ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով` գնաճի զսպման այն մոդելը, որը կա Հայաստանում, չի արդարացնում իրեն: Ըստ նրա` թեեւ Սահմանադրությամբ գնաճի զսպման պատասխանատվությունը Կենտրոնական բանկի վրա է դրված, սակայն ԿԲ-ն ի վիճակի չէ գների կարգավորմանն ուղղված միջոցառումներ իրականացնել:
«Ամեն տարի հայտարարվում է, որ գնաճի տարեկան ցուցանիշը 4 տոկոսից մի փոքր բարձր կլինի, սակայն պաշտոնական թվերով դրա կրկնակին է արձանագրվում: Գնաճի իրական ցուցանիշը ավելի բարձր է: Սա նշանակում է, որ ԿԲ-ն ու կառավարությունը ոչ թե ամեն անգամ պետք է բացատրեն բարձր գնաճի պատճառները, այլ կոնկրետ գործիքակազմ կիրառեն: Սակայն որեւէ էական քայլ այդ ուղղությամբ չկա»,- ասել է նա` ընդգծելով, որ ինքը համամիտ է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի այն տեսակետին, թե` եթե մեր կառավարությունն ու ԿԲ-ն որոշ ժամանակ չգործեն, երկրի վիճակը շատ ավելի լավ կլինի: Գնաճի առաջացման հիմնական պատճառների մասին խոսելով` Արծվիկ Մինասյանը նշեց, որ այսօր Հայաստանում առկա է արհեստական փակ շուկաների վիճակ: Ըստ նրա` անհրաժեշտ է կոտրել այն մեխանիզմը, որը խոչընդոտում է մուտք գործել հայկական շուկա: Նրա դիտարկմամբ` պետք է փոխվեն մաքսային, հարկային քաղաքականությունները։ «Ավելացված արժեքի հարկի ներկա ձեւն արդեն ստեղծում է գնաճի հնարավորություն»,- ասել է Ա. Մինասյանը: Գնաճից խուսափելու համար, ըստ նրա, պետք է վերանայվի ֆինանսական շուկայի քաղաքականությունը, մասնավորապես` բանկերի գործունեությունը. «Եթե ուզում ենք գնաճի վերահսկողական ֆունկցիա իրականացնել, ապա կենսապահովման նվազագույն զամբյուղի ապրանքների գները պետք է պետականորեն սահմանվեն: Այդ զամբյուղում պետք է մեծ տեղ տալ տեղական արտադրության մթերքին»: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն էլ նշել է. «Թյուր կարծիք կարող է ձեւավորվել, թե այն գործիքակազմը, որով կառավարում ենք գնաճը, բավարար չէ»: Ըստ նրա` միայն տնտեսական քաղաքականությունը կարող է գները կարգավորել: Դրա համար պետք է տնտեսական համալիր քաղաքականություն իրականացվի` ապահովելով բոլոր ոլորտների փոխկապակցվածությունը: «Տնտեսական քաղաքականության վարման ձեւեր գոյություն ունեն աշխարհում: Պետք է Հայաստանի առանձնահատկությունները հաշվի առնելով` օգտվենք իրենց արդարացրած մոտեցումներից եւ դրանք կիրառենք: Պետք է աշխատենք, որ գնաճ չլինի հատկապես այն ապրանքների մասով, որից օգտվում է բնակչության լայն զանգվածը` չունենալով համապատասխան եկամուտներ»,- ասել է Վ. Բոստանջյանը:
Անդրադառնալով բացօթյա առեւտուրն արգելելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշմանը, որը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, Ա. Մինասյանն ասել է, թե այն ժամանակավրեպ է եւ կարող է հանգեցնել գործազրկության աճին ու աղքատության խորացմանը: Ըստ նրա` Կ. Կարապետյանի այդ քայլը չի կարող արդարացված լինել, քանի որ քաղաքապետարանը նախ պետք է հոգար, որպեսզի քաղաքացիներն ունենային առեւտրի կազմակերպման այլընտրանքային հնարավորություն. «Այդ քայլին պետք է նախորդեր աշխատատեղերի ստեղծման կամ համարժեք աշխատանքով ապահովելու կամ առնվազն եկամուտով փոխհատուցելու մեխանիզմը, եւ նոր միայն իրականացվեր այդ քաղաքականությունը»: Նրա խոսքով՝ Հայաստանը չունի կոնցեպցիա սուպերմարկետների, տոնավաճառների, առեւտրային կետերի վերաբերյալ, եւ դրանք գործում են «տարերայնորեն եւ անբռնազբոսիկ ձեւով առաջ են գնում»: «Ինչո՞ւ պետք է այսօր 15 առեւտրային փոքր օբյեկտներ փակվեն, ի՞նչ է թե՝ քիչ հեռվում մի սուպերմարկետ է տեղադրվելու: Մենք դրանով ինչի՞ ենք դիմում, ինչ ապագա ենք ունենալու: Ամեն ինչ թողնված է բարձիթողի վիճակում, եւ հետեւանքը լինելու է այն, որ հետագայում վնասներ է պատճառվելու Երեւանի զարգացմանը»,- ասել է ՀՅԴ-ական պատգամավորը: Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Վ. Բոստանջյանն էլ փորձել է հակադարձել` ասելով. «Այսինքն, ուզում եք ասել, որ պետությունը պետք է հանդուրժի, որ ով ասես ամեն մի անկյունում կանաչի վաճառի՞: Ես չեմ ուզում, որ հայ ժողովուրդս մնա ստրկամիտ, խեղճ ու կրակ, մի մեշոկի շրջանակներում կանաչի ծախողի հոգեբանությամբ: Ես ցանկանում եմ պրոգրես տեսնել առեւտրի կազմակերպման ոլորտում: Պետությունն ունի լծակներ` փողոցային առեւտուր իրականացնողների համար առեւտրի կազմակերպման համար արժանավայել պայմաններ ստեղծելու համար»: Իսկ ինչո՞ւ նոր քաղաքապետը մինչ փողոցային առեւտուրն արգելելու մասին որոշում կայացնելը չի ստեղծել իր նշած արժանավայել պայմանները, այս հարցը Բոստանջյանը թողեց անպատասխան: