Արդեն հրապարակվել է «Օսկար» մրցանակին հավակնող ֆիլմերի ցանկը, որի մեջ ընդգրկված ֆիլմերը փաստում են, որ այս տարի ամերիկյան կինոակադեմիան փորձելու է իրական պայքար ապահովել` ուշադրությունը սեւեռելով միաժամանակ հիթերի եւ «արտհաուսային» ֆիլմերի վրա: Այսինքն` գոհացնելու է եւ կինոքննադատներին, եւ հանդիսատեսին: Արդեն երկրորդ տարին է՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցում է ոչ թե 5, այլ 10 ֆիլմ, ինչը թույլ է տալիս ավելի բազմաժանր դարձնել ֆիլմերի տեսականին: Այս տարի ակնհայտ ֆավորիտներ են համարվում Դեյվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանցը», որի առանցքում «Ֆեյսբուք» ինտերնետային կայքի ստեղծող Մարկ Ցուկենբերգի կյանքն է, իսկ «Թագավորի ճառը» ֆիլմի հիմքում անգլիացի թագավոր Գեորգ 6-րդն է, ով կակազելու արատ ունենալով՝ կարողանում է համառ աշխատանքի շնորհիվ ազատվել այդ հիվանդությունից: Այդ երկու կինոֆիլմերը կենսագրական են եւ ներկայացնում են հասարակության հետ շփման խնդիրներ ունեցող անձանց, որոնք ունակ են տարբեր հոգեբանական պատնեշներ հաղթահարել ու վերջիվերջո էֆեկտիվ մի բան արարել (միլիոնավոր հպատակների համար իսկական թագավոր ճանաչվել կամ աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը դառնալ):
Բացի այդ ֆիլմերից, ցանկում են հայտնվել Դարեն Արանոֆսկու «Սեւ կարապ»` բալետային հարթակում ծավալվող «կոշտ» ու չափազանց հետաքրքիր դրաման, Քոեն եղբայրների «Իրական արիություն» («True Grit») վեսթերնի ժանրի ռիմեյքը, Քրիստոֆեր Նոլանի միստիկ «Սկիզբ» ֆիլմը, Դեյվիդ Բոյլի «127 ժամ» դրաման, որը պատմում է սարերի մեջ ծուղակն ընկած լեռնագնացի մասին, Լիզա Խոլոդենկոյի «Երեխաների հետ ամեն ինչ կարգին է» լեսբիական ուղերձ պարունակող ընտանեկան կինոպատմությունը, Դեյվի Ռասելի «Ըմբիշը» սպորտային դրաման եւ անցյալ տարվա կտրվածքով` ամենամեծ ֆինանսական հաջողությունը ունեցող «Խաղալիքների պատմություն-3» անիմացիոն ֆիլմը:
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հաղթելու մեծ շանսեր ունի մեքսիկացի կինոռեժիսոր Ալեխանդրո Ինյարիտուն, ում «Գեղեցիկ» ֆիլմը (եւ գլխավոր դերակատար Խավյեր Բարդեմը) հավանաբար լավագույնը կճանաչվի դանիական, հունական, կանադական ու ալժիրական ֆիլմերի շարքում:
83-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 27-ին, եւ կվարեն այդ արարողությունը ոչ թե հայտնի կատակերգակները (ինչպես սովորաբար լինում էր), այլ երիտասարդ աստղերը` Էնն Հետուէյը եւ Ջեյմս Ֆրանկոն: «Օսկարը» փորձում է իր ուշադրությունից դուրս չթողնել երիտասարդ զանգվածին եւ ապացուցել, որ հնարավոր է մի վայրում միավորել արվեստը, կոմերցիան ու հանդիսատեսի համակրանքը: Համենայնդեպս, այս տարվա ֆիլմերի ընտրությունը գրեթե անթերի է կատարված (անթաքույց սպեկուլյացիա չկա), բոլոր ֆիլմերն էլ արժե դիտել: Եվ առավել ուշագրավ է վավերագրական ֆիլմերի ցանկը, որը սովորաբար երկրորդական է համարվում, սակայն այս տարի կարող է բոլորովին այլ պատկեր ունենալ: Այդ անվանակարգում ներկայացված է «Ելքը հուշանվերների խանութի միջով» ֆիլմը, որը պատմում է Լոս Անջելեսում հայտնված ֆրանսիացի բուրժուայի ու փողոցային արվեստի`գրաֆիտիի հանդեպ նրա ունեցած կրքոտ սիրո մասին: Ֆրանսիացին ինքն է նկարիչ դառնում ու ձեռք բերում «Ուղեղները Լվացող» կեղծանունը: