Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին անհրաժեշտ է համարում հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ամրապնդումը: «Եվրամիությանը շարունակում է անհանգստացնել հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի խախտումը, եւ յուրաքանչյուր միջադեպ ցույց է տալիս, որ անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր ձեռնարկել հակամարտության լուծման համար»,- երեկ Բաքվում լրագրողներին ասել է Սեմնեբին` հավելելով, որ մինչ հակամարտության լիակատար կարգավորումը անհրաժեշտ է ուժեղացնել հրադադարի ռեժիմը շփման գծում: Նա հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: «Թրենդ» գործակալության փոխանցմամբ` Սեմնեբին նաեւ ընդգծել է, որ մարդու իրավունքները եւ մամուլի ազատությունը կարեւորագույն առաջնայնություններ են Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերություններում: