Հայաստանի համար արտաքին պայքարն ուժեղացել է

25/01/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Հայաստանի քաղաքական դաշտում կարծես թե իշխանական ուժերն ավելի ակտիվ են, քան ընդդիմությունը: Մինչդեռ 1-1,5 տարի առաջ հակառակ վիճակն էր: Ինչո՞ւ է այդպես:

– Հայաստանի համար արտաքին պայքարը կտրուկ ուժեղացել է: Արտաքին ուժերը` նախ ԱՄՆ-ը, Անգլիան՝ մի կողմից, Ռուսաստանը՝ մյուս կողմից, փորձում են առավել ազդեցիկ, փաստացի թելադրողը դառնալ Հայաստանի քաղաքական ընտրություններում, գործողություններում, որովհետեւ մեր երկիրը շատ կարեւոր բաղադրիչ է կովկասյան կարեւորագույն միջանցքի գլոբալ մրցակցության համար: Էներգակիրների եւ այլ բեռների տարանցիկ միջանցք է, որը գլոբալ մրցակցություններում ունի իր շատ կարեւոր տեղը:

– Բայց այդ էներգակիրները վերջին տարիներին կարողացան շրջանցել Հայաստանը:

– Դա կապ չունի: Այդ միջանցքում այսօր կան 2 էական փականներ` Օսեթիան էր, որը 2008-ից հետո որպես փական չկա: ՌԴ-ն Օսեթիան ձեռք բերեց, բայց փականը կորցրեց: ԼՂ-ն դեռ մնացել է այդպիսի փական: Եվ հիմա խնդիր կա, թե ինչպես լուծել այդ փականի հարցը:

– Այսինքն՝ ՀՀ ներքաղաքական իրադարձություններն ուղիղ կա՞պ ունեն ԼՂ հարցի հետ:

– Դուք փորձում եք հարցն ավելի պարզեցնել, բայց այդպես չէ: ԼՂ-ն Կովկասում ընդհանուր հարաբերությունների փոփոխման լծակներից մեկն է: Վերջապես, եթե ԼՂ-ում ինչ-որ խնդիր սկսվի, դրանից կարող են օգտվել այլ երկրներ: Ակնհայտ երեւում է ՌԴ-ի խաղաղարար օպերացիա իրականացնելու ցանկությունը, իսկ նա դա կիրականացնի: Դա նշանակում է, որ կոմունիկացիոն միջանցքում կկանգնեն ռուսական տանկեր: Այս ամենն այն խնդիրների կծիկն է, որը թելադրում է կողմերին:

– Քանի որ այս շրջանում քաղաքական ակտիվությունը, վերադասավորումներն իշխանական ճամբարում են նկատելի, կարելի՞ է ենթադրել, թե Ձեր ասած գլոբալ խաղացողներն այդ հարցերի լուծման բանալին տեսնում են իշխանական դաշտում:

– Դուք տեսնում եք առավել շատ ակտիվությունը իշխանական դաշտում: Հազիվ թե դուք չեք նկատել, օրինակ, վերջին ժամանակում տեղի ունեցած ընդդիմադիր կամ կարծես ընդդիմադիր հանրահավաքը: Նկատած կլինեք ակտիվացումներ ավելի փոքր խմբերի մոտ, ամենատարբեր ուղղություններով: Ես ի նկատի չունեմ, որ այս ամենը միմիայն պայմանավորված է դրսով: Ես ասում եմ, որ դրսի այդ շարժումները ՀՀ-ում ուղիղ են արտահայտվում: Այսօր ՀՀ քաղաքական դաշտը շատ պրագմատիկ է, բոլորը ցանկանում են իշխանական լծակների ու հարստության տեր դառնալ: Այս իմաստով այս աշխարհն ավարտվում է, մոլորակային այս բոլոր ցնցումներն ավարտվում են: Բայց քանի որ մենք ինչ-որ տեղ քնած ենք, ապա քաղաքական դաշտի դրսեւորումներն ավելի շատ այդ ոլորտում են, որ մարդկանց թվում է, թե հին մեթոդներով կարող են հասնել ինչ-որ նպատակների: Ես կարող եմ ասել, որ այսօր փոփոխությունները շատ մեծ արագություն են ձեռք բերել, եւ չեմ կարծում, որ մի ամիս առաջ մասնագետները ձեզ կասեին, թե արաբական երկրներում` Թունիսում, Ալժիրում, Եմենում, այսպիսի գործողություններ կսկսվեն: Այսօր արաբական աշխարհը պայթում է եւ արդարություն է փնտրում: Դրա կազմակերպիչներից մեկը «Ալ Ջազիրան» է, որը Կատարի կառավարության ղեկավարության ներքո է, բայց այդ գործառույթները ողջունում է նաեւ Հեզբոլլահը: Մյուս կողմից էլ՝ կարծես թե դրան Արեւմուտքն է դրական նայում: Մերոնք հազիվ ձեռք էին բերել համաշխարհային մտածելակերպը` նետվել էին փող եւ իշխանություն ձեռք բերելու, եւ հանկարծ պարզվում է, որ այդ աշխարհն ավարտվում է: Սա է խնդիրը:

– Ձեր նշած հանրահավաքները որտեղի՞ց են ուղղորդվում:

– Խոշոր խաղացողներից ամեն մեկը փորձում է տիրանալ նման բաներին, որովհետեւ տեսնում են, որ ժողովուրդները սկսում են ոտքի կանգնել, պետք է կարողանալ ազդեցության լծակներ ձեռք բերել: Այդ ամենն առկա է նաեւ ՀՀ-ում:

– Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա կողմնակիցներին ինչո՞ւ չհաջողվեց գալ իշխանության:

– Տեսեք, թե այսօրվա աշխարհն ինչ է անում Լուկաշենկոյի գլխին: Կամ այն, ինչ Արեւմուտքն արեց Կուչմայի եւ Շեւարդնաձեի գլխին: Եթե դրա 1 տոկոսն արվեր ՀՀ իշխանությունների հանդեպ, ապա Լ.Տեր-Պետրոսյանը հաջողություն կունենար: Բայց արդյո՞ք այդ իշխանափոխությունը կբերեր իրական կյանքի փոփոխության, թե՞ կբերեր ավելի գռեհիկ կողմերի վերացմանը, բայց կյանքի փիլիսոփայությունը կմնար նույնը, եւ կմտնեինք ուրիշ ճգնաժամերի շրջան, ինչպես այսօր Բուլղարիայում եւ Հունաստանում է: Խոսքը պետք է գնա համակարգային փոփոխության մասին: Փոքր փոփոխություն ՀԱԿ-ը ցույց է տալիս, կան նաեւ այլ փոքր խմբեր, բայց այդ ծրագրերն այսօր ունեն մի բաց` հիմնավոր փոփոխության չեն բերում: Մեղմացման տարրեր են իրենց մեջ պարունակում, որը ֆունդամենտալ խնդիրը չի լուծում, բայց միգուցե նախապայմաններ է ստեղծում:

– Հայաստանում հիմնավոր փոփոխություններ կլինեն, եթե արտաքին աշխա՞րհը ցանկանա: Մեր երկրի վիճակը դրսին այսօր ձեռնտո՞ւ է:

– Այսօր աշխարհը շատ ամբողջական է, եւ այդ դուրսը ցավալիորեն շատ է ազդում ՀՀ-ի վրա, բայց դա բացարձակապես չի նշանակում, որ փոփոխությունները պայմանավորված են միայն դրսով: Ինչ որակ էլ դրսեւորվի, դուրսը դա ի նկատի է ունենալու ու դրա շուրջ է գործելու: ՀՀ-ի ֆունդամենտալ հարցերից մեկը հետեւյալն է` սա կբերի ներսի գործոնների կամ դրսի ազդեցության հետեւանքով՝ մի մեծ բռնկման, աղետալի գործընթացի, որի արդյունքում հետո կծնվի այդ նոր Հայաստանը: Երկրորդը` վերջապես կհայտնվեն խմբեր, որոնք կկարողանան անել այդ տրանսֆորմացիան: Ամերիկացիներն այսօր այստեղ տրանսֆորմացիա են անում` ձգտում են այն ուժերին, ում վրա հենվում են, դարձնել իշխող, իշխողը դարձնել իրենց բերած նոր փիլիսոփայությունը: Եվ այդ տիպի մարդկանցով ձեւավորել նոր Հայաստանի քաղաքական համակարգ: Նրանք իրենց այդ նպատակն իրականացնելու համար փորձում են հենվել ամբողջ քաղաքական դաշտի վրա: Այն հսկայական դեսպանատունը, որ նրանք սարքել են, պետք է աշխատի մի նյութի հետ: Եվ այդ ամերիկյան Հայաստանը ԱՄՆ-ի ռազմավարական ռեզերվն է, որովհետեւ հայությունը հսկայական պոտենցիալ ունի եւ շատ էֆեկտիվ գործիք է աշխարհում տարբեր գործառույթներում մասնակցելու համար:

– Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հակամարտությունը, Ձեր կարծիքով, իրակա՞ն է, թե՞ դա այնուամենայնիվ խաղ է իշխանական դաշտում:

– Պետք է մի քիչ վեր բարձրանալ եւ այդ հարաբերություններին այնտեղից նայել: ՌԴ-ում կա Մեդվեդեւ-Պուտին մրցակցությունը, բայց ես համոզված եմ, որ այդպիսին գոյություն չունի: Երբ ինչ-որ մարդիկ պայմանավորվում են գլոբալ խաբեության համար, դա պետք է այնքան նման լինի ճշմարտությանը, որ մարդիկ դա այդպես ընդունեն: Այն էլ մարդիկ չէ, համակարգերը: Եթե երկուսը պայմանավորվում են, իրենցից ցածր ոչ ոք չգիտի, որ պայմանավորվածություն կա: ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն անկեղծ են իրենց բոլոր գործողությունների մեջ: Եվ այդ հարցում էլ պետք չէ սահմանափակվել միայն Հայաստանի սահմաններով: Ես կարծում եմ, որ ՌԴ-ում պայմանավորված են, բայց այդ պայմանավորվածությունը պետք է այնպես լինի, որ իրենց երկուսից բացի, բոլոր մյուսները անկեղծ խաղան թշնամանքի խաղ, որովհետեւ խաբվողը պետք է Օբաման լինի:

– ԱՄՆ-ի «տրանսֆորմացիան» ինչո՞վ է արտահայտվել Հայաստանում:

– Դուք կարող եք վերցնել պետական պաշտոնյաների ցանկը, թե նրանք ինչպես են փոխվում: Այս կամ այն գործիչների ազդեցության աստիճանները, թե ինչպիսի որակով կամ ինչպիսի մարդիկ էին ենթադրվում պառլամենտական ցուցակներում, եւ բազմաթիվ նման պահեր: Փորձեք պարզել, թե ՀՀ-ում ովքեր են գրում օրենքները: Փող աշխատող մարդկանց մասին չի խոսքը, դրանք փոքր թիվ են կազմում:

– ԱԺ-ն հիմնականում ընդունում է կառավարության ներկայացրած օրինագծերը:

– Դուք պետք է իմանաք, թե ովքեր են գրում այդ օրենքները: Որն է այդ օրենքների տրամաբանությունը, ինչ դաշտ է ստեղծվում Հայաստանում այդ օրենքներով:

– Հայտնի է, որ իրավական ոլորտի օրինագծերը ներկայացնում են Արդարադատության նախարարությունը կամ Գլխավոր դատախազությունը, Ոստիկանությունը: Տնտեսականը` էկոնոմիկայի, ֆինանսների կամ այլ նախարարություն:

– Մի քիչ էլ խորացեք եւ պարզեք, թե կոնկրետ ո՞վ է գրում: Իմ ծանոթ երաժիշտներն ասում էին, թե մենք երաժիշտներ էինք պատրաստում, որոնց Եվրոպան խլում էր, որովհետեւ լավագույն մակարդակն ունեին: Հիմա իրենք բերել են իրենց կրթական համակարգը, որպեսզի ի՞նչ լինի: Որպեսզի մեր երաժիշտը լինի նույնքան ցածրորակ, որքան իրե՞նցը: Եվ այսպես ամբողջ կրթական համակարգը ոչնչացվել է: Մենք այս ամենը պետք է հասկանանք:

– Իսկ ՌԴ-ի փոփոխությունները որտե՞ղ են նկատվում, եթե չհաշվենք այն, որ էներգետիկ ենթակառուցվածքներն այդ երկրին են պատկանում, որ երկարացվեց ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը:

– 2007թ. ՌԴ-ն ապահովեց, որ ՀՀԿ-ն լինի հաղթող, եւ ոչ թե ԲՀԿ-ն: Ընտրությունների արդյունքները կեղծված են այդպես անելու համար: Մենք սովոր ենք խոսել ընդդիմության ձայները կեղծելու մասին, դա տեղի է ունեցել, բայց տեղի է ունեցել նաեւ այսպիսի վերաբաշխում: Ըստ ՌԴ-ի` պետք էր, որ պրոռուսական ուժը հաղթի: Հիմա ՀՀ իշխող համակարգում ո՞րն է պրոռուսական ուժը: ԲՀԿ-ն է: Հիմա պայքարում են, որ ԲՀԿ-ն լինի: Մի պահ ՌԴ-ն գնահատել էր, որ քանի որ նրանք ՀՀ-ում ունեն սահմանապահ զորքեր, գազ, ենթակառուցվածքներ, ուրեմն ՀՀ-ն իրենց ձեռքում է: Ես չգիտեմ, թե որքան ժամանակում Արեւմուտքի աջակցությունը կլինի, որ էներգաապահովման համակարգերը միացվեն լրացուցիչին, ինչպես ժամանակին արեցին Վրաստանում: Ուրեմն այդ ընթացքում ՀՀ-ն կարող է կտրուկ շրջադարձ կատարել: Անիմաստ է, եթե ժողովուրդը քո հետ չի:

– Հնարավո՞ր է, որ հաջորդ ընտրություններին ԲՀԿ-ն դառնա իշխող ուժ:

– Դեռեւս ՀՀ-ում քաղաքական ուժերը շատ թե քիչ հավասարակշռված են: Ես ասացի, որ Արեւմուտքի ազդեցությունն արդեն բավականաչափ մեծ է եւ սրընթաց աճում է: Այդ հավասարակշռությունը խախտվելու է անկասկած: Մինչեւ 2013-ը եթե այս տրամադրությունները պահպանվեցին, ՌԴ-ի ազդեցությունը չնչին է լինելու, զրոյին մոտ: Բայց քանի որ բալանսավորված է, այսօր ՌԴ-ն կարողանում է հսկայական ազդեցություն ունենալ: Հայաստանի հարցը ՌԴ-ի համար սոսկ Հայաստանի հարց չէ: Դա իր լինել-չլինելու հարցն է: ՌԴ-ն երկու գործոն ունի, որ այսօր աշխարհում միավոր է մնում: Մեկը միջուկային զենքն է, մյուսը` էներգակիրները: Եթե միջուկային զենքը միայն պաշտպանող նշանակություն ունի, ապա էներգակիրները լծակ են նրա ձեռքին: Կովկասը խլելով` ՌԴ-ից խլում են էներգակիրների զենքը: Կովկասի խնդիրը ՌԴ-ի համար կենսական է: