Ապօրինի ձեռնարկատիրություններ են հայտնաբերել է

25/01/2011

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի քանի դեպք եւ կասեցրել դրանք: ՊԵԿ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ` Օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած համապատասխան միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի տաքսի ծառայություն` «Սիս տաքսի» անվանմամբ: Այն գործել է մայրաքաղաքի Խաղաղ Դոնի 1 հասցեի հարակից տարածքում, առանց համապատասխան լիցենզիայի եւ հարկային մարմիններում հաշվառվելու: Պարզվել է, որ ապօրինի գործունեությունը ծավալել է ֆիզիկական անձ Պողոս Նազարյանը: Տաքսի ծառայության գործունեությունը դադարեցվել է: Պ.Նազարյանի մոտ իրականացվում է գործունեության օրինականության ստուգում: Կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ուշադրության կենտրոնում օրերս հայտնվել է նաեւ «OK ROOM» բար-սրճարանը: Ստուգման արդյունքում պարզ է դարձել, որ մայրաքաղաքի կենտրոնում` Թումանյան 25 հասցեի նկուղային հարկում գործող սրճարանն ապօրինի է եւ չունի պետական գրանցում: Հարկային դաշտից դուրս գործունեությունն իրականացրել է Երեւանի բնակիչ Հ.Սարգսյանը` այցելուներին սպասարկելով հիմնականում գիշերային ժամերին: Բար-սրճարանի տարածքը շուրջ 40քմ է. հարկային մարմինների այցելության պահին այդտեղ եղել է երկու աշխատակից: Ապօրինի գործունեությունն այս պահին կասեցված է, տարածքն էլ՝ կապարակնքված: Մյուս դեպքում էլ հայտնաբերվել է նորաձեւության եւ կարի արտադրամաս. այն եւս գործել է մայրաքաղաքում: Ապօրինի ձեռնարկատերը Մհեր Դավթյանն է, ում հայտարարության համաձայն, գործունեությունն իրականացվել է 2010թ. սեպտեմբերից` 3 աշխատակիցների միջոցով: Փաստի վերաբերյալ կազմվել է վարչական վարույթ, ճշտվում են իրացման ծավալները:

Օրերս հայտնաբերված մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրություն էլ ծավալվել էր Գարեգին Նժդեհի 3 շենքի բակում, որտեղ քաղաքացի Դ.Նիկողոսյանն առանց պետական գրանցման զբաղվել է խոշոր եղջերավոր կենդանիների ոսկրահանմամբ եւ մսամթերքի իրացմամբ: