Հունվարի 10-29-ը Հայաստանի Վանաձոր, Գյումրի եւ Իջեւան քաղաքներում «Խոսելով միմյանց հետ. անձնական հիշողություններ անցյալի մասին» խորագիրը կրող շրջիկ ցուցահանդես է ներկայացվում, որում զետեղված են Հայաստանի եւ Թուրքիայի տարածքում հավաքագրված Ցեղասպանության հուշը կրող պատմությունները: Այդ բանավոր հետազոտությունները կատարել են Գերմանիայի ժողովրդական դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտը, թուրքական «Անադոլու քուլտուր» կազմակերպությունը, «Հազարաշեն» Ազգաբանական հետազոտությունների կենտրոնը (ղեկավար Հրանուշ Խառատյան) եւ Հայ դերասանների միությունը (ղեկավար Արթուր Ղուկասյան): Հայ-թուրքական պատմության ցավոտ էջերը իրենց փաստագրումն են ստացել ոչ միայն ցուցահանդեսի, այլեւ` «Խոսելով միմյանց հետ» գրքի մեջ: Բոլոր միջոցառումները ներկայացվում են զուգահեռաբար Հայաստանում եւ Թուրքիայում, ցուցահանդեսի համադրողական խումբը նույնպես համալրված է երկու ազգերի կուրատորներից: Հունվարի 29-ին այդ նախագիծը կցուցադրվի Երեւանում` Նկարիչների տան շենքում` ներկայացնելով հանրությանը պատմության նորօրյա ընկալումները: