Չավուշօղլուի նպատակը

25/01/2011

«Մենք ցանկանում ենք վերականգնել ԵԽ ԽՎ-ի` ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը»,- երեկ ասել է ԵԽ ԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն` Ստրասբուրգում ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Ինչպես գիտեք, 2005թ. ԵԽ ԽՎ-ն ընդունել էր հակամարտության վերաբերյալ թիվ 1416 բանաձեւը: Մեր նպատակը ենթահանձնաժողովի շրջանակներում այդ բանաձեւի իրականացումն է: ԵԽ ԽՎ-ի բյուրոն այդ հարցի վերաբերյալ հստակորեն արտահայտել է իր կարծիքը»,- ասել է նա: Չավուշօղլուն հիշեցրել է, որ թեեւ ենթահանձնաժողովը նախկինում նույնպես գործել է, բայց նրա նախագահի մահից հետո կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը. «Անցյալ ամիս ես հանդիպում եմ ունեցել ԵԽ ԽՎ-ում երկու երկրների պատվիրակությունների անդամների հետ, եւ այդ ժամանակից ի վեր մենք հանդիպումներ ենք անցկացնում յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ, որոնցից վերջինի ընթացքում պայմանավորվել ենք ընդլայնել հանդիպման ձեւաչափը, նաեւ այն, որ պատվիրակության կազմում ընդգրկվի մեկ ընդդիմադիր պատգամավոր: Որոշված էր, որ հարցը ներկայացվելու է բյուրոյին: Այս հարցը կքննարկվի ուրբաթ օրը գումարվելիք բյուրոյի լիագումար նիստի ժամանակ: Բյուրոն որոշում կընդունի ենթահանձնաժողովի գործունեության վերականգնման մասին եւ նրա համար նախագահ կընտրի: Ենթահանձնաժողովը կրկին կգործի եւ կշարունակի իր աշխատանքները նախկին հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում»: Ի դեպ, ըստ APA գործակալության` ԵԽ ԽՎ նախագահն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի որոշ քաղաքական գործիչներ այդ հարցը համարում են ԵԽ ԽՎ նախագահի անձնական նախագիծը: «Դա սխալ միտք է: Ես պարզաբանել էի այս խնդիրը Հայաստան կատարած իմ պաշտոնական այցի ժամանակ: Սա անձնական նախագիծ չէ: Սա իմ` որպես ԵԽ ԽՎ նախագահի, պարտականությունն է»,- ասել է Չավուշօղլուն: