Էջմիածնում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալները՝ 18.793 ձայն Գագիկ Ավագյանին, 5970՝ Երվանդ Աղվանյանին եւ 300՝ Սուսաննա Հարությունյանին, իրականության հետ ոչ մի եզր չունեն: Երեկ այս մասին հայտարարեց Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Սուսաննա Հարությունյանը, որին հաջողվել է 19-րդ ընտրատարածքի հանձնաժողովի նախագահից ձեռք բերել ընտրությունների իրական արդյունքները, ըստ որի` Երվանդ Աղվանյան-Սուսաննա Հարությունյան՝ ընդհանուր ձայների քանակը կազմել է 15.700, Գագիկ Ավագյանը ստացել է ընդամենը 470 ձայն: Նա ներկայացրեց ընտրությունների ժամանակ իրենց կողմից արձանագրված մի շարք ընտրախախտումներ: Մասնավորապես նշեց, որ նախնական եւ վերջնական ընտրացուցակներում ընտրողների թվի տարբերությունը եղել է 7000, վերջնական ընտրացուցակները փակցվել են միայն ընտրությունների նախօրեի ժամը 23.00-ի սահմաններում: Մի քանի փողոցներ եւ բազմաթիվ շենքեր կրկնվել են ընտրացուցակներում: «Եթե հավատանք վերջնական ընտրացուցակներին, Էջմիածնի բնակելի շենքերն ունեն մինչեւ 93 բնակարան, իրականում դրանց թիվը բոլոր շենքերում նույնն է՝ 50, լկտիությունն այնտեղ է հասել, որ կեղծ գրանցումներ են արել նաեւ մեր հարազատների բնակարանների վրա»,- տեղեկացնում է Ս. Հարությունյանը, որը կեղծ գրանցման կոնկրետ օրինակ հայտնաբերել էր անգամ իր ամուսնու ծնողների բնակարանի վրա: «Փաստորեն, Գագիկ Ավագյանի օգտին քվեարկել են ավելի քան 18.000 «մեռյալ հոգիներ», բնակչության արտագաղթած զանգվածը եւ մեկ օրում Էջմիածնում գրանցում ստացած շրջակա գյուղերի 7000 բնակիչներ»,- եզրակացնում է Ս.Հարությունյանը: Հոկտեմբերի 16-ի ընտրությունները չեղյալ համարելու պահանջով դիմել են ԿԸՀ, ՀՀ եւ ԱԺ նախագահներին, գլխավոր դատախազին: Ի դեպ՝ ասուլիսին մասնակցում էր ընդամենը երեք լրատվամիջոց: Ս. Հարությունյանի պնդմամբ` մնացած լրատվամիջոցներին անհայտ անձինք իր անունից զանգել-հայտնել են, որ նախապես հայտարարված ասուլիսը չի կայանալու: Մասնավորապես այդպես են պատճառաբանել «Երկիր Մեդիա» եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունները: Քաղաքապետի թեկնածուն անհայտ զանգերը վերագրում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին. «Նա վախենում էր, որ այսօր այստեղ կհնչի ողջ ճշմարտությունը, եւ բոլորին հասու կլինի այն խայտառակությունը, թե ինչպես երեք պատգամավոր, երեք գեներալ, մարզպետը, ՊՆ նախարարը եւ մի շարք կուսակցություններ միասին հավաքել են ընդամենը 470 ձայն, եւ, բնական է, որ նման քայլի պիտի դիմեր»:
Ն.Ա.