Անցյալ տարի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն երգչուհի» մրցանակին արժանանալով` Լիլիթ Հովհաննիսյանն անկեղծորեն խոստովանեց, որ չի հասկանում, թե մրցանակն ինչո՞ւ են հենց իրեն հանձնել: Նա կարծում էր, որ գոնե այդ պահին ինքն արժանի չէ այդ մրցանակին, քանի որ քիչ է աշխատել: Սակայն ինքն իրեն եւ շատերին ապացուցելու համար, որ կարող է ավելին եւ արժանի է «լավագույնը» համարվելու կոչմանը, սկսեց իրար հետեւից երգեր ձայնագրել եւ տեսահոլովակներ թողարկել: Ավելին, տեսահոլովակներն այնպիսի արագությամբ էին նկարահանվում, որ երբեմն չէին հասցնում հայտնվել եթերում: Այդպես պատահեց նաեւ «Ոչ, ոչ» տեսահոլովակի դեպքում: Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի կողմից անցյալ տարի նկարահանված տեսահոլովակը եթեր դուրս կգա միայն փետրվար ամսին: «Քանի որ անցյալ տարի, իմ կատարումներից բացի, զուգերգեր եւս ունեցա, այդ իսկ պատճառով իրար հետեւից տեսահոլովակներ նկարահանվեցին, եւ բոլորը միանգամից եթեր թողարկելը սխալ կլիներ»,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհին: