Ամանորյա դժգոհություն ԲՀԿ-ից

22/01/2011

Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անցած տարեվերջին ամանորյա հավաքի ժամանակ հայտարարել է, թե անթույլատրելի է, որ «որոշ» կուսակցությունների ղեկավարներ իրենց նախարարներին, նախարարական լիազորություններից դուրս, նաեւ այլ պահանջներ են ներկայացնում: Գաղտնիք չէ, որ կուսակցություններն իրենց նախարարների առաջ պահանջ են դնում պաշտոնավարման տարիներին աշխատել նաեւ իրենց քաղաքական ուժի համար: Այսինքն՝ նախարարության աշխատողներին ստիպել անդամագրվել իրենց կուսակցությանը, կամ նրանց ազատել ու փոխարենն ընդունել իրենց թիմակիցներին: Ընտրությունների ժամանակ էլ նրանք պետք է իրենց կողմից համակարգվող ոլորտներից ձայներ հավաքագրեն իրենց կուսակցության օգտին: Ու քանի որ հաջորդ տարի տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, Ս.Սարգսյանը փորձում է նախարարներին հնարավորինս հետ պահել այդ գործընթացից: Որոշ նախարարների փոխանցմամբ՝ այդ «մեսիջն» ուղղված էր հիմնականում ԲՀԿ-ին ու այդ կուսակցության նախարարներին, որովհետեւ Ս.Սարգսյանը հենց նրանց առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ունի լարված հարաբերություններ: Կոալիցիոն մյուս կուսակցությունը` ՕԵԿ-ը, այս առումով որեւէ խնդիր չի առաջացնում եւ ամբողջապես գտնվում է Ս.Սարգսյանի ենթակայության ներքո: Ս.Սարգսյանը նաեւ ակնարկել է, թե նախարարներին թույլ չի տա կուսակցական գործունեություն ծավալել իրենց ղեկավարած գերատեսչությունում, իսկ Գ.Ծառուկյանին էլ ակնարկել է, որ հակառակ դեպքում ընտրությունների նախաշեմին այլ մեթոդներով նախարարներին կստիպի չաշխատել ԲՀԿ-ի համար: