Երեկ Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր «Dundee precious Metals Inc»-ի գործադիր փոխնախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Ռիկ Հոուսը (Rick Howse), Առողջության, անվտանգության եւ շրջակա միջավայրի հարցերով տնօրեն Ռուբեն Միլսը հանդիպել են «Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի եւ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի հետ: Հանդիպման ժամանակ խոսվել է լեռնահանքային ոլորտում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության, ընկերության՝ բնակչության կամ հասարակական կազմակերպությունների կարծիքին ուշադրություն չդարձնելու, լեռնահանքային արդյունաբերության ոլորտի կոռուպցիոն ռիսկերի, միջազգային փորձի ներդրման մասին: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ փորձելու են բարելավել ընկերության վարած քաղաքականությունը: Շահումյան բազմամետաղային հանքը բաց եղանակով շահագործման մասին ընկերության ներկայացուցիչները նշել են, որ այդ հարցը լայն քննարկման առարկա կդառնա, երբ հետազոտական աշխատանքների արդյունքում հաստատվի պաշարների գոյությունը: Հ/կ-ների ներկայացուցիչները պատասխանել են, որ իրենք, այնուհանդերձ, պայքարելու են հանքը բաց եղանակով շահագործելու դեմ: