Թանկանալու է նաեւ հացը

25/01/2011

Հայաստանում կրկին թանկացել է ալյուրը: Ալյուրի մեծածախ գինն անցած շաբաթվա վերջին հասել է 1 կգ-ի դիմաց 222 դրամի, մանրածախը սկսում է 240 դրամից: Դրան զուգահեռ՝ արդեն տեղի է ունենում հացի գնի թանկացում, թեեւ հացաթխման ձեռնարկությունների մի մասը դեռեւս աշխատում է պահեստավորված ալյուրով, եւ այս պահի դրությամբ թանկացում չի իրականացրել: Որպես թանկացման հիմնական պատճառ՝ համարվում է միջազգային շուկայում ցորենի թանկացումը: 2010 թվականի դեկտեմբերի համեմատ ցորենի գներն ավելացել են շուրջ 10 տոկոսով: Անցած ուրբաթ օրվա տվյալներով` ցորենը եվրոպական եւ ամերիկյան բորսաներում վաճառվել է 1 տոննան 330-350 դոլարով, որը վերջին 30 ամսում ամենաբարձր գինն է: Ավելի թանկ ցորենը եղել է միայն 2008-ին, այն էլ՝ կարճ ժամանակահատվածում, երբ գինը գերազանցել է նույնիսկ 400 դոլարը: Ուկրաինայում ներկայումս ցորենը վաճառվում է 1 տոննան 300 դոլարով, Ղազախստանում` 305-ով: Վրացական Փոթի նավահանգստում ցորեն կարելի է ձեռք բերել տոննան 400 դոլարով: Միջազգային շուկայում ցորենի թանկացման վրա ազդում են հիմնականում երեք խումբ գործոններ: Նախ, Եվրոպայում այս տարի սպասվում է ոչ առատ բերք, հետեւաբար՝ եվրոպական վերլուծական կենտրոններից սկսել են գնահատականներ հնչել այն մասին, որ Եվրոպայից ցորենի արտահանումն էապես կկրճատվի: Երկրորդ` ցորենի նկատմամբ կարճաժամկետ հատվածում ստեղծվել է մեծ պահանջարկ` հատկապես Միջերկրածովյան երկրների կողմից: Ալժիրը, Հորդանանը, Թունիսը, որտեղ սոցիալական հուզումներ են տեղի ունեցել, սկսել են մեծ քանակությամբ ցորեն ներկրել` կանխելու համար հնարավոր պարենային ճգնաժամը: Բացի այդ, ցորենի միջազգային գների վրա էական ազդեցություն է թողնում բնությունը` Ավստրալիայում եւ Բրազիլիայում տեղի ունեցած ջրհեղեղները: Սակայն Ավստրալիայի իշխանությունների հավաստմամբ՝ իրենք ցորենի արտահանումները չեն դադարեցնի: Վերլուծաբանների մեծ մասն այն կարծիքին է, որ 2011 թ. պարենային ճգնաժամ չի լինի, իսկ գների ներկայիս տատանումը ժամանակավոր է: Ողջ աշխարհում աճել են ցորենի ցանքատարածությունները, սպասվում է, որ բերքը ավելին կլինի, քան 2010-ին։ Հայաստանում ցորենի միջազգային գնի աճը առաջին հերթին անդրադարձել է ալյուրի գների վրա, որը նախորդ տարվա համեմատ նույնպես թանկացել է մոտ 10 տոկոսով: Ըստ ալրաղացներից ստացվող տեղեկությունների, առաջիկայում նույնպես թանկացումներ կարձանագրվեն, քանի որ ներկայումս օգտագործվում է նախկինում էժան ձեռք բերված հացահատիկը:

Երեկ ալյուրի թանկացման թեմայի շուրջ Երեւանում հրավիրված ասուլիսին ցորենի ներկրմամբ զբաղվող «Մանչո գրուպ» ընկերության նախագահ Իվան Մոսոյանը վերջին պահին չի ներկայացել` պատճառաբանելով զբաղվածությունը: «Հերթական պատուհասն է թակել մեր ժողովրդի դուռը` հացը թանկացել է մինչեւ 20 դրամով»,- ասուլիսի սկզբում հայտարարել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը` նշելով, որ դա ամսական արդյունքով ընտանեկան բյուջեի վրա մեծ ծանրաբեռնվածություն է: Ըստ Պողոսյանի, այսօր չկա բանավեճ, պատասխանատու կառույցները պարզաբանումներ չեն տալիս, շուկայում ստեղծված իրավիճակը չեն ներկայացնում: «Մեզ պետք է լիարժեք տեղեկատվություն, թե որքան են ցորենի ներկրման ծավալները, արժեքը, շահույթի տոկոսը, եւ որքանով է շահույթը հարկվում: Եթե այս խնդիրները պատշաճ ընթանան, այս երկրում չի լինի այն տագնապը, որը մեզ այսօր հավաքել է այստեղ»,- ասել է Ա. Պողոսյանը: Ըստ նրա, պատասխանատու կառույցը` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, օրենքով սահմանված իր գործառույթները չի իրականացնում, հստակ ֆիքսված պատժաչափերը չի կիրառում: Հացի շուկայում ստեղծված իրավիճակն այսօր, Պողոսյանի խոսքով, անվերահսկելիության ու անպատժելիության արդյունք է: Շուկայում գործող տնտեսվարողներն էլ օգտվում են այդ իրավիճակից եւ գերշահույթ ստանալու համար դիմում նման քայլերի: