Ռուս դերասանները եւ Վիգեն Մնոյանը

25/01/2011

Աշխարհահռչակ ալտահար ու դիրիժոր, «Գրեմմիի» մրցանակակիր Յուրի Բաշմետի դուստր` երաժիշտ Քսենյա Բաշմետը Հայաստանում գտնվելու ընթացքում ծանոթացել էր լուսանկարիչ Վիգեն Մնոյանի աշխատանքներին` այցելելով լուսանկարչի կազմակերպած ցուցահանդեսին: Այդ ծանոթությունը որոշ ժամանակ անց իր շարունակությունն ունեցավ: Քսենյա Բաշմետը Մոսկվայում նկարների ցուցասրահ` գալերեա ունի, որտեղ գեղարվեստի ցուցահանդես-վաճառքներ են կազմակերպվում: Անցյալ տարվա ամռանը Քսենյա Բաշմետը Վիգենին առաջարկել է իր բնապատկերների լուսանկարների ցուցահանդեսը կազմակերպել ցուցասրահում: Այսօր արդեն Մոսկվայի գլխավոր` Հին Արբատ փողոցում Վիգենն ունի իր լուսանկարչական ստուդիան, որտեղ նախատեսում է ռուսական կինոյի եւ թատրոնի դերասանների հետ բավական հետաքրքիր մի նախագիծ իրականացնել: Խոսքը սեւ-սպիտակ լուսանկարների շարքի ստեղծման մասին է: Վիգենն այս կապակցությամբ նշեց, որ Ռուսաստանում շատ բարդ է նման մեծամասշտաբ նախագծեր իրականացնելը, քանի որ այնտեղ լուսանկարչական արվեստը շատ բարձր մակարդակի վրա է դրված, եւ մրցակցությունը մեծ է: