Հայաստանի Ազգային կինոկենտրոնում մեր փոքրիկների համար եւս մի մուլտֆիլմ մոտենում է իր ստեղծման ավարտին: Մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը շուտով ավարտին կհասցնի «Վիշապագորգի գաղտնիքը» մուլտֆիլմի երրորդ մասը: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց «Չոկկոն», «Տարաշխարհիկները», «Պատերազմ» մուլտֆիլմերի ռեժիսոր Գ. Մարտիրոսյանը: «Վիշապագորգի» նախորդ երկու մասերը ցուցադրվել են անցյալ տարի կայացած «Կինոաշունի» շրջանակներում` նվիրված մուլտիպլիկատորի 60-ամյակին: Երեխաների ջերմ ընդունելությունը մուլտիպլիկատորի համար ամենաբարձր գնահատականն է: «Երեխան ամենաանկեղծ եւ միեւնույն ժամանակ ամենախիստ հանդիսատեսն է: Երբ կինոէկրանին ցուցադրվում էր «Վիշապագորգի գաղտնիքը», ես, էկրանին նայելու փոխարեն, ուշադրությամբ հետեւում էի երեխաների ռեակցիային: Եվ որպես ռեժիսոր՝ գերագույն հաճույք էի ստանում` տեսնելով, թե ինչպես են երեխաները վերապրում մուլտֆիլմի հերոսների հետ` զարմանում, տխրում եւ ուրախանում, մտովի մասնակցում վիշապիկի արկածներին»,- նշեց Գ.Մարտիրոսյանը` տեղեկացնելով, որ ՀՀ մշակույթի նախարարությունից արդեն իսկ ստացել է «Վիշապագորգի գաղտնիքը» մուլտֆիլմի չորրորդ մասը նկարահանելու պատվերը: «Վիշապագորգի» առաջին մասը պատմում է Վիշապիկի մասին, ով ծնվել է ոչ իր ժամանակահատվածում: Նա չգիտի, թե ով է ինքը, որտեղից է հայտնվել, եւ չկա մեկը, ով կարող է պատասխանել վիշապիկի «ո՞վ եմ ես» հարցին: Այնուհետեւ նա ծանոթանում է մի աղջկա հետ, ով նրան վիշապագորգ է ցույց տալիս, որ վիշապիկը գոնե պատկերացում կազմի, թե ով է ինքը: Այսպես սկսվում են վիշապիկի արկածները: Մուլտֆիլմի յուրաքանչյուր մաս ռեժիսոր Գ. Մարտիրոսյանը հարստացնում է նոր հերոսներով եւ արկածներով: Նա հույս ունի, որ ֆիլմի երրորդ մասը եւս պրեմիերա կունենա, որի մասին նա խոստացավ նախօրոք տեղեկացնել մեր թերթի ընթերցողներին:
Հ.Գ. Ինչպես գիտենք, Հայաստանի Ազգային կինոկենտրոնը 2006 թվականից հայկական մուլտֆիլմեր է նկարահանում: Ազգային Կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքով` յուրաքանչյուր տարի կենտրոնը նկարահանում է հինգ մուլտֆիլմ: Ստացվում է, որ մեր երեխաներն արդեն իսկ քսան պատրաստի մուլտֆիլմ ունեն դիտելու: «Իսկ որտե՞ղ են այդ ֆիլմերը»` կհարցնեն շատերը: Գ. Գեւորգյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեխաներն այսուհետ ավելի հաճախ կկարողանան դիտել հայկական մուլտֆիլմեր, քանի որ շուտով նոր պայմանագրեր են կնքվելու նոր հեռուստաընկերությունների հետ: «Հանրային Հեռուստաընկերությունը հունվարի 1-ից պարբերաբար ցուցադրում է հայկական մուլտֆիլմերը»,- ասաց Գ.Գեւորգյանը: