Հունվարի 21-ից «Արարատ» հեռուստաալիքը եթերում չէ, փոխարենը Հանրային հեռուստաընկերության երկրորդ ալիքով հեռարձակվում են «Շողակաթ» ՍՊԸ ստուդիայի պատրաստած հաղորդումները: Ալիքների նման վերադասավորումը (ավելի ճիշտ` «փոխանցումը») տեղի է ունեցել անաղմուկ ու առանց որեւէ պաշտոնական մեկնաբանության: Պարզապես մեկ օրվա ընթացքում «Արարատի» 44 աշխատակիցներին ասվել է, որ այսուհետ նրանք գործազուրկ են: Միակ պաշտոնական հայտարարությունը, որը տեղ է գտել մամուլում, եղել է Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի մեկնաբանությունը, ով ասել է, որ Հանրային ալիքը պատրաստվում է ավելի սերտ համագործակցել «Շողակաթի» հետ` հաշվի առնելով, որ նման հաջողված փորձ Հանրային ալիքն արդեն ունեցել է: Խոսքը Հանրայինի արբանյակային տարբերակի մասին է, որի եթերացանցում 2 ժամանոց բլոկով ցուցադրվել են «Շողակաթի» հեղինակած հաղորդումները: Դատելով Ա.Հարությունյանի հայտարարությունից` «սերտ համագործակցությունը» բնավ էլ ալիքների «մերձեցում» չպիտի լիներ, սակայն փաստը մնում է փաստ. արդեն մի քանի օր է, ինչ հանրային «հեռուստաընտանիքին» պատկանող ալիքներից մեկն իր հանրային կարգավիճակը հանգիստ սրտով զիջել է մասնավոր մի ստուդիայի: Հաշվի առնելով այն փաստը, որ «Շողակաթը» 2010-ի վերջին ՀՌԱՀ հանձնաժողովի գումարած կապուղիների մրցույթին չի մասնակցել եւ հետեւաբար` մինչ «Արարատի» տեղը զբաղեցնելը որպես հեռարձակող հեռուստաընկերություն չի հանդիսացել, ուրեմն «Շողակաթն» ընդամենը հեռուստահաղորդումներ արտադրող ստուդիա է: Այնպես, ինչպես, ասենք, Հայաստանում գործող բազմաթիվ այլ ստուդիաները: Օրինակ, «Բարս մեդիան», «Ինտերնյուսը» (ավելի ճիշտ՝ «Ինտերնյուսին» կից գործող «Ալտերա» ստուդիան) կամ էլ այլ մասնավոր որեւէ արտադրող:
Ենթադրելի է, որ եթե Հանրային հեռուստաընկերությունը ցանկանում էր ավելի որակյալ դարձնել իր հոգեւոր-մշակութային «Արարատ» ալիքը, ապա հարկ էր մասնավոր ստուդիաների միջեւ հատուկ մրցույթ անցկացնել: Այլապես անհասկանալի է, թե ինչո՞ւմ էր «Շողակաթ» ստուդիայի առավելությունը, որն առանց մրցակցության (անգամ ձեւական)` ճանաչվել է լավագույնը: Այն էլ` առանց իրավական ձեւակերպման, որը մինչ այսօր ոչ հրապարակվել է, ոչ էլ անգամ` հայտարարվել, որ նման ձեւակերպում կա: Մինչդեռ հանրային (հարկատուների փողերով սնվող) ցանկացած կառույց իր կնքած իրավական ակտերը պարտավոր է հանրությանը ներկայացնել, այլապես` այն դադարում է հանրային լինելուց` մուտք գործելով «ստվերային» դաշտ: Իսկ մեզանում, որքան հայտնի է, Հանրային հեռուստաընկերության խորհուրդը չի հայտարարել իր ալիքներից մեկի «ապահանրայնացման» մասին:
«Շողակաթը» չի ցանկացել իր ծրագրերի փաթեթն ու ուղղվածությունը ներկայացնել կապուղիների մրցույթում (այսինքն` չի ցանկացել եթերում մնալ): Էլ ինչո՞ւ է պետությունը այդ ստուդիային զիջում իր եթերը: Ալիքների միջեւ տեղի ունեցած այս գործարքը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Եվ առաջնայինը ալիքի կարգավիճակի հստակեցման խնդիրն է: «Շողակաթի» տնօրեն Մանյա Ղազարյանի մեկնաբանության համաձայն, Հանրային ալիքը որոշում է ընդունել իր եթերը տրամադրել «Շողակաթին» ժամանակավորապես: Ի՞նչ է նշանակում՝ «տրամադրել», ոչ ոք չի հասկանում: Առավելեւս` չի հասկացվում, թե ըստ պայմանագրի` այդ ժամկետը որքա՞ն է, եւ ո՞ր պայմանների չկատարման դեպքում այն կարող է խզվել:
Շողակաթցիների փոխանցմամբ` իրականում «Արարատը» չի դադարում հանրային լինելուց` դառնալով պարզապես հաղորդումների պատվիրատու: Իսկ «Շողակաթն» էլ ընդառաջելով պետական պատվերին` հանրային ալիքին հաղորդումներ է մատակարարելու` անելով դա սեփական լոգոտիպի ներքո ու սեփական տնօրինմամբ: Հետաքրքիր է, օրինակ, տեղեկանալ, թե ինչպե՞ս է այսուհետ կառավարվելու պատվիրատուի կարգավիճակում հայտնված Հանրային ալիքը: Չէ՞ որ, եթե դա հանրային ալիք է, ապա պետք է հանրային կառավարում ունենա: Եվ ուրեմն հարկ է հանրային խորհուրդ ստեղծել, այլ ոչ թե հանրային շահերի սպասարկող դարձնել մասնավոր անձանց, առանց նրանց մշակած ծրագրերի նկատմամբ վերահսկողության մեխանիզմների սահմանման: Սյժմ հանրային եւ միաժամանակ` ժամանակավորապես մասնավոր ալիքը կառավարում են «Շողակաթի» ներկայացուցիչները (նախկին «Արարատից» ոչ ոք այլեւս չի ազդում ալիքի քաղաքականության վրա), որոնց ընտրության ընթացակարգն ու կազմը որեւէ փաստաթղթում ամրագրված չէ: Ինչպես նաեւ չի նշվում` թե ինչպե՞ս է այսուհետ հանրությունը ազդելու (թեկուզեւ ընդամենը տեսականորեն) «նորաթուխ» ալիքի վրա:
Ընդ որում` ազդելու պայմանը բնավ էլ հռետորական չէ: Ակնհայտ է, որ Հայ Առաքելական եկեղեցու կողմից հիմնադրած «Շողակաթ» ստուդիան չի կարող ամբողջական մշակութային համայնապատկեր ներկայացնել, քանի որ ցանկացած հաղորդում պատրաստելիս` պարտավոր է կրոնական խմբագրում կատարել: Ինչը ենթադրում է, որ ժամանակակից, փորձարարական արվեստի հսկայական շերտ եթերից դուրս է մնալու, քանի որ եկեղեցին շատ երեւույթներ ժամանակակից արվեստում անհարիր է համարում: Վերջերս մեր եկեղեցու սպասավորներն, օրինակ, կինեմատոգրաֆը «սատանայական» արվեստ էին անվանել` նշելով, որ լավ կլինի կինոթատրոնները քանդել ու փոխարենը եկեղեցիներ կառուցել, որպեսզի մարդիկ առնչվեին ոչ թե կեղծ, այլ` իրական արժեքների հետ:
Ամեն դեպքում հասկանալի է, որ եկեղեցին` հանրային ալիքի եթերում հայտնվելով, շատ բան է շահում, քանի որ այսուհետ հենց մենք ենք եկեղեցու գործունեության եւս մեկ ճյուղը ֆինանսավորելու: Իհարկե, նախընտրելի է հակառակ տարբերակը, օրինակ, թող եկեղեցին համերգասրահի, թանգարանի, թատրոնի կամ կինոթատրոնի գործունեությանը աջակցի (այսինքն` հանրային շահին ծառայի), բայց դա թերեւս Հայ Առաքելական եկեղեցու ցանկությունների շրջանակների մեջ չի մտնում:
Եվ եթե հենց մենք (պետությունը) պետք է մեր եկեղեցին պահենք, ապա ավելի լավ է դա անել ավանդական ու ժամանակով ստուգված ճանապարհով՝ մոմ գնելով, կնունքների ու հարսանիքների արարողություններ անցկացնելով, եւ վերջիվերջո` գումարների հանգանակությամբ, որն ուղղվում է եկեղեցիներում տեղադրված արկղիկների մեջ: Որքան հայտնի է, դավանանքի ազատություն ունենք, իսկ դավանանքը կամավոր (նաեւ` անհատական) ընտրություն է, եւ բնական է հարցնել` ի՞նչն է փոխվել մեր օրենքներում, որ այսուհետ մենք պարտավոր ենք մեր վճարած հարկերի որոշակի տոկոսը եկեղեցուն վճարել` դա դարձնելով յուրատեսակ հարկատեսակ: Այնպես, ինչպես, օրինակ, պարտավոր ենք պահել չինովնիկական ապարատը, ոստիկաններին: Եվ խոսքն այստեղ բնավ էլ «Շողակաթի» անձնակազմի մասին չէ, այլ` պետական մոտեցման:
Ի՞նչ է շահում պետությունը իր հանրային ալիքներից մեկը եկեղեցուն տրամադրելով (հանձնելով, փոխանցելով, նվիրելով): Չէ՞ որ «Արարատ» ալիքը հրաժարվում է եւ սեփական, արդեն «բրենդային» դարձած լոգոտիպից, եւ սեփական աշխատակիցներ ունենալուց, եւ պետական հոգեւոր-մշակութային քաղաքականությունը վավերացնելու ու հնչեցնելու հարթակից: Ամեն դեպքում այս մշուշոտ եթերային վերադասավորումը պարզաբանման (կամ ընդամենը փորձարարական մի քայլ ճանաչվելու) կարիք ունի: