Երեկ Երեւանի տարբեր համայնքներում բացօթյա տաղավարներում առեւտրով զբաղվող մի քանի տասնյակ քաղաքացիներ կրկին բողոքի ցույց են անցկացրել Երեւանի քաղաքապետարանի մոտ: Սկզբում մի քանի տասնյակ ոստիկաններ նրանց արգելել են բողոքի ակցիան անցկացնել Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց` քաղաքացիներին առաջարկելով հավաքվել քաղաքապետարանի դիմացի այգում: Սակայն մոտ մեկ ժամ անց քաղաքացիներն այլեւս չեն լսել ոստիկանների հորդորները եւ մոտեցել են Երեւանի քաղաքապետարանի շենքին: Դրան ի պատասխան՝ Պետական պահպանության ծառայության գնդի պետի տեղակալ Խաչիկ Ավետիսյանի հրամանով ոստիկանները ժողովրդի դիմաց պատ են կազմել եւ արգելել են մոտենալ քաղաքապետարանին: Մարդիկ ընդամենը պահանջել են, որ Երեւանի քաղաքապետարանից որեւէ մեկն իջնի ու իրենց բացատրություն տա, սակայն որեւէ պաշտոնյա այդպես էլ չի բարեհաճել իջնել ժողովրդի մոտ: Առեւտրականները սկսել են խոսել ոստիկանների հետ` ժամանակ առ ժամանակ բարձրաձայնելով իրենց պահանջների եւ կատարվող ապօրինությունների մասին: Ոստիկաններն էլ մտել են իրենց դերի մեջ եւ սկսել են ուղղություն ցույց տալ բողոքող քաղաքացիներին: Օրինակ, նույն Խ. Ավետիսյանը մարդկանց ասել է, թե առեւտրականները պետք է դիմեն վարչական շրջանների ղեկավարներին, որոնք էլ կզբաղվեն նրանց տարածք տրամադրելու հարցով: Այդ խոսքերից հետո առեւտրականներն ավելի են վրդովվել` հայտարարելով, որ իրենց առաջարկում են շուկայում առեւտուր անել, ինչն իրենց հարմար չէ: Ցուցարարներին վրդովեցրել է այն, որ թեեւ իրենց խոստացել էին լուծել տաղավարների խնդիրը, սակայն այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, փոխարենը իրենց արգելել են աշխատել: «Ես համաձայն եմ փողոցային առեւտրի կանոնակարգմանը, բայց էդ դեպքում թող ինձ շուկայում 2գ3 ամիս անվճար տեղ տան, ես աշխատեմ, իմ հաճախորդները հավաքեմ, հետո նոր տեղի վարձ տամ: Մեր պահանջն այն է, որ մեզ թողնեն մեր տեղը` մենք մեր օրվա հացը վաստակենք: Մենք Նոր տարուց հետո սոված-ծարավ ենք: Ես երեք երեխա ունեմ, 20 օր ա` տուն եմ մտնում դատարկ ձեռքերով: Հավատացեք, այստեղ մարդիկ կան, որ էնքան վրդովված են, որ պատրաստ են իրենց բողոքը հրկիզվելով արտահայտել»,- ասել է ակցիային մասնակցող տղամարդկանցից մեկը: «Ասում են` դուք կարտոշկա կերեք, մենք` խորոված»,- Երեւանի քաղաքապետարանի վերաբերմունքն այսպես են ներկայացրել առեւտրով զբաղվողները: Նրանք խոստացել են շարունակել պայքարը, մինչեւ հարցի դրական լուծման հասնելը: Նրանք պահանջել են Երեւանի քաղաքապետ Կ. Կարապետյանի հրաժարականը: