Իշխանություններին սպասարկող քաղաքական գործիչները հայտարարում են, թե եղավ այն, ինչ եւ սպասվում էր. ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստանում չարտաբերեց «քաղբանտարկյալ» եզրը: Փոխարենն ասաց, որ ԵԽ ԽՎ-ն Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ, այնուամենայնիվ, չի կիրառի: Այն, որ պարոն Համարբերգը չարտասանեց «քաղբանտարկյալ» բառը, չի նշանակում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ճիշտ այդպես, երբ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին չի արտասանում «ցեղասպանություն» եզրը, դրանից հայերս չենք եզրակացնում, որ ցեղասպանություն չի եղել: Ավելին` նրան համարում ենք անսկզբունքային, պատեհապաշտ: Եվրոպացի հանձնակատարի այցից հետո ստացվեց այնպես, որ արդարացան իշխանությունների ակնկալիքները, զուգահեռաբար չկորան նաեւ ընդդիմության սպասելիքները: Իսկ նման անորոշ վիճակում պարոն Համարբերգի խոսքերի կշիռն արդեն այն չէ: Թեթեւ է: Անգամ այն դեպքում, երբ հայտարարում է, թե «2008թ. մարտի մեկից հետո ձերբակալվածները «չպետք է լինեն բանտերում, որովհետեւ նրանց նկատմամբ կայացրած դատավճիռն ունեցել է քաղաքական նկատառումներ»: Քաղաքական կոնֆորմիզմը հատուկ է հայաստանյան բոլոր քաղաքական գործիչներին: Դրա համար բոլորը պատրաստ են իրենց ծառայություններն առաջարկել: Չօգտագործված մնալու անհանգստությունից` քաղաքական կյանք են վերադառնում անգամ այն փոքրիկ ուժերը, որոնք քաղաքական դաշտում իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Տակավին օրերս երկրի երեսից անդառնալիորեն վերացած Առաջադիմական կուսակցությունը հայտարարեց, որ ինքը ոչ միայն կա, այլեւ միանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ծրարով աշխատավարձ` կուսակցությունից, լավ դիրք խորհրդարանում կամ կառավարությունում, սպասարկող մեքենա, արտասահմանյան ուղեւորություններ հարկատուների հաշվին, ամիսը մեկ Սերժ Սարգսյանին կամ Գագիկ Ծառուկյանին հեռվից տեսնելու հնարավորություն… Սրանք լուրջ գայթակղություններ են, որոնք ստիպում են քաղաքական էլիտային վաճառել այն, ինչ ընդունված է անվանել հոգի: Եվ դա զգացվում է նաեւ եվրոպացի չինովնիկների այցերից հետո: Նրանք, ումից ինչ-որ բան կախված է, մեծ ձեռքբերում են համարում ճշմարտությունը Եվրոպայից ժամանած հանձնակատարներից հմտորեն թաքցնելը: Ապա թերթերի խմբագրություն են ուղարկում իրենց լավագույն լուսանկարը` պրոֆիլ, անֆաս, որի տակ էլ զետեղվում են նրանց ասած տխեղծ մտքերը: Կյանքի հարմարությունները ստիպում են իշխանությունների յուրաքանչյուր ապաշնորհ քայլը հիմնավորել: Ծառայողական կամ սեփական մեքենայով աշխատանքի սլացող չինովնիկին կամ պատգամավորին քաղաքապետարանի մոտ հավաքված առեւտրականներն ինչ-որ խառնամբոխ են թվում: Իսկ նոր քաղաքապետը` խոստումնալից մենեջեր: Համապետական ընտրությունների զանգվածային կեղծիքները` փոքրիկ անճշտություններով ընտրություններ, որոնք, անտարակույս, մեկ քայլ առաջ են նախորդ ընտրություններից: Իսկ կեղծիքներ, ինքներդ ասեք, ո՞ր երկրում չեն լինում: Քաղաքական հայացքների համար ձերբակալված քաղաքացին նրանց համար մի հանցագործ է, սակայն ում իրավական կարգավիճակն օրենքով ամրագրված չէ: Հետեւաբար` նա կարծես քրեական հանցագործ չէ, սակայն քաղբանտարկյալ էլ չէ: Պարզապես բանտարկյալ է, եւ վերջ:
Նրանք, ովքեր իրենց համոզել են, թե քաղաքական բանտարկյալները հանցագործներ են, ում մեղքով մարդիկ զոհվեցին, կանխակալ են: Իհարկե, եթե ի սկզբանե ելնենք այն հանգամանքից, որ նրանք հանցագործներ են, այդ դեպքում մարտի մեկին տեղի ունեցածի շատ մանրամասներ սկսում են կասկածելի թվալ: Դրանց զուգադիպությունը` նախապես ծրագրած դավադրություն: Սակայն եթե հիմք ընդունենք այն հանգամանքը, որ այդ մարդիկ հանցագործներ չեն, մեղավոր չեն անհայտ մարդասպանների ձեռքով սպանված ՀՀ տասը քաղաքացիների մահվան մեջ, ապա մարտի մեկին կատարվածի մանրամասները կասկածելի չեն թվա: Պարզ կդառնա, որ ամեն դրվագ ունի իր հիմնավորումը, բացատրությունը: Փորձեք անընդհատ կրկնել` մարդը մեղավոր է, եւ նրա յուրաքանչյուր հայտնած միտք, գործողություն կսկսի կասկածելի թվալ: Կասկածները ենթագիտակցաբար կդառնան փաստեր, փաստերը կուռճացվեն: Եվ իշխանություններն իրենք էլ կսկսեն հավատալ, թե քաղաքական հայացքների համար մարդկանց ձերբակալելով` հասարակությանը փրկում են պոտենցիալ զոհերից:
Եվ մարտի մեկի տասը զոհերի կյանքերն էլ, խոշոր հաշվով, ոչինչ չարժեն: Անընդհատ խոսելով այդ ծանր մարդկային կորուստի մասին, ակնհայտ է` զոհերի մահվան վիշտը միայն նրանց սեփական ընտանիքներն են կրում: Ակնհայտ է նաեւ, որ այդ անմեղ մարդկանց սպանություններից ոչ ոք որեւէ եզրակացություն չարեց` նրանց մարմիններից փամփուշտները հանող բժիշկներից բացի: Արդար լինելու համար արձանագրենք, որ այսօր քաղբանտարկյալների ազատությունը ձեռնտու չէ ո՛չ իշխանություններին եւ ոչ էլ ընդդիմությանը (անազատությունից վերադարձած գործիչները ընդդիմությանը կստիպեն տեղից շարժվել): Քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի ազատությունից հետո ընդդիմությունը ստիպված պիտի լինի վերանայել իր` գործնականում ոչինչ չանելու «ռազմավարությունը»: Պատրա՞ստ է ՀԱԿ-ը դրան: Դժվար է պատասխանել: Դատողություններ անել, թե որքան կշահեր մեր հասարակությունը, եթե քաղաքական էլիտան լիներ ոչ թե կլանային, նոմենկլատուրային, այլ իսկական, պարապ գործ է: Պարկեշտ մարդ մեր քաղաքական կյանքում գտնելը բարդ է:
Այնպես որ, ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի այս այցը եւս, ինչպես նաեւ նրա զեկույցը, դժվար փոխի հայաստանյան իրականությունը: Նույնիսկ հաշվի առնելով այն, որ «2008թ. մարտի մեկից հետո ձերբակալվածները չպետք է լինեն բանտերում, որովհետեւ նրանց նկատմամբ կայացրած դատավճիռն ունեցել է քաղաքական նկատառումներ»: