Ռուսական լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ է դրվել ռուսական հատուկ ծառայություններին պատկանող մի փաստաթուղթ, որը վկայում է այն մասին, որ հունվարի 24-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում իրականացված ահաբեկչական գործողության հեղինակները, հնարավոր է` Ռուսաստան են թափանցել Թուրքիայի, Իրանի եւ Վրաստանի տարածքով: Ըստ այդ հրապարակումների, 2010թ. դեկտեմբերին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը եւ Արտաքին հետախուզության ծառայությունը Մոսկվայի իրավապահներին իրազեկել են մետրոյում եւ ավտոբուսի կանգառներում հնարավոր ահաբեկչական գործողությունների մասին: «Սպասվում է ազգությամբ չեչեն կանանցից եւ տղամարդկանցից կազմված ահաբեկչական խմբի ժամանումը: Նոյեմբերին նրանք գնացել են Պակիստան եւ այնտեղից մեկնել Իրան: Հետախուզության տվյալների համաձայն, կանայք ազգականներ ունեն Մոսկվայի Պրոֆսոյուզնայա փողոցում: Այդտեղ գտնվող բնակարանում հնարավոր է պատրաստել պայթուցիկ սարք… Հետախուզության տվյալներով, մոտ օրերս սպասվում է Պակիստանից Իրանի, Թուրքիայի եւ Վրաստանի տարածքով 5 դաղստանցի գրոհայինների ժամանումը Մոսկվա: Վերջիններս Իսրապիլ Վալիջանովի գլխավորած «Ռիյադուս սալիհին» կոչվող խմբի անդամներ են»,- նշվում է հատուկ ծառայությունների կողմից Մոսկվայի իրավապահներին ուղարկված հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ անցած տարի Մոսկվայի մետրոյի կայարաններում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո ռուսական եւ թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ հարձակում իրականացրած կին մահապարտ ահաբեկիչները հատուկ պատրաստություն էին անցել Թուրքիայում: Տեղեկությունների համաձայն` այդ կանայք համարվում էին «Սաիդ Բուրյատսկի» մականունով հայտնի եւ ռուս ուժայինների կողմից ոչնչացված, 2009թ. նոյեմբերին «Նեւսկի էքսպրես» ճեպընթացի պայթեցման համար կասկածվող ահաբեկիչ Ալեքսանդր Տիխոմիրովի խմբավորման անդամներ: Տիխոմիրովը 30 չեչեն եւ ինգուշ մահապարտ կանանց նախապատրաստական վարժանքներ անցնելու նպատակով ուղարկել էր Թուրքիա: