ողջ մարդկանց մասին:

Ես սկսեցի տիկնիկներ սարքել ինը տարեկանում եւ այդ ժամանակ էլ սկսեցի ներկայացումներ բեմադրել: Իմ տիկնիկային ներկայացումների համար ես գործող անձինք էի նկարում` նրանց մարմինները ստվարաթղթից էին, իսկ գլուխները ես կավից էի սարքում: Մեր տան դիմաց մի քանդակագործ էր ապրում, տեսնելով իմ տիկնիկներին, նա դրանք գովեց եւ ասաց, որ ես տաղանդ ունեմ: Դա էլ հենց ինձ ոգեւորեց հետագա գործերի համար: Սկզբնական շրջանում շատ կարեւոր է հավանություն ստանալը, հատկապես, եթե դրանք ընդհանուր խոսքեր չեն, այլ ինչ-որ կոնկրետ բան: Քանդակագործն ինձ սովորեցրեց գիպսից գլուխներ սարքել: Ես ոչ միայն բոլոր ներկայացումների բեմադրիչն էի, այլ դրանցում բոլոր դերերը խաղացողը: Կարծում եմ, հենց դա ինձ օգնեց իմ ռեժիսորական ոճը ստեղծել, երբ ես ինքս դերասաններին ցույց էի տալիս, թե ինչպիսին եմ տեսնում այս կամ այն գործող անձին: Բնականաբար, ես նաեւ դրամատուրգ էի:

Երբ ես յոթ տարեկան էի, ծնողներս ինձ կրկես տարան: Ինձ ապշեցրին ծաղրածուները: Ես չէի հասկանում, թե ովքեր են նրանք` կենդանինե՞ր, թե՞ ոգիներ: Նրանք ինձ ծիծաղելի չէին թվում:

Իմ մեջ տարօրինակ զգացողություն էր, որ ինձ այստեղ սպասում էին:

Այդ գիշեր եւ շատ տարիներ շարունակ ես երազում տեսնում էի կրկեսը: Այդ երազներում ինձ թվում էր, թե ես գտել եմ իմ տունը: Եվ այնտեղ սովորաբար միշտ փիղ էր լինում:

Այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ իմ ողջ գալիք կյանքը կրկեսում է անցնելու` կինոկրկեսում:

Իմ մանկական տարիներից իմ կյանքում մնացին իմ տատն ու ծաղրածուն:

Առաջին անգամ կրկես այցելելուց հետո ես հանդիպեցի ծաղրածուներից մեկին` հրապարակի ցայտաղբյուրի մոտ, նա նույնկերպ էր հագնված, ինչպես ներկայացման ժամանակ: Ինձ դա ամենեւին չզարմացրեց: Ես չէի կասկածում, որ նա միշտ ծաղրածուական հանդերձանքով է:

Դա Պիերոն էր: Նրա դիմակն ինձ չէր վախեցնում: Ես դեռ այն ժամանակ էի հասկանում, որ մենք նույն ընտանիքից ենք: Նրա անտարբերությունը պայմանականությունների նկատմամբ իմ սրտով էր: Հանդերձանքի մանրակրկիտորեն մտածված խեղճությունը քանդում էր ինձ մորս կողմից ներշնչած պատկերացումները պատշաճության մասին: Այդպիսի հագուստով անկարելի էր դպրոց կամ եկեղեցի գնալ:

Ես միշտ հավատացել եմ նախանշաններին: Կարծում եմ, դրանք կան ուզածդ մարդու կյանքում, բայց ամեն մեկը չէ, որ ուշք է դարձնում դրանց: Ես չէի փորձում Պիերոյի հետ խոսել, քանի որ վախենում էի, թե միգուցե նա տեսիլք է, ուրվական, որը կանհետանա, եթե դիմես նրան: Բացի այդ, ես չգիտեի, թե ինչպես է պետք դիմել ծաղրածուին: Հո չե՞ս ասի «Ձերդ ծաղրածուական մեծություն»: Չնայած ինձ համար նա հենց թագավորից էլ բարձր էր: Այդ ամենը ես միայն զգում էի, քանի որ այն ժամանակ որեւէ գիտելիք չունեի: Շատ տարիներ անց, նայելով ցայտաղբյուրի մոտի այն տեղին, ուր կանգնած էր ծաղրածուն, ես զգացի իմ ողջ կյանքի այդ խորհրդանիշի աուրան` չէ՞ որ նա ասես գալիքից եկած ավետաբեր լիներ: Ինձ հուզեց այն, որ ես զգացի ծաղրածուից հորդող անսպառ լավատեսությունը: Թվում էր, թե նրան պահապան էր ինքը՝ Երկինքը:

Երբ ես առաջին անգամ պատմում էի, թե ինչպես փախա կրկեսի հետ, իմ պատմությունը բավական համեստ էր հնչում: Ամեն անգամ պատմելիս ես մեծացնում էի տարիքս, որում ես տնից փախել էի: Սկզբում ես ավելացնում էի ամիսները, իսկ հետո՝ նաեւ տարիները: Ամենից շատ շատանում էր իմ թափառումների մեջ կենալը: Դա միշտ պատմություն էր ոչ այնքան իրականության մեջ տեղ գտած փաստի մասին, որքան` իմ թաքուն ցանկությունների: Այն բանից հետո, երբ տարիների ընթացքում այդ պատմությանը գումարվեցին բազում հորինված մանրամասներ, այն ինձ սկսեց առավել ճշմարիտ թվալ, քան ինքը՝ ճշմարտությունը: Ես այնքան վարժվեցի այդ չափազանցություններին, որ դրանք դարձան իմ հուշերի մի մասը: Իսկ հետո մեկն ինձանից այդ ամենը գողացավ՝ ասելով, որ ես այդ ամենը հորինել եմ: Այդպիսի մարդիկ կան: Իսկ ես չեմ դադարում կրկնել, որ, եթե ես ստախոս էլ եմ, ապա իմ մտադրություններն ամենաազնիվն են:

Մի անգամ, դպրոցից տուն դառնալիս, ես տեսա, թե ինչպես էին Ռիմինիի փողոցներով անցնում կրկեսային կառքերը: Կարծեմ, ես այն ժամանակ յոթ-ութ տարեկան էի: Տեսարանն ինձ դյութեց: Կրկեսի մարդիկ թվում էին մի մեծ, համերաշխ ընտանիք: Նրանք չէին փորձում ինձ տուն ուղարկել, հնարավոր է՝ այն պատճառով, որ չգիտեին, թե որտեղ է իմ տունը:

Ես ուզում էի երկար ամիսներ մնալ կրկեսում, բայց ես նրանց հետ ընդամենը մի քանի ժամ անցկացրի: Այնպես պատահեց, որ ծնողներիս ընկերն ինձ նկատեց կրկեսային շրջապատում, եւ ինձ բռնեց ու իմ կամքին հակառակ քարշ տվեց տուն: Բայց մինչ այդ ես հասցրի մերվել կրկեսի մթնոլորտին, ներկլանեցի նրա բույրը, որն ընդմիշտ պահպանեցի: Կրկեսի հետ անխախտ կապ հաստատվեց` ես խոսել էի ծաղրածուի հետ, լողացրել էի զեբրին: Արդյո՞ք շատ մարդիկ կարող են իրենց մասին նույնն ասել: Կարծում եմ, կգտնվեն մարդիկ, որոնց հաջողվել է ծաղրածուի հետ խոսք փոխանակել, թեպետ ես միանգամից նրանց անունները չեմ տա: Իսկ այն բանի համար, որպեսզի գտնես այն երջանիկին, ում բախտ է վիճակվել գեթ մեկ անգամ զեբր լողացնել, ստիպված կլինես գազանանոց գնալ: Իսկ չէ՞ որ այն հիշարժան օրը կրկեսի աշխատողները թույլ տվեցին ինձ՝ օգնել իրենց զեբրին լողացնելիս, որը շատ տրտում տեսք ուներ: Ինձ ասացին, որ պատճառը շոկոլադն է, որը նրան տվել էր այցելուներից մեկը:

Ես երբեք չեմ մոռանա զեբրին դիպչելուց հետո առաջացած զգացողությունը: Այն մշտապես կմնա ինձ հետ: Առավել եւս, որ զեբրը թաց էր: Ես ամենեւին սենտիմենտալ չեմ, բայց նրան դիպչելիս, այդ հպումը զգացի ոչ միայն ձեռքով, այլ նաեւ սրտով:

Ծաղրածուն, ում հետ ես այն ժամանակ ծանոթացա, առաջինն էր այն բազում տրտում ծաղրածուների շարքում, որոնց հետ ես բախտ ունեցա հանդիպելու կյանքում: Բայց առաջին ծաղրածուն միշտ իրադարձություն է: Բոլոր ծաղրածուները, որոնց ես ճանաչել եմ, հպարտանում էին իրենց մասնագիտությամբ եւ հասկանում էին, որ մարդկանց ծիծաղեցնելը լուրջ գործ է: Անձամբ ես ողջ կյանքում անվերջորեն հիանում եմ այն մարդկանցով, ովքեր կարողանում են զվարճացնել այլոց: Դա ինձ շատ դժվար, բայց վսեմ գործ է թվում:

Այդ հիշարժան օրը տուն բերվելով, ես, ինչպես հարկն է, հանդիմանվեցի երկարատեւ բացակայության համար, բայց մայրս առանձնապես հուզված չէր երեւում: Ես այնքան էլ երկար չէի բացակայել, որ դա իսկապես իրադարձություն դառնար:

Ես փորձում էի նրան պատմել այն ամենի մասին, ինչ պատահել էր, իմ բոլոր արտասովոր զգացողությունների եւ ինչ-որ շատ զարմանալի զեբրի մասին, բայց շուտով լռեցի, քանի որ հասկացա` մայրս ինձ չի լսում: Նա երբեք ինձ չէր լսում: Մայրս ապրում էր իր աշխարհում, ունկնդրելով Աստծուն:

Նա ասաց, ուր ինձ հարկ է պատժել, որպեսզի մյուս անգամ խելքս գլուխս ժողվեմ: Ինձ առանց ընթրիքի ուղարկեցին քնելու: Ես գնացի իմ սենյակ, բայց շուտով, երբ արդեն պառկել էի, մայրս ուտելիքով լի սկուտեղով մտավ սենյակ: Սկուտեղը մահճակալի մոտ դնելով՝ նա լուռ հեռացավ: Ահա այդպիսի դաս ստացա:

Հետագայում, կրկեսախմբի հետ փախչելիս, ես գիտեի, որ կարող եմ իմ սենյակում ուտելիքով լի սկուտեղ ակնկալել: Կարծում եմ, նա դա անում էր, որովհետեւ ուրախ էր վերադառնալուս համար:

Ես երբեք չեմ դիմել զարթուցիչի օգնությանը: Պարզապես ներսումս ներքին ժամացույց ունեի: Ես միշտ քիչ եմ քնել եւ վաղ արթնացել: Դեռեւս մանուկ հասակում ես բոլորից շուտ էի զարթնում եւ մնում էի պառկած, որպեսզի մյուսներին չարթնացնեմ: Ես պառկած էի մնում, ջանալով հիշել իմ երազները: Ժամանակի ընթացքում ես այդուհանդերձ սկսեցի վեր կենալ եւ թափառում էի քնած տան մեջ, նրա մասին մինչեւ այդ անհայտ բաներ իմանալով: Տան հետ մեն-մենակ մնալն այն ավելի մոտիկից ճանաչելու հնարավորություն էր ընձեռում:

Ես շատ վաղ ըմբռնեցի դրամայի իմաստը: Մայրս ինձ միշտ այս կամ այն բանի համար կշտամբում էր: Երբեմն ես ինչ-որ բան չէի անում, կամ ընդհակառակը, անում էի այն, ինչ պետք չէր: Հիմա դժվարանում եմ հիշել: Որպես կանոն, ես ամեն դեպքում մեղավոր էի: Այդ պատճառով ես որոշեցի նրան պատժել: Ես հասկանում էի, որ եթե ես վատ վիճակում հայտնվեմ, նա զղջանք կզգա:

Ես նրանից գողացա մուգ կարմիր շրթներկն ու ոտից գլուխ դրանով քսվեցի՝ կամենալով արյան տպավորություն ստեղծել: Ես պատկերացնում էի, թե նա ինչպես տուն վերադառնալով եւ տեսնելով ինձ արնաքամ, դառնորեն կափսոսա իր հարձակումների համար:

Ես հարմար տեղ գտա` աստիճանների հիմնամասում: Թող մտածի, թե ես աստիճաններից գլորվելով՝ ջարդուփշուր եմ եղել: Այնտեղ պառկելն անհարմար էր: Ոտքս թմրել էր: Դիրքս փոխեցի: Անտանելիորեն տաղտկալի էր: Ես չէի կարողանում հասկանալ, թե ուր է նա այդքան երկար կորել:

Վերջապես ես լսեցի դռան ճռռոցը: Փառք Աստծո: Բայց քայլքն ավելի ծանր էր:

Ես լսեցի ինձ հրող քեռուս ձայնը` «Դե վեր կաց ու գնա լվացվի»:

Ես նեղացած էի: Ստորացված: Եվ գնացի շրթներկը մաքրելու:

Այդ օրվանից ես սկսեցի քեռուս չսիրել: Մեզանից ոչ ոք չէր հիշատակում այդ դեպքը, բայց ես գիտեի, որ երկուսս էլ այն հիշում ենք:

Մանուկ հասակում իմ կուռքն էր Փոքրիկ Նեմոն, ամերիկյան կոմիքսների հերոսը, թեեւ այն ժամանակ ես չէի գիտակցում, որ նա ամերիկացի է: Ես մտածում էի, որ նա նույնպիսի իտալացի է, ինչպես ես: Չէ՞ որ իտալական կոմիքսներում նա իտալերեն էր խոսում:

Ես երեւի թե հինգ թե վեց տարեկան էի, երբ առաջին անգամ տեսա Փոքրիկ Նեմոյին: Ես աչքերիս չէի հավատում: Ինչպիսի հայտնագործություն: Ինձ նման մի տղա այդպիսի զարմանալի բաներ էր անում: Նա ցնցեց իմ երեւակայությունը: Երբեմն նա այնքան վիթխարի էր, որ ստիպված էր լինում զգուշության հրաշքներ ցուցադրել, անցնելով մեծ շենքերի վրայով, իսկ երբեմն` այնքան փոքրիկ, որ ծաղկի կողքին գաճաճ էր թվում եւ կարող էր ահռելի միջատների որս դառնալ:

Իսկ ինչ զարմանալի մարդիկ էին նրան ուղեկցում: Ուրիշ այդպիսիների ես կոմիքսներում չէի տեսել: Ոստիկանական համազգեստով Զուլուսը, ով սիգարը բերանից չհանելով, խոսում էր ինչ-որ անհասկանալի լեզվով, որը չգիտես ինչու բոլոր գործող անձինք հասկանում էին, սակայն մեծերը, որ ինձ կարդում էին կոմիքսը, ոչ մի բառ չէին կարողանում թարգմանել: Այնտեղ կային ծաղրածուներ, որոնք ինչ-որ անբացատրելի կերպով հասարակության մեջ իշխանություն եւ կշիռ էին ձեռք բերել (ինձ դա, ի դեպ, բոլորովին չէր զարմացնում), հսկաներ, որ այնքան լայն էին բացում բերանները, որ սահելով վիթխարի լեզվի վրայով, կարելի էր հիմնավորապես զննել կոկորդ-քարանձավը, կային դինոզավրեր, որոնց պատճառով տրանսպորտային խցանումներ էին առաջանում, կային տակնուվրա արած տներ, որոնցում կարելի էր առաստաղի վրայով քայլել, եւ երկարացված մարդիկ, որ ջանում էին ձեռք բերել իրենց նախկին ձեւը… Ահա այդպիսի ապշեցուցիչ բաներ, եւ բոլորը հիասքանչ նկարված` այ հենց այդպես էլ ես երազում էի նկարել:

Որքան ինձ հիշում եմ, միշտ նկարել եմ : Ես արտանկարում էի նկարներ կոմիքսներից, բայց ինչ-որ չէր ստացվում այն սերիալը, որում գործում էր Փոքրիկ Նեմոն: Գեղանկարչական վարպետությունս չէր բավում: Այնտեղ չափազանց շատ էին դետալները, թե կոստյումները, թե ինտերյերները մանրակրկիտորեն արված էին, եւ ինչքան էլ ես ջանում էի, չէր ստացվում: Հետո ես իմացա, որ այդ կոմիքսը նկարած Ուինթեր Մակքոյ անունով նկարիչը նաեւ կինոյի պիոներներից մեկն էր: Ուոլթ Դիսնեյից շատ առաջ նա ստեղծել էր առաջին անիմացիոն ֆիլմերը: Իրականում նրա՝ Փոքրիկ Նեմոյին պատկերող նկարաշարը ինչ-որ ֆիլմ էր հիշեցնում, որը ես շատ կուզենայի նայել: Իսկ «Դինոզավր Ջերթին» ես իրոք տեսել եմ: Մակքեյը նաեւ անիմացիոն նորություններ էր նկարահանում, ասենք՝ «Լուզիտանիայի» խորտակումը: Ազդեցությունը, որ ինձ վրա թողեց այդ նավի ֆանտաստիկ գծանկարը, զգացվում է «Ամարկորդում»: «Ռեքսը»` Մուսոլինիի օվկիանոսային լայները, նույնպես ինձ վրա տպավորություն էր գործում, բայց այն, որը նկարել էր Ուինզոր Մակքեյը, այդուհանդերձ` ավելի: Վախենամ, որ այսօր քչերը հիշեն Մակքեյին:

Կիրակնօրյա յուրաքանչյուր կոմիքսից հետո Փոքրիկ Նեմոն նստում էր մահճակալի վրա, հասկանալով, որ ողջ պատահածն ինքը երազում է տեսել: Եթե երազը լավն էր, նա վշտանում էր, որ արթնացել է, եթե սարսափելի էր՝ ուրախանում էր: Մանուկ հասակում, ննջելիս, ես ամեն անգամ հույս ունեի, թե ես Փոքրիկ Նեմոյի տեսած երազների պես երազ եմ տեսել: Երբեմն պատահում էր: Կարծում եմ, Փոքրիկ Նեմոն մեծ ազդեցություն է գործել իմ երազների վրա: Ոչ, ես չէի տեսնում նրա երազները, այլ` իմը: Բայց նրա երազները պարզորեն ասում էին, որ երազատեսությունների հնարավորություններն անսպառ են, դրանք կարելի է մինչեւ կյանքի վերջ ուսումնասիրել: Ամեն ինչ սկսվում է առ ինչ-որ բանի հնարավորության հավատից: Ինձ դուր էին գալիս նաեւ Պոպայը եւ Օլիվ Օյլը, եւ Ռուբ Գոլդբերգի հիասքանչ «գյուտերը»: Կար նաեւ Զվարթ Ավազակը, որ գլխարկի փոխարեն պահածոյատուփ էր կրում: Հիմա այդպիսի կոմիքսներ չեն անում: Ես կուզենայի ճանաչել դրանք ստեղծողներին: Եթե ես ռեժիսոր չլինեի, կսկսեի կոմիքսներ նկարել:

Մայրս նույնպես սիրում էր նկարել: Նա այդ անում էր բոլորից գաղտուկ, երբ ես դեռ փոքր էի: Հենց նա ինձ սովորեցրեց մատիտներով նկարել, իսկ հետագայում` պաստելով: Ըստ նրա պատմածների՝ ես ամենուր նկարում էի` պատերի վրա, ընտանիքի անդամներից մեկի ձեռագործ սփռոցի վրա: Ստիպված եղան լավ տանջվել, որպեսզի ամենը մաքրեն, քանի դեռ հայրս չի տեսել: Երբ հայրս գնում էր` եղբայրս այն ժամանակ դեռ մանչուկ էր, մայրս ինձնով էր զբաղվում՝ խրախուսելով իմ ջանքերը:

Ես երբեք նկարելուց չեմ հոգնել: Երբ հայրս տանն էր լինում, իսկ երբեմն այդպես էլ էր պատահում, նրան դուր չէր գալիս, որ ես ժամերով նստում եմ սեղանի մոտ ու նկարում: Հայրս դա աղջկա զբաղմունք էր համարում: Ես խոսելու կարիք չունեի, ես առանց այդ էլ հասկանում էի, որ հայրս կգերադասեր ինձ տեսնել փողոցում, այլ տղաների հետ գնդակ խաղալիս, թեպետ այն ժամանակ ես ինքս դեռ գնդակից այնքան էլ մեծ չէի: Այդժամ մայրս դադարեցրեց խրախուսել իմ հափշտակվածությունը, դե ինքը եւս դադարեց նկարել` համենայն դեպս, ես այլեւս երբեք այդ գործի վրա նրան չեմ տեսել: Ես մոռացել եմ, թե երբ եւ ինչպես եմ սկսել նկարել` այնքան վաղուց էր դա սկսվել: Այնպիսի զգացողություն էր, որ դա միշտ իմ մի մասն էր եւ ինձնից ոչ մի տեղ չի գնացել: Հիշում եմ, մի անգամ, երբ ես, արդեն տարեց, Ծննդյան տոներին եկել էի Ռիմինի, ինչ-որ մեկը մորս ասաց` «Ֆեդերիկոն նկարչի տաղանդ ունի»: Եվ ես լսեցի, թե ինչպես մայրս հպարտությամբ պատասխանեց` «Դա ինձանից է: Իմ մեջ էլ պատանի հասակում ընդունակություններ էին գտնում, եւ այդ ես եմ նրան նկարել սովորեցրել»: Այդ ժամանակ ես ամեն ինչ հիշեցի:

Իրականությունն ինձ քիչ է հուզում: Ինձ դուր է գալիս կյանքի ընթացքին հետեւելը, բայց այն չի խթանում իմ երեւակայությունը: Նույնիսկ մանկահասակ, ես նկարում էի ոչ թե ինչ-որ կոնկրետ մարդու, այլ այն կերպարը, որ ձեւավորվում էր իմ գիտակցության մեջ:

Դպրոցում ինձ անընդհատ ասում էին` «ոչ», «չի կարելի», «ամաչիր»: Արգելքները շատ-շատ էին, եւ պարզապես հրաշք է, որ ես չեմ վախենում խանութս բացելուց: Դպրոցն ու եկեղեցին իմ մեջ ահագին մեղքի զգացողություն սերմանեցին, մինչ հասկանալս, թե ես կոնկրետ ինչում եմ մեղավոր:

Դպրոցական տարիները ես այնքան էլ լավ չեմ հիշում: Ամեն ինչ խառնվել է: Տարին մի օր էր թվում, իսկ ամեն մի նոր օր նախորդից չէր զանազանվում: Իմ իսկական կյանքը դպրոցում չէր անցնում: Պարապմունքների ժամանակ ես չէի կարողանում ազատվել այն զգացողությունից, որ, գտնվելով այդտեղ, ես շատ ավելի կարեւոր ու հիասքանչ բան եմ բաց թողնում:

Սովորաբար ես ասում եմ, որ շատ վատ եմ սովորել, չնայած ես սովորական միջին որակի սովորող էի, բայց չէ՞ որ դա առավել դրամատիկ ու հետաքրքիր է հնչում: Ինձ երբեք դուր չի եկել ինքս ինձ ինչ-որ սովորական բան համարելը:

Տասնմեկ տարեկանում ես Կաթոլիկ դպրոցից փոխադրվեցի Հուլիոս Կեսարի դպրոցը: Այնտեղ պատերի վրա Հռոմի պապի ու Մուսոլինիի նկարներն էին, եւ մենք ուսումնասիրում էինք Հռոմեական կայսրության փառավոր ժամանակները, անտիկ անցյալը եւ պատկերացում էինք կազմում ապագայի մասին` ինչպես այն տեսնում էին «սեւշապիկավորները»:

Դասերի ժամանակ կարելի էր նկարել՝ ձեւացնելով, թե տետրակի մեջ գրառումներ ես անում կամ ստուգողական ես գրում, ինչպես նաեւ երազել, դեմքիդ վրա արտահայտելով խորունկ ուշադրություն ուսուցչի խոսքի հանդեպ: Ես ծաղրանկարներ էի անում, թաքուն հուսալով թաքցնել իմ զբաղմունքների ճշմարիտ էությունը` թող բոլորը մտածեն, թե ես պարզապես մանրակրկիտորեն կոնսպեկտավորում եմ դասախոսությունները: Բայց մի անգամ ուսուցիչը բացեց իմ տետրը եւ, տեսնելով սարսափելի մի հրեշի, չգիտես ինչու, որոշեց, թե ես իրեն եմ նկարել: Նա անպայման ուզում էր այդ հրեշի մեջ իրեն տեսնել, թեպետ նա այդքան էլ այլանդակ չէր: Բարեբախտաբար, նա տետրը չթերթեց եւ չծանոթացավ մնացյալ նկարներին, ուր մերկ կանայք էին պատկերված, ինչպիսին որ այն ժամանակ իմ երեւակայությունը տեսնում էր նրանց:

Ես երբեք չեմ մոռանա զատկական եւ ծննդյան տոների ճոխ հոյակապությունը, որ ուղեկցվում էին առատ կերակրաընծաներով դասատուներին եւ տնօրենին: Ցածրահասակ ուսուցիչներն արագ անհետանում էին մթերքների սարերի տակ` ծնողների ծիսական ընծայաբերությունների: Թվում էր, թե այս անգամ ոչ թե իրենք էին խժռում, այլ կերակուրը՝ նրանց:

Այն աշակերտների ծնողները, որոնց գործերը բուրդ էին, այդ օրերին կենդանի խոզեր էին բերում: Ես միջակ աշակերտ էի, բայց հայրս, որ մթերքի առեւտրով էր զբաղված, այդուհանդերձ փորձում էր թեթեւացնել իմ գոյությունը դպրոցում: Բնությունից առատաձեռն, նա այդպիսի ընծայաբերություններ էր անում ոչ միայն տոն օրերին: Բոլոր ուսուցիչները նրանից ստանում էին լավագույն պարմեզան պանիրը եւ հիասքանչ ձիթայուղ:

Իմ գնահատականները ինձ թույլատրեցին ընդունվել Հռոմի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ինչը կարեւոր էր երկու պատճառով, ես Հռոմ էի տեղափոխվում, չէ՞ որ մայրս երազում էր, որպեսզի ես իրավաբանության հետազոտությամբ զբաղվեմ, քանի որ չկամեցա քահանա դառնալ: Եվ երկրորդ, եւ դա ամենակարեւորն էր, համալսարանում սովորելը հետաձգում էր բանակ գնալս: Եվ արդեն իսկ դրա համար արժեր դասարանում շալվարս մաշել:

Ես չեմ ափսոսում, որ այնքան էլ ջանադիր չեմ սովորել: Եթե ավելի լավ սովորեի, իմ կյանքը միանգամայն այլ ուղղություն կունենար, ես կարող է ռեժիսոր չդառնայի, իսկ դա հենց իմ կյանքի իմաստն է:

Ռիմինիից հեռանալով, իմ արածը սոսկ այն էր, որ ազատվեի անպետք ու խանգարող բաների բեռից, որոնցով փոքր ժամանակ լցրել էին գլուխս: Մեծահասակների մտադրությունները, հնարավոր է, բարի էին, բայց բեռը երկար ժամանակ ճնշում էր: Ցանկացած կազմակերպված կրոնական պրակտիկայում չափազանց շատ են նախապաշարմունքներն ու բարոյական պարտավորությունները: Ճշմարիտ կրոնը պետք է ազատի մարդուն եւ նրան հնարավորություն տա ինքնուրույն փնտրելու Աստծուն իր ներսում: Ամեն ոք հույս ունի ապրելու առավել գիտակցված:

Ես ողջ կյանքս վատնել եմ, որպեսզի ապաքինվեմ այն բանից, ինչն ինձ ներշնչել են ծնված օրվանից` «Դու երբեք չես կարող հասնել իդեալի` դու անմաքուր ես»։ Իմ սերունդը հոռետեսական ու ռեպրեսիվ դաստիարակություն է ստացել, դրանում մեղավոր են եկեղեցին, ֆաշիզմը եւ մեր ծնողները: Խոսակցությունները սեռական թեմաներով այն ժամանակ ընդհանրապես անհնար էին:

Շարունակելի

Ֆեդերիկո Ֆելինի «Ֆանտազիան միակ իրականությունն է»

Ես չէի կարող այլ մեկը լինել: Դա ես հաստատ գիտեմ: Յուրաքանչյուրն ապրում է իր մոգոնած աշխարհում, սակայն մարդկանց մեծամասնությունը դա չի հասկանում: Ոչ ոք չգիտե ճշմարիտ աշխարհը: Ամեն ոք ճշմարտություն է համարում իր անձնական ֆանտազիաները: Ես առանձնանում եմ այն բանով, որ գիտեմ` ես ապրում եմ անուրջների աշխարհում: Ինձ դա դուր է գալիս, եւ ես տանել չեմ կարողանում, երբ ինձ դրանում խանգարում են:

Ընտանիքում աճող միակ երեխան չէի եւ այդուհանդերձ միայնակ էի: Ես կրտսեր եղբայր ունեի, ում շատ սիրում էի, նա համարյա տարեկից էր ինձ, եւ ունեի փոքր քույր, բայց, բացի ծնողներից ու տնից, ես նրանց հետ քիչ ընդհանուր բան ունեի:

Ոմանք լալիս են հոգում: Ոմանք բերկրում են հոգում: Կան եւ այնպիսիք, որ ի տես մարդկանց ոչ լալիս են, ոչ ժպտում: Ես միշտ ջանացել եմ թաքցնել իմ զգացմունքները: Շրջապատում ես հաճույքով թե կուրախանամ եւ թե կծիծաղեմ, բայց ոչ մեկին մասնակից չեմ դարձնի իմ վշտերին կամ վախերին:

Միայնակ լինել՝ կնշանակի՝ ինքզինքը լինել, չէ՞ որ այդժամ դու կարող ես ազատ զարգանալ, ոչ մեկին աչք չածելով: Լիակատար մենությունը բացառիկ վիճակ է, իսկ մենությունը տանելու ընդունակությունը դրանից էլ հազվադեպ է պատահում: Ես միշտ նախանձել եմ ինքնաբավ մարդկանց` միայն դա է անկախություն պարգեւում: Բոլորը պնդում են, թե ազատության կարիք ունեն, բայց իրականում վախենում են դրանից: Աշխարհում ամենից շատ մարդիկ վախենում են մենությունից: Միայնակ մնալով, նրանք արդեն մի քանի րոպե անց շրջապատ են փնտրում` ցանկացած, միայն թե դատարկությունը լցնեն: Նրանք վախենում են լռությունից, այն լռությունից, երբ մեն-մենակ ես մնում քո մտքերի հետ, անվերջանալի ներքին մենախոսություն վարելով: Չէ՞ որ այդ ժամանակ ստիպված կլինես սիրելու սեփական շրջապատդ: Բայց դա ունի նաեւ իր առավելությունը` դու կարիք չունես ինքդ քեզ ջարդելու, որպեսզի համակերպվես օտար մարդկանց գաղափարներին կամ պարզապես նրանց սիրաշահես:

Ես պաշտում եմ այն մարդկանց, ովքեր ապրում են, չմտորելով ապագայի մասին, ովքեր գժություններ են անում, կարողանում են խենթուխելառ սիրել ու ատել: Ես հիանում եմ պարզ, անկեղծ զգացմունքներով եւ խոնարհվում եմ այն արարքների առաջ, որոնցում չկա վախ հետեւանքներից: Ես ինքս այդպես էլ չսովորեցի գլուխս կորցնել: Եվ միշտ խստորեն եմ դատում ինձ:

Իմ մեջ պահպանվել են հուշերն իմ կյանքի ամենավաղ տարիների մասին, դրանք մշտապես ինձ հետ են, թեեւ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի մշուշոտ են դառնում: Որոշ բաներ արդեն անհնար է խոսքերով արտահայտել, դրանք ապրում են իմ գիտակցության մեջ միմիայն որպես պատկերներ: Հաճախ ես նույնիսկ վստահ չեմ, թե իրականում արդյո՞ք ինչ-որ բան եղել է: Ժամանակի հոսքի հետ ես առավել քիչ եմ հասկանում, թե դրանք իրո՞ք իմ հիշողություններն են, թե՞ նաեւ ինչ-որ այլ մեկինը, որոնք ես պարզապես յուրացրել եմ, ինչպես երբեմն լինում է: Իմ երազներն այնքան իրական են, որ տարիներ անց ես ինքս ինձ հարց էի տալիս` «Արդյո՞ք այդ ամենը տեղի է ունեցել ինձ հետ թե՞, միայն երազում է տեսնվել»: Ես գիտեմ լոկ այն, որ այդ հիշողություններն ինձանից իրավունքն են պահանջում, եւ քանի դեռ ես ողջ եմ, դրանք իմն են: Այն մարդիկ, ովքեր կարող էին հաստատել դրանց արժանահավատությունը, այլեւս այս աշխարհում չեն, եւ եթե նույնիսկ ողջ լինեին, հնարավոր է, այդ իրադարձություններն այլ կերպ հիշեին, որովհետեւ չիք այնպիսի բան, ինչպիսին օբյեկտիվ հիշողությունն է: